Ինչու էր Նապոլեոնը նամակներ գրում

.aravot.am

Շուրջ երկու դար է անցել 1812թ. պատերազմից, բայց չեն դադարում ասեկոսեներն այն մասին, որ Սուրբ Հեղինե կղզում ապրել է ոչ թե Նապոլեոնը, այլ նրա նմանակը: Հիշեցնենք, որ հենց այստեղ է իր կյանքի վերջին օրերն ապրել Բոնապարտը, իսկ 1821թ. մայիսի 5-ին էլ վախճանվել: Ինչ վերաբերում է տարատեսակ շշուկներին, պատճառն այն է, որ Նապոլեոնը իր իշխանության տարիներին երկրով մեկ իր նմանակներին է փնտրել: Ասում են, որ կառավարման տարիներին Նապոլեոնը 4 նմանակ է ունեցել: Նրանք բոլորն էլ տարբեր ճակատագրեր են ունեցել, օրինակ՝ մեկն ընկել է ձիուց եւ հաշմվել, երկրորդը ինչ-ինչ պատճառներով խելագարվել է, երրորդը՝ «ծառայությունների» կատարման ժամանակ, այսինքն՝ կայսերը փոխարինելիս զոհվել է, իսկ չորրորդի կյանքն այլ կերպ է դասավորվել: Խոսքը Ֆրանսուա-Էժեն Ռոբոյի մասին է:

Պատերազմից հետո Ռոբոն տուն է վերադառնում՝ հարազատ Բալեյկուր գյուղ: Խաղաղ կյանքը շարունակվում է մինչեւ 1918թ.՝ մինչեւ նրա տան առաջ կասկածելի շքեղ կառքի հայտնվելը: Դրանից հետո Ֆրանսուա -Էժեն Ռոբոն եւ նրա քույրն անհետանում են: Տարիներ անց քույրը հայտնաբերվում է Նանտ քաղաքի մոտակայքում, որտեղ ապրում էր բարեկեցիկ կյանքով: Հետաքրքրասերների հարցին, թե որտեղից իրեն այդքան գումար, Ռոբոյի քույրն արդարանում էր, որ եղբորից է մնացել; Նապոլեոն Բոնապարտի՝ նմանակներ ունենալու փաստը պատմաբանների մոտ միշտ էլ կասկածներ է առաջացրել, որ Նապոլեոնը կարող էր փախուստի դիմել Սուրբ Հեղինե կղզուց, եւ այնտեղ իր փոխարեն ապրեր նմանակը: Թե չէ ինչե՞ս կարող էր Նապոլեոնը մոռանալ հայտնի փաստեր, ծանոթ պատմություններ, մինչդեռ իրական Նապոլեոնը հրաշալի հիշողություն ուներ: Ասում են, որ նա սկսել էր խառնել անգամ սեփական կենսագրական տվյալները, մերձավորների անունները, փոխվել էր ձեռագիրը, սկսել էր գիրանալ եւ Բոնապարտին ոչ վայել թափթփվածություն ցուցաբերել: Ասում են նաեւ, երբ 1918-19 թթ. Սուրբ Հեղինեից հերթով սկսեցին հեռանալ Նապոլեոնի մերձավորները, Իտալիայի Վերոնա քաղաքում նույն ժամանակաշրջանում հայտնվեց ազգությամբ ֆրանսիացի ոմն պարոն Ռեւար: Նա խանութ բացեց իր իտալացի գործընկեր Պետրուչիի հետ: Տեղացիները վկայում են, որ Ռեւարն առանձնապես հետաքրքրված չէր առեւտրով եւ ձախողումներին էլ հանգիստ էր վերաբերվում:

Վերոնայի բնակիչները նմանություններ էին տեսնում Ռեւարի եւ Նապոլեոն Բոնապարտի դիմագծերի միջեւ, դրա համար էլ նրան Կայսր մականունն էին տվել: Այդ մականունը լսելիս Ռեւարը միշտ քմծիծաղ էր տալիս: Մի քանի տարի անց Ռեւարը իր իտալացի գործընկերոջը հայտնում է, որ ստիպված է անակնկալ հեռանալ, նրան հանձնում է մի ծրար եւ պատվիրում՝ եթե երեք ամիս անց չվերադառնա, ծրարն անպայման հանձնի Ֆրանսիայի կայսերը: Պետրուչին հետագայում կարծիք է հայտնել, որ Ռեւարը նույն ինքը կայսրն էր: Ռեւարի անհետացումը կապվում է 1923 թ. Շենբրունյան պալատում կատարված իրադարձությունների հետ: Այդ թվականին մահացու հիվանդ էր Նապոլեոնի որդին, իսկ նրա մահճի մոտ հերթապահողը ստիպված էր կրակել այն տղամարդու վրա, որը փորձում էր ներս մտնել՝ տղայի սենյակ: Հետաքրքրական է այն հանգամանքը, որ կայսրուհի Մարիա-Լուիզան հրամայել էր անծանոթ տղամարդուն թաղել պալատի տարածքում: Այս փաստը պատմաբանները հաճախ են հիշատակում՝ Նապոլեոնի մի քանի նմանակ ունենալը եւ աքսորավայրից փախուստը դիտարկելիս: Իմիջիայլոց, Բալեյկուրի ծխական մատյանում մի ուշագրավ գրառում կա, որ վերաբերում է Բոնապարտի հնարավոր նմանակին. «Ֆրանսուա- Էժեն Ռոբոն ծնվել է 1771թ., մահացել է Սուրբ Հեղինե կղզում»:

Նապոլեոն Բոնապարտի կյանքը եւ գործունեությունը դարձել են 18-րդ դարի իսկական լեգենդ։ Նրան իրենց ստեղծագործություններում անդրադարձել են Բալզակը, Դյուման, Ստենդալը, Լերմոնտովը, Դոստոեւսկին, Տոլստոյը եւ այլն։ Նրա մասին ամենահայտնի գիրքը Էմանուել դը Լաս-Կասի «Սբ Հեղինեի հուշերն» է (Mռmorial de Sainte-HռlՌne), որը հեղինակը գրել է Նապոլեոնի թելադրանքով՝ ավելացնելով իր հիշողությունները:

Պատրաստեց ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed