Ինչու՞ 1921-ին Նժդեհը հաղթեց Սյունիքում

Պատմաբան և ֆեյսուքյան օգտատեր ՌուբենՇուխյանը գրել է.

«Ինչու՞ 1921-ին Նժդեհը հաղթեց Սյունիքում… Որովհետեւ Նժդեհը ընտրեց ճիշտ մարտավարություն եւ հույսը դրեց բացառապես միայն իր զինուժի վրա: Ստեղծելով կուռ եւ մարտունակ ազգային զինվորական կառույց՝ նա հաջողությամբ ետ մղեց թշնամու բոլոր հարձակումները՝ ոչ մի տեղից չսպասելով օգնության: Եւ ամենակարեւորը՝ նա ոչ մեկին չհավատաց ու չխաբվեց՝ թերեւս բացառիկ երեւույթ հայոց պատմության մեջ:
Ներկայացնենք հատվածներ Գարեգին Նժդեհի «Ռուսական 11-րդ Կարմիր բանակի հրամանատարներին» բաց նամակից. «Դուք էիք, որ խաբելով ավարի ու ավերածության մատնեցիք ըմբոստ ու ազատասեր Ղարաբաղը, Սյունիքն ու Վայոց Ձորը, սոցիալական քայքայումի հետ անաստվածորեն առաջ տարաք այդ լեռնաշխարհը լցնող ժողովրդի գլխատման գործը: Դուք էիք, որ արհամարհելով հեղափոխական էթիկայի ամենատարրական պահանջները` գիտակցելով դաշնակցեցիք Արևելքի գերազանցորեն ռեակցիոն, կուլտուրավեր, հայաջինջ ուժերի հետ եւ երեկվա հանրապետական Հայաստանը քեմալական դարձրիք…
Խոստացած դրախտի տեղ՝ դժոխք, հազար ու մի բարիքների փոխարեն` սով, սիֆիլիս, արյուն, արցունք, կոտորած բերիք հայ աշխատավորության համար: Ձեր ցանկությամբ տաճիկները մտան, սակայն ձեր հրամանով նրանք չպիտի հեռանան, և խոստովանենք, որ եթե քեմալիստները քաղաքական հնարավորություն ունենան շարժվելու դեպի Երևան, միայն թալանի մեջ մարզված և Ղարաբաղում կին ու երեխաներ կոտորելու գործում մասնագիտացած ձեր զորքերը չեն, որ պիտի պաշտպանեն ձեր ձեռքով գլխատված ու զինաթափ եղած հայ աշխատավորությանը…
Այդպես եկաք, խաբեցիք, թալանեցիք, ապստամբեցրիք ժողովրդին և պարտվեցիք: Դուք պարտվեցիք, որովհետև պետք է պարտվեիք, որովհետև դա պատմության վճիռն է, որովհետև մարդկությունն է այդպես ցանկանում: Դուք պարտվեցիք, որովհետև բարոյապես պարտված եք եղել ձեր, հենց ձեր քանդված ու գլխատված բուն հայրենիքում` Ռուսաստանում, որովհետև ձեր ամեն մի քայլը, ամեն մի գործը՝ բարոյական մի պարտություն է, էթիկական մի անձնասպանություն…» (24.02.1921, Գորիս)»:

Տարածել`
Share

You may also like...