Ինչպե՞ս է վերաբերվում Դավիթ Մինասյանն Արամ Մանուկյանի իր քանդակի էսքիզի շուրջ եղած բուռն քննարկումներն

Aravot.am-ը քանդակագործ Դավիթ Մինասյանից հետաքրքրվեց` ինչպե՞ս է վերաբերվում Արամ Մանուկյանի իր քանդակի էսքիզի շուրջ եղած բուռն քննարկումներին, որոնք հատկապես սոցցանցերում են ծավալվել:

«Չգիտեմ ինչը կարող է դուր չգալ մարդկանց, բայց եթե աշխատանքը, որը էսքիզի փուլում է, կիսատ է, բայց հրապարակել ու քննարկվել է, չեմ ուզում մեկնաբանել: Ժամանակը կգա, կհանդիպեմ, կզրուցեմ բոլոր նրանց հետ, ովքեր ցանկություն կունենան, սոցցանցում ես չեմ ուզում ոչինչ քննարկել, որովհետեւ քննարկումը ճիշտ չէ, երբ արվում է Ֆեյսբուքում` առանց մարդու դեմքին նայելու»,-ասաց նա:

Ապա հավելեց.

«Քննարկումների մեջ վատ բան չեմ տեսնում, ուղղակի առայժմ լուրջ մասնագիտական քննադատություն, ադեկվատ վերլուծություն շատ քիչ եմ տեսել: Ժամանակը կգա՝ կքննարկենք, բայց ոչ Ֆեյսբուքում, այլ ուրիշ դաշտում, դա կարող է լինել արվեստանոցը, որեւէ ակումբ և այլն»: 

Դավիթ Մինասյանին նաև հարցրինք` արվեստի մարդկանցից ո՞վ է դրական արտահայտվել կամ քննադատական կարծիք հայտնել էսքիզի վերաբերյալ:

«Շատ կարծիքներ եմ լսել: Ինչպե՞ս կարող էի լուրջ աշխատանքի մրցույթի մասնակցել առանց արվեստագետների գնահատականների, առանց ադեկվատ, նորմալ մարդկանց կարծիքները հաշվի առնելու: Շատ լավ ընկերների, կոլեգաների հետ քննարկումներ են եղել, բացասական կարծիքներ էլ են հնչել, դրական կարծիքներ էլ, լսել ու ամեն ինչ հաշվի եմ առնել: Իսկ այն, ինչ հիմա է կատարվում, որևէ դրական կամ բացասական էմոցիա չի առաջացնում ինձ մոտ, ես ընդամենն աշխատում եմ, ժամանակը կգա, բոլորի հարցերին կպատասխանեմ: Աղմուկն արհեստական է, մեկը մի բան գրել է, մյուսն ասել է` վայ, էս ինչ լավ թեմա է…Իմ ձեւակերպմամբ, սա աղմուկ է ոչնչից: Նույնիսկ քննարկում եղավ, թե իրավունք ունե՞ր ավագանու անդամը դա հրապարակել… Այո, եթե արվեստանոցից դուրս է եկել էսքիզը, գնացել է քաղաքապետարան, արդեն հանրայնացվել է: Բայց կարծում եմ, որ պետք է քաղաքապետարանի կառույցներում այնպես արվեր, որ եթե դա հրապարակվում էր, ամբողջական փաթեթը հրապարակվեր, որը մրցույթի ժամանակ լուրջ ձայների է արժանացել: Չէ՞ որ միայն տեսնելով չի աշխատանքի ընտրությունը»:

Դավիթ Մինասյանը Արամ Մանուկյանի` իր էսքիզի քննարկումների մասին. «Նորմալ եմ համարում, չեմ նյարդայնանում»

Քանդակագործն ասաց, որ չի ցանկանում մտնել անպտուղ բանավեճերի մեջ, քանի որ աշխատում է եւ ժամանակ չունի.

«Ժամանակը ցույց է տվել, որ բոլոր քննադատված գործերն էլ հետո հանրության հավանությանն են արժանացել: Այնպես որ, հիմա ժամանակը չէ այդ թեմայով խոսելու…Փետրվարի 13-ին ավագանու նիստով նոր պետք է ընդունվի, դեռ չի ընդունվել… Այնպես որ, կարիքը չկար նման քննարկումների»:

Նրա խոսքերով, «Ֆեյսբուքն էլ գործիք է, ինչպես մուրճը կամ մատիտը, և այդ գործիքը կարելի է ինչպես լավ, այնպես էլ վատ նպատակով կիրառել: Այս դեպքում…նորմալ եմ համարում, չեմ նյարդայնանում: Կուզենայի, որ դա լիներ ավելի լուրջ, պատկերավոր, տեղեկատվություն ունենալուց հետո»:

Դավիթ Մինասյանը նաև հավելեց, թե առանց տեղեկատվություն ունենալու, զուտ հույզերի հիման վրա չի կարող այս ամենն իր դեմ պատվեր որակել:

Հեղինակ` Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Աղբյուրը` aravot.am

Տարածել`
Share

You may also like...