Ինքնատիպ համերգաշարեր Հայաստանում

aravot.am-ը գրում է՝

«Դելլալյան» տրիոն ինքնատիպ համերգաշար է սկսել Հայաստանում: «Առավոտի» հետ զրույցում երաժիշտները հայտնեցին, որ անիմաստ է համերգները նվիրել այս կամ այն ամսաթվին ու պաթոսախեղդ անել, ինչպես դա պատահել է Ցեղասպանության 100-րդ տարելիցի կամ Անկախության 25-ամյակի պարագայում: «Պետք չէ գաղափարներն էժանացնել, մենք ուղղակի եկել ենք մատուցելու երաժշտություն, մեր զգացմունքները, արվեստը, ինչի համար երջանիկ ենք»,- ասաց Մարինա Դելլալյանը:

Նարինե Դելլալյանն էլ շարունակելով քրոջ միտքը՝ ասաց. «Հոբելյաններ ու ամսաթվեր նշելու համար մարդ նախ՝ պետք է ի սրտե երջանիկ եւ ուրախ լինի: Ցավոք, մենք այնքա՜ն խնդիրներ ունենք, որ ամյակների նշումով չէ, որ պետք է լուծվեն: Ընդհակառակը՝ այդ ամյակներն ինձ ավելի շատ մտորելու առիթ են տալիս, հատկապես, թե ինչ ենք արել Անկախության 25 տարում: Մեր՝ Հայաստանում լինելու առիթը պարզապես մեր ամենօրյա սերն է, որ տածում ենք մեր հայրենիքի ու ժողովրդի հանդեպ:

Եթե պետք է ինչ-որ մեկին նվիրել այդ համերգը, ուրեմն ես նվիրում եմ բոլոր ազատամարտիկներին, որոնք 25 տարի առաջ զոհվեցին, նրանց, որոնք այսօր էլ պայքարում են մեր երկրի վիճակը լավացնելու համար: Մեր ազգը փառահեղ ազգ է, բավական է վրայից «մաքրել» աղբը, որ լցվել է 25 տարիների ընթացքում, ու ինքն ադամանդի պես կփայլի»:

Տարածել`
Share

You may also like...