Ինչո՞ւ Մալյանը չնկարահանեց «ԿՈՄԻՏԱՍ»-Ը

Հայտնի է, որ ութսունականների կեսերին Հենրիկ Մալյանը պատրաստվում էր նկարահանել «Կոմիտաս» ֆիլմը: Արված էր հսկայական ծավալի նախապատրաստական աշխատանք, ձևավորված էր նկարահանող խումբը, նույնիսկ զգեստներն էին պատվիրված, որից հետագայում օգտվեցին շատ-շատերը և այլն, սակայն Մալյանը «Կոմիտաս»-ը չնկարահանեց:

Ինչո՞ւ:

Թվում է, թե ժամանակին, իր կենդանության օրոք Մալյանը սպառիչ պատասխանել է այս հարցին, ասելով. «Ավելի լավ է ինձ ասեն, թե ինչու չնկարահանեցի «Կոմիտաս»-ը, քան թե հարցնեն ինչու նկարահանեցիր «Կոմիտաս»-ը»: Բայց միայն թվում է: Իմ խորին համոզմամբ, նուրբ ու խորաթափանց Մալյանն այս ձևակերպմամբ իրականում գաղտնագրել է «Կոմիտաս»-ը չնկարահանելու իրական պատճառները, ավելի շատ բացահայտում է արել՝ թաքցնելով և ավելի շատ թաքցրել՝ բացահայտելով:

Համոզված էի, որ Մալյանի այս պատասխանում կան տողատակեր, չասված խոսքեր, ծածկագրված ասելիքներ, հղումներ: Համոզված էի և երկար ժամանակ փորձում էի գնալ դեպի ճշմարտությունը:

Եվ ահա իմ հանդիպումը Մալյանի «Կոմիտաս» ֆիլմի ստեղծագործական խմբի անդամ, ֆիլմի երկրորդ ռեժիսորներից Հրանտ Հակոբյանի հետ, «Կոմիտաս» ֆիլմի ռեժիսորական սցենարի հայտնաբերումը Հրանտ Հակոբյանի արխիվում, և այն ծայրեծայր ընթերցելու եզակի հնարավորություն ունենալը (որի համար շնորհակալ եմ կինոռեժիսորին) դարձան այն բանալիները, որոնցով, գոնե ինձ համար, ապակոդավորվեց «Կոմիտաս»-ը չնկարահանելու Մալյանի «արդարացումը» և ճշմարտությունը դարձավ ավելի քան ակնդետ:

Մինչ կգամ կինոռեժիսոր Հրանտ Հակոբյանի հետ իմ շատ երկար տևած զրույցից որոշ մանրամասների, իմ զրույցին Մալյանի դստեր՝ ռեժիսոր Նարինե Մալյանի հետ, և ամենակարևորը՝ բացառիկ մի քանի դրվագների «Կոմիտաս» ֆիլմի ռեժիսորական սցենարից, գնամ դեպի սկիզբ:

ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԸ

Հայտնի է, որ պաշտոնավարման տարիներին Կարեն Դեմիրճյանն իր ձեռագիր օրագրերում մանրամասնորեն արձանագրել է օրվա անցուդարձը, արել է շատ խոսուն գրառումներ, թողել է իր զգացողություններն ու տպավորությունները:

Եվ ահա ութսունականներին վերաբերող էջերում կարդում եմ Դեմիրճյանի երկու գրություն «Կոմիտաս»-ի թեմայով, որոնց իսկությունը հավաստում է նաև Հրանտ Հակոբյանը: Անշուշտ, անսպասելի էր, որ ութսունականների սկզբի «իդիլիայում» կուսակցական գերհզոր առաջնորդն անդրադառնում է «Կոմիտաս»-ին:

Առաջին գրառումը՝ 24.08.82 թ.

«Ընդունեցի Հ. Մալյանին: Շնորհավորեցի: (ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման շնորհման կապակցությամբ): Խոսեցինք «Կոմիտաս» ֆիլմի, սցենարի, նկարահանումների մասին, որոնց նա ձեռնամուխ էր եղել: Ես խնդրեցի Կոմիտասին ներկայացնել մասշտաբայնորեն, ընդգծել նրա քաղաքացիական սխրանքը, հայրենասիրությունը և մարդասիրությունը (հումանիզմ, ինտերնացիոնալիզմ): Հեռանալ, հնարավորինս, Ցեղասպանության ընդգծված սինդրոմից:

Երկրորդ գրառումը՝ 25.04.86 թ.

«Հենրիկ Մալյան, Ս. Իսրայելյան.

«Կոմիտաս» ֆիլմի նկարահանումներից հրաժարում: Արցունքոտվեց: Իմ կարծիքով դեպրեսիայի մեջ է: (Ներկա էր Ռ. Արզումանյանը)»:

Ի՞նչ են ասում Դեմիրճյանի այս երկու գրառումները:

82 թվականին կուսակցական առաջնորդը կինոռեժիսորին հորդորում է (իսկ Դեմիրճյանի հորդորը գրեթե հանձնարարական էր) «Հեռանալ, հնարավորինս, Ցեղասպանության ընդգծված սինդրոմից»:

Պետք է ենթադրել, որ Կարեն Դեմիրճյանը մի կողմից ցանկացել է զերծ մնալ «Ցեղասպանության սինդրոմով» ստեղծված ֆիլմի սպասվելիք գլխացավանքներից, թեև Ցեղասպանության թեմայի չափավոր, մոսկվայահաճո արծարծումը միշտ էլ «տեղավորվել» է Մոսկվայի հայաստանյան քաղաքականության դոկտրինում:

Մյուս կողմից՝ լինելով արվեստի, մշակույթի, պատմության գիտակ, Կարեն Դեմիրճյանը ցանկացել է օգտվել «Ցեղասպանության ընդգծված սինդրոմից» խուսափելու քաղաքական պատրվակից և Կոմիտասին «մաքրել» սովետական պրոպագանդիստական կաղապարներից, նրան դուրս դնել այդ կաղապարներով ստեղծված «արվեստի գործերից», որովհետև գաղտնիք չէ, որ այդ կաղապարների պարտադրանքով էր ձևավորվել Կոմիտասի կերպարը. թեև Բեռլինը նվաճած, բայց կորցրած հայրենիքի տեսիլքներից, ձայներից, աղմուկներից մթագնած սև սքեմավոր վարդապետ՝ Եղեռնի ահասարսուռ պատկերներից հոգեպես խանգարված, խելագարված, սառած, անկենդան հայացքով, ճգնավորի կյանքով ապրող մարտիրոս, նահատակ, ում միայն «Ղողանջ Մթագնումի»-ներ էր հարիր ձոնել…

Միջին վիճակագրական հային ծանոթ չէր իրականում Էջմիածնի կողմից հալածված, սքեմավոր հոգևորականների կողմից հոգևոր կտտանքների ենթարկված, սակայն ըմբոստ, վճռական, պայքարող, կատակասեր, ընկերասեր, մեծ մարդասեր Կոմիտասը: Կոմիտասը, որը նաև սեր ուներ, մեծ սեր, ոչ երևակայական, այլ իրական սեր, գուցե՝ սերեր ու կարող էր գնալ իր սիրո ետևից: Ու ինչպե՞ս կարող է մարդը սեր չունենալ, չսիրել, այն էլ այդպիսի երաժշտություն արարած մարդը…

Իսկ կուսակցական ղեկավարը Մալյանին հորդորում է. «…Կոմիտասին ներկայացնել մասշտաբայնորեն, ընդգծել նրա քաղաքացիական սխրանքը, հայրենասիրությունը և մարդասիրությունը (հումանիզմ, ինտերնացիոնալիզմ): Հեռանալ, հնարավորինս, Ցեղասպանության ընդգծված սինդրոմից…»:

Սակայն եթե այդպես է, ինչո՞ւ է չորս տարի անց Կարեն Դեմիրճյանը հանդուրժում Մալյանի հրաժարումը Կոմիտասից: Արդյոք զուտ մարդասիրությունի՞ց: Արդյոք հարգելով Մալյանի «դեպրեսիա՞ն».

«Երկրորդ գրառումը՝ 25.04.86 թ. Հենրիկ Մալյան, Ս. Իսրայելյան. «Կոմիտաս» ֆիլմի նկարահանումներից հրաժարում: Արցունքոտվեց: Իմ կարծիքով դեպրեսիայի մեջ է…»:

Այստեղ ակամայից որոշ «բացահայտումներ» է անում նաև Դեմիրճյանի այրին՝ Ռիմա Դեմիրճյանը…

ՌԻՄԱ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ

«…Երբ ֆիլմի սցենարը Մոսկվայում մերժեցին, նա անձամբ զբաղվեց այդ գործով և կարողացավ հասնել նրան, որ սցենարը հաստատվեց և ընդգրկվեց պլանի մեջ: Եվ հանկարծ ֆիլմի աշխատանքները կանգ առան…

Մալյանը շատ էր հուզվում, ապրումներ ունենում, կորցրել էր հանգիստը, սակայն ոչինչ չէր կարողանում անել՝ աշխատանքը առաջ չէր գնում: Ֆիլմի ստեղծողները գնացին Դեմիրճյանի մոտ: Հենրիկը խոսում էր կցկտուր, խառնաշփոթ, չէր կարողանում հաստակ բացատրություն տալ, աչքերում արցունքներ կային: Ստեղծված իրադրությունը Կարենի համար մեծ հարված էր (Մոսկվայում ֆիլմի համար համաձայնություն ստանալը բոլորովին էլ հեշտ չէր: Այն ժամանակների համեմատ հսկայական գումար էր ծախսվել՝ 40. 000 ռուբլի, ռեկվիզիտները և հագուստները արդեն պատրաստ էին, ընտրվել էր գլխավոր դերակատարը (Սոս Սարգսյան), ձեռք էին բերվել այն ժամանակվա լավագույն «Կոդակ» ժապավենները, բայց հասկանում էր՝ ռեժիսորը շփոթված է, ապրում էր ստեղծագործական ծանր ճգնաժամ՝ կապված շատ պատասխանատու լուծման հետ:

Այդ պատճառով էլ նա Մալյանի նկատմամբ խիստ զգայուն մոտեցում դրսևորեց: Կշտամբանքի ոչ մի խոսք չասվեց, ընդհակառակը, հանգստացրեց ռեժիսորին՝ «հետաձգեք ֆիլմը մինչև ավելի լավ ժամանակներ»: Իսկ ծախսված գումարի մասին էլ խնդրում էր չանհանգստանալ, վերցնում էր իր վրա:

Ֆիլմի ստեղծման ձախողումը Կարենը բացատրում էր հիմնականում նրանով, որ Մալյանը նաև սցենարի հեղինակն էր: Կարենը առաջարկում էր Մոսկվայից հրավիրել ցանկացած սցենարիստի, խոստանալով վճարել, նախազգուշացնում էր, ինչպես ցույց է տալիս փորձը, որ սեփական սցենարով ֆիլմ ստեղծելը միշտ չէ, որ դրական արդյունք է տալիս: Սակայն Մալյանը համառորեն ցանկանում էր ամեն ինչ ինքն անել և աշխատեց սցենարի վրա մի քանի տարի…»: (ընդգծումները՝ մերն են):

Ռիմա Դեմիրճյանի հուշագրությունում թեև կարևոր են բոլոր դրվագները, բայց հիմնական «բացահայտումը», իմ համոզմամբ, վերջին պարբերությունում է. «…Ֆիլմի ստեղծման ձախողումը Կարենը բացատրում էր հիմնականում նրանով, որ Մալյանը նաև սցենարի հեղինակն էր: Կարենը առաջարկում էր Մոսկվայից հրավիրել ցանկացած սցենարիստի, խոստանալով վճարել, նախազգուշացնում էր, ինչպես ցույց է տալիս փորձը, որ սեփական սցենարով ֆիլմ ստեղծելը միշտ չէ, որ դրական արդյունք է տալիս: Սակայն Մալյանը համառորեն ցանկանում էր ամեն ինչ ինքն անել և աշխատեց սցենարի վրա մի քանի տարի…»:

Ինչո՞ւ էր Դեմիրճյանն առաջարկում սցենարիստ հրավիրել Մոսկվայից, Մալյանին համոզել՝ հրաժարվել սցենարի հեղինակ լինելուց…

Գաղտնիք չէ, որ  սովետական ռեժիմի տարիներին հայաստանյան միջակություններն ու ստեղծագործական վերնախավի ազդեցիկ ներկայացուցիչները Մոսկվայի շահագործումով ավելի էին հարվածում միշտ խոցելի վառ անհատականություններին, մեծերին, հանճարներին, քան ինքը՝ Մոսկվան և գաղտնիք չէ, որ մեր մեծերից շատ-շատերը փրկվել են Հայաստանից Մոսկվա փախուստով և Մոսկվայի հովանավորությունը ձեռք բերելով: Իսկ կենտկոմների նույնիսկ հզոր քարտուղարները միշտ չէ, որ կարողացել են ազատվել իրենց իսկ ձեռքով ազդեցիկ դարձած միջակությունների կապանքներից, որովհետև նրանք կարող էին գրել…Մոսկվա:

«ԿՈՄԻՏԱՍ» ՖԻԼՄԻ ԵՐԿՐՈՐԴ ՌԵԺԻՍՈՐՆԵՐԻՑ՝ ՀՐԱՆՏ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՀԵՏ ԶՐՈՒՅՑԻՑ

«Ասեմ, որ սկզբից ևեթ Վարպետը շատ մեծ ուշադրություն էր դարձնում ֆիլմի կառուցողական ոճին: Նրան շատ հետաքրքրում էին նույնիսկ ամենատարրական դրվագները՝ սկսած որևէ հագուստի կոճակից, վերջացրած՝ ուսադիրներով և այլն: Նա այնքան մանրակրկտորեն էր մտել այդ աշխատանքի մեջ, որ մենք նույնիսկ զարմանում էինք: Զարմանում էինք, քանի որ, մեր կարծիքով, գլխավոր գործը թողած՝ դերակատարներին դեռ չընտրած և այլն, նա շատ ավելի ուրիշ գործով էր զբաղվում: Բայց, հիմա հասկանում եմ, որ դա իր համար հանգստանալու, ցրվելու, մտածելու միջոց էր:

Նա շատ լարված էր:

Երևի առաջին դեպքն էր, որ ռեժիսորը սցենարը ներկայացնում էր տարբեր ստեղծագործական միությունների՝ կարդալու, ծանոթանալու և քննարկումներ անելու: Մալյանը ներկայացրել էր: Մենք, իհարկե, չէինք մասնակցում այդ քննարկումներին, բայցտեղեկացանք, որ ստեղծագործական միություններում դիտողություններ և լուրջ առարկություններ ունեն: Այդ իմաստով մենք մի քիչ հուսահատվեցինք, գոնե ես, ինձ հուսահատված զգացի: Նա էլ, կարծում եմ: Ճիշտ է, նա շատ բան չէր ասում, ցույց չէր տալիս, պահում էր իր ներսում, բայց բավական էր նայել նրա դեմքին և կտեսնեիր, որ մտորումների, երկընտրանքների մեջ է:

Վարպետը շատ թռուցիկ էր կիսվում մեզ հետ այդ հարցերով: Նույնիսկ խոսքերը շատ թռուցիկ էին: Երբեմն անգամ խոսքի տրամաբանական շարունակությունները կորում էին: Կարող էր մի բան ասել, հետո անմիջապես մեկ ուրիշ բանի մասին խոսել: Բայց որոշ բաների շուրջ կիսվում էր:

Ասում էր, ախր շա՜տ կատակասեր է եղել Կոմիտասը, շա՜տ կատակասեր է եղել, ախր սցենարում ես այդքան չեմ արել: Երեխաների հետ սիրել է կատակներ անել: Կոմիտասը նրա համար եկեղեցու սուրբ չէր, ռեալ մարդ էր:

Շատ հետաքրքիր մի փաստի մասին: Նա հանձնարարում էր, որ ես շատ խորը փորփրեմ Կոմիտասի հետ կապված արխիվային նյութերրը տարբեր պահոցներում: Ասում էր՝ ես գիտեմ, որ նա մեծ սեր է ունեցել Գերմանիայում, կուզեի դրա մասին իմանալ:

Ես, իհարկե, որոշակի նյութեր այդ իմաստով հայտնաբերեցի: Գտել էի մի կնոջ լուսանկարներ, որոնց վրա գերմաներենով գրվածքներ կային: Նրան, իհարկե, ասացի այդ մասին: Այդ լուսանկարները թանգարանից, ինչ խոսք, դուրս հանել թույլ չէին տալիս, բայց կարողացանք մի քանիսն արտատպել, ունենալ այդ մակագրությունների թարգմանությունները: Զգացմունքային առումով շատ ցցուն չէին այդ գրությունները, չէիր կարող ամբողջական պատկերացում ունենալ կամ պնդել որևէ բան, բայց գերմանուհի այդ կինը, համենայնդեպս, անտարբեր չէր Կոմիտասի նկատմամբ:    

Համոզված եմ, որ ֆիլմը չնկարահանելու հիմնական պատճառը սցենարի հետ էր կապված, սցենարի պատմությունն էր: Սցենարի հետ կապված նա ստեղծագործական միություններից, հատկապես գրողների միությունից դրական կարծիքներ քիչ ուներ: Կամ՝ չուներ»:

Ընդհատենք Հրանտ Հակոբյանի հետ զրույցը և ներկայացնենք մի հատված Մալյանի դստեր՝ Նարինե Մալյանի հետ զրույցից:

ՆԱՐԻՆԵ ՄԱԼՅԱՆԻ ՀԵՏ ԶՐՈՒՅՑԻՑ

«Մալյանը շատ փակ էր այդ թեմայի հետ կապված: Կարծում եմ, որ ցավով էր ընդունում յուրաքանչյուր ոչ կոնստրուկտիվ քննադատություն՝ թե ինչո՞ւ Կոմիտաս, ինչո՞ւ մեզ հետ չի խորհրդակցել և այլն: Գիտեմ, որ գրողների միությունում է այդպիսի մի բան եղել՝ Վարդգես Պետրոսյանի գլխավորությամբ: Շատ ցավով էր ընդունում: Ընդունում էր որպես հարված թիկունքից:

Նա այն մարդն էր, որ ցանկացած կոնտրուկտիվ առաջարկ կընդուներ, երջանիկ կլիներ, որ իրեն օգնեին, ոչ թե քննադատեին ու ասեին, թե ինչո՞ւ է ինքը «Կոմիտաս» նկարահանում:

Սցենարի բազմաթիվ տարբերակներ կան, գրառումներ՝ անթիվ, անհամար: Կա նաև սցենարի տարբերակ, որը Մոսկվայի համար էր արված: Գիտեք, հավանաբար, որ սցենարը գրվում էր Մոսկվայի համար և ինչ-խոսք, ֆիլմն այդ սցենարի հետ կապ չէր ունենա, եթե նկարահանվեր: Մալյանին, օրինակ, ասել էին, որ խաչ չպետք է երևա կադրում, բայց ինչպե՞ս կարող էր չերևալ խաչը վարդապետի մոտ և այլն:

«Կոմիտաս» նկարահանելն իր կյանքի երազանքն էր: Նա ամենայն պատասխանատվությամբ էր վերաբերվում այդ նյութին, անում էր ոչ թե սեփական փառքի համար, նա ուներ այդ փառքը, այլ ուզում էր անել մի գործ, որը պետք է  գեղեցիկ նվեր լիներ և Կոմիտասին և մեր ժողովրդին: Նա իրեն էլ էր ուզում նվեր անել: Ինձ այդպես էր թվում: Երբ կարդում եմ նրա գրառումները, հետևում եմ նրա մտքի ընթացքին, կարծում եմ, որ «Կոմիտաս»-ը լինելու էր Մալյանի ամենալավ ֆիլմը: Բայց՝ չեղավ: Նրա հիվանդությունն ու թուլությունն էլ, կարծում եմ, դրանից սկսվեց:

Սխալ մեկնաբանվեց նաև հրաժարվելը նյութից: Բազմաթիվ խոսակցություններ կան, վարկածներ, որ շրջանառվում են: Բայց ամենալավն ինքն է ասել. «Ավելի լավ է ինձ ասեն, թե ինչու չնկարահանեցի «Կոմիտաս»-ը, քան թե հարցնեն ինչու նկարահանեցիր «Կոմիտաս»-ը»: 

Արդյոք Մալյանը կարո՞ղ էր փրկել «Կոմիտաս»-ը, եթե այն դուրս բերեր հայաստանյան ստեղծագործական վերնախավի ու միջակությունների ճիրաններից, ինչպես ժամանակին այդ կերպ փրկվեցին Հրանտ Մաթևոսյանի գործերը, ինչպես փրկվել են շատ այլ ստեղծագործություններ ու անհատներ, ընդուներ Մոսկվայից ցանկացած սցենարիստ հրավիրելու Դեմիրճյանի առաջարկը, քանի որ, ինչպես արդեն ասացի, Մոսկվայի շահագործումով «մերոնք» ավելի էին հարվածում միշտ խոցելի վառ անհատականություններին, մեծերին, հանճարներին, քան ինքը՝ Մոսկվան:

Արդյոք Դեմիրճյանը Մոսկվային ընդգրկելո՞վ էր ցանկանում դուրս գալ իր ձեռամբ ամենահզոր դարձած գրողների միության ու նրա նախագահի՝ Վարդգես Պետրոսյանի «հետապնդումից»: Արդյոք Մալյանը, բացի այն հզոր պատասխանատվությունից, որ ուներ՝ կերտելու Կոմիտասի իրական կերպարը, գիտակցո՞ւմ էր, որ «մերոնքական» անվրեպ խարդավանքները, միջին վիճակագրական հայի համար «նոր» Կոմիտասը շատ թանկ են արժենալու: Իսկ գուցե արժեցա՞ն: Մալյանը չէր կարող չիմանալ, թե ինչ արժեցավ նոր «Պեպո»-ն Խորեն Աբրահամյանի համար և այլն:

Կան անհատների վկայություններ, որ նույնիսկ Սոս Սարգսյանի պարագայում, ում Մալյանն ուզեցել է նկարահանել կյանքի վերջին տարիներն ապրող Կոմիտասի դերում և հետո կասկածներ է ունեցել և գրեթե հրաժարվել է իր մտադրությունից, Սոս Սարգսյանի կողմից այն բարեկամաբար չի ընդունվել, հղվել են բողոքներ, իսկ Սոս Սարգսյանի ընդդիմանալը նույնպես կարող էր խառնել խաղաթղթերը:

Իհարկե, սրանք հարցադրումներ են, որոնք հիպոթետիկ են ու այսօր չունեն հստակ պատասխաններ, որովհետև չկա Մալյանը, որ այսօրվա ժամանակի մեջ կարողանա տալ այս հարցերի պատասխանները: Չկան ժամանակի գործող անձինք՝ Դեմիրճյանը, Վարդգես Պետրոսյանը, Սոս Սարգսյանը և ուրիշներ…

ՀՐԱՆՏ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՀԵՏ ԶՐՈՒՅՑԻՑ

«Այսօր, արդեն տարիների խորքից, բնականաբար, մտածում եմ, որ յուրաքանչյուր ստեղծագործող ունի իր պատկերացրած Կոմիտասը և հենց այդ կերպ կուզենար տեսնել Կոմիտասին, իսկ Մալյանը լավ էր հասկանում, որ չափազանց պատասխանատու աշխատանք է ձեռնարկել իր կինոկենսագրության մեջ և պետք է, որ շատ զգուշանար:  

Որպեսզի պատկերացնեք նրա տվայտանքները, պետք է մի քանի դրվագ նկարագրեմ:

Մենք շատ մեծ թափով էինք սկսել նախապատրաստական աշխատանքները: Մեկնել էինք մերձբալթյան երկրներ, Լենինգրադ՝ ընտրելու նկարահանման վայրեր, ինտերյերներ, որտեղ պետք է նկարահանվեին ֆիլմի գերմանական դրվագները: Ռիգայի կինոստուդիայում պատվիրվել էին հագուստներ, Կոմիտասի ժամանակի եվրոպական կոստյումներ: Բացի Կոմիտասի դերակատարներից (երեք տարիքի Կոմիտաս պետք է նկարահանվեր), ընտրել էինք մյուս դերակատարներին և այլն: Բայց Մալյանը չէր հասկանում, թե ինչո՞ւ պետք է Գերմանիան նկարահանվեր Մերձբալթիկայում: Անպայման ուզում էր գոնե Վիլ Ժուիֆը, հոգեբուժարանը նկարահանել Ֆրանսիայում, այնինչ նորից առաջարկում էին նկարահանել որևէ մի տեղ Սովետական միությունում: Նա միշտ ասում էր, որ դա կեղծ է, դա հակաարվեստ է, որ չի կարելի այդպիսի բան և այլն:

(Նշենք, որ կան պնդումներ, որ այս խնդիրների մեծ մասը նույնպես լուծվել է Հայաստանի ղեկավարության կողմից, որը ևս մեկ անգամ հաստատում է, որ աքիլլեսյան գարշապարը եղել է սցենարը, որը միջոց է ծառայել Մալյանին խարդավելու: ԽՄԲ.)

Երբ առաջին անգամ Մալյանը ֆիլմի նկարահանումները կանգնեցրեց, ես ստիպված էի վերադառնալ Մերձբալթիկա և դադարեցնել աշխատանքները, հանդիպել այն դերակատարներին, ում ընտրել էինք, լինել Ռիգայի, Տալինի կինոստուդիաներում և այլն:

Անցան օրեր, հավանաբար մեկ ամսվա չափ, ես պատրաստվում էի իմ ինքնուրույն աշխատանքն անել և հանկարծ Վարպետը մոտեցավ ինձ ու ասաց. «Հրանտ, սկսում ենք նորից»: Շատ զարմացա: Զարմացա, որովհետև գիտեի, որ Կոմիտասի դերակատարների խնդիրը դեռ կա, գիտեի, որ մնացած խնդիրները նույնպես լուծված չեն և այլն և այդ իրավիճակում նորից սկսելն անիմաստ էր: Ես այդպես էի մտածում, բայց, իհարկե, այդ իրավունքը չունեի, ու նորից մեկնեցի այդ վայրերը, նորից հանդիպեցի դերասաններին:Շատ ծանր գործ էր, նույնիսկ՝ արդեն մի քիչ տհաճ, բայց արվեց, քանի որ խոսքը կինոյի մասին էր և հատկապես «Կոմիտաս» ֆիլմի:

Նորից մի ամիս աշխատանք: Այդ ընթացքում շատ հաճախ լսում էինք, որ եղել են Կենտկոմում, որ Կարեն Սերոբիչն այսպես է ասել, այնպես է ասել և այլն, բայց մանրամասները չգիտեինք, չէին ասում:

Եկավ առաջին նկարահանման օրվա պահը: Առաջինը պետք է նկարահանեինք ֆիլմի վերջին կադրը: Սկսելու էինք Ծիծեռնակաբերդից, զոհերի հուշահամալիրից: Պետք է նկարահանեինք մարդկանց հոսքը: Մեծ ավտոկռունկ էր դրված, որի վրայից պետք է նկարահանեինք անմար կրակը ու բարձրանալով վեր, պետք է «գնայինք» դեպի ժողովուրդը: Այդ կադրերի վրա պետք է գրվեին ֆիլմի լուսագրերը:

Ապրիլի 24-ին էր: Արդեն առավոտյան ամբողջովին պատրաստ էինք: Բեմադրող օպերատոր Սերգեյ Իսրայելյանը ցուցումներ էր տալիս իր օգնականներին և այլն, երբ ինձ մոտեցավ Մալյանն ու ասաց. «Հրանտ, դու Շավարշի (Շավարշ Վարդանյանը ֆիլմի երկրորդ օպերատորն էր) հետ նկարահանեք, մենք գնում ենք Դեմիրճյանի մոտ: Կվերադառնանք 2-3 ժամից»:

Նկարահանեցինք, ոնց որ մեզ տրված էր առաջադրանքը, ավարտեցինք, և խոտերին նստած սպասում էինք: Արդեն երեկոյանում էր, որ Մալյանն ու Իսրայելյանը եկան, տեղավորվեցին մեր կողքին ու Վարպետն ինձ հարցրեց. «Հրանտ, եթե դու չունենայիր Կոմիտասի գտնված դերասան, դերասաններ արտասահմանից, որ ուզում ես նկարահանել, կամ չունենայիր այն վայրերը, որտեղ ուզում ես նկարահանել և այլն, կնկարահանեի՞ր այս ֆիլմը»:

Ասացի՝ ոչ, Հենրիկ Սուրենիչ, չէի նկարահանի:

Ասաց. «Ես էլ չեմ նկարահանում»: Եվ այսպես ավարտվեց Մալյան-Կոմիտաս ծրագրի ոդիսականը:

Նա երբեք չբարձրաձայնեց այդ մասին, բայց, կարծում եմ, նրա ներսում մեծ կռիվ կար: Մենք չենք խոսել այդ մասին, բայց, այո, կարծում եմ նրա ներսում մեծ կռիվ կար, որովհետև նա պետք է մեզ անծանոթ Կոմիտաս ներկայացներ: Կարծում եմ, որ նրա մեջ եղած կռիվը հենց դրա հետ էր: Նա գիտեր, որ չի ընդունվելու այդ Կոմիտասը:

Նա շատ տարօրինակ էր վերջին ժամանակաշրջանում: Շատ տարօրինակ էր: Երբեմն կնայեր, կնայեր ու ոչինչ չէր ասի, կթողներ, կգնար»:

Վերջապես սցենարի մասին:

Այո, Մալյանը ստեղծել է ժամանակագրական առումով կուռ կառուցվածք ունեցող գործ՝ Կոմիտասի կյանքի ժամանակագրական հիմնական պատումներն ընդգրկող դրվագներով: Որոշ տեսարաններում, անխուսափելիորեն, նաև սովետական պրոպագանդայի հրամցրած Կոմիտասն է, բայց Մալյանը նաև շատ ընդգծված կերտել է Էջմիածնի կողմից ծաղրի ենթարկվող ու չկոտրվող Կոմիտասին, հեթանոսական ոգուն հրաժեշտ չտված Կոմիտասին: Իսկ սերը, Կոմիտասի սերը, իրական ու անիրական սերը սցենարում առանցքային են ու անցնում են, ինչպես ժամանակին էին ասում՝ կարմիր թելի նման:

Ես այդ բացառիկ սցենարը կարդալու բախտ ունեցա և ուզում եմ որոշ հատվածներ հրապարակել.

ՀԱՏՎԱԾՆԵՐ ՍՑԵՆԱՐԻՑ

«…Դիմացի շենքի տանիքին հայտնվում է մի երիտասարդ, չաղլիկ գերմանուհի և շտապ հավաքում է պարանից կախված լվացքը: Կոմիտասը շտապ վազում է դեպի ֆիզհարմոնը, ուժգին թխկթխկացնում ստեղներին, ապա նորից վազում է դեպի պատուհանը: Չաղլիկ գերմանուհին, սպիտակեղենի կույտն ուսին, զարմանքով նայում է վեր, նկատում է չարաճճի երիտասարդին, ժպտում է, ամաչում, ուղղում է շրջազգեստը, փախչում:

Չաղլիկ, թմբլիկ գերմանուհին պատուհանի ապակիներն է մաքրում… Կոմիտասը խորամանկ ժպտում է, ձեռքն առնում սրինգը և պատուհանի մոտից սրնգում է հայկական պարզ, գեղջկական մի նվագ: Գերմանուհին, որ ըստ ամենայնի բոլորովին էլ անտարբեր չէ սևահեր արևելցու նկատմամբ, ամաչկոտ նայում է վեր, ժպտում և ամաչելով ծածկո՞ւմ, թե ավելի բացում է իր փարթամ կուրծքը… Քիչ անց պատուհանի մոտ հայտնվում է գերմանուհու ոչ պակաս գեր ամուսինը, բռնում է նրա թևից, սպառնալից նայում է վեր, դեպի Կոմիտասը և ուժով հեռացնում է կնոջը պատուհանից…

… 900-ական թվականների մի նեղլիկ, բայց հարմարավետ վագոն: Կողք-կողքի նստել են հայ վարդապետը և ախորժալի մի ֆրաու… Համարյա չեն խոսում, երբեմն միայն նայում են իրար, ժպտում են, լռում… Վագոնում մութ է, մերթ ընդ մերթ նրանց դեմքերը լուսավորվում են մոտակա կայարանի աղոտ լույսերով… Շոգեքարշի ծխի ու անիվների միապաղաղ թխկթխկոցի ուղեկցությամբ Կոմիտասը և գերմանուհին հասնում են Հարավային Գերմանիայի հեքիաթային մի գյուղ…

…Գյուղ Գերմանիայում… գարուն, առավոտ… Իդիլիա… Կանաչ ու կարմիր… Արևոտ լույս… Կարկաչուն վտակ: Սոխակների դայլայլ: Բալենիների, խնձորենիների առատություն… Վարդերի բույր, վարդենիների տասը, հարյուրը… հազարը… Տղամարդու և կնոջ երջանիկ ու անհոգ քրքիջ… Կոմիտասը և ֆրաուն, փոքր ու մեծ ճամպրուկները ձեռքներին, վազում են դաշտերի, մարգերի, կակաչների միջով… Վազում են, վազվզում, ընկնում են, բարձրանում, նորից վազում… Հեթանոսական վայելք…

… Տնակ Գերմանիայում: Հսկայական, նախշազարդ մի գավաթից անհագորեն խմում են անվերջանալի կաթը… Եվ նորից քրքիջ, նորից ծիծաղ, գերմանական հայկական ինչ-որ անիմաստ բառերի խառնուրդով… անվերջանալի համբույր… Պատի ժամացույցի թվատախտակի առջև, ֆլեյտայի նվագի ուղեկցությամբ պտտվում, պտտվում է հախճապակե մի խորամանկ, կարմիր զինվոր… Հագեցած կինն ու տղամարդը ցատկոտելով ելնում են անկողնուց, կինը գնում է խոհանոց… Կոմիտասը մատները հպում է ստեղներին…

… Սոնան է՝ դեռատի, կապուտաչ աղջնակը… սարսափած աչքերով պտտվում է Կոմիտասի սև սքեմի շուրջը… պտտվում է, անձայն ճչում…

… Տախտակամածը բազմագույն է, բազմերանգ: …Եվ թեև ժպիտը բացակայում է Կոմիտասի դեմքից, բայց զգացվում է, որ նա վայելում է ծովի անհունը, ալիքների շառաչյունը՝ ազատ, անսանձ ու հավերժական… Եվ ոչինչ չի տեսնում նա իր շուրջը… Ոչ վայելուչ պոռնկուհիների հեշտասեր հրավերքը… Ոչ նավաստիների անիմաստ վազվզոցն ու գոռում-գոչյունները… Իսկ երբ մի պահ նա հայացքը ետ է դարձնում ծովի կապույտից դեպի տախտակամածը, ապշահար քարանում է: Նրա առաջ կանգնած է… մի անծանոթ, դեռատի, եվրոպական ձևով հագնված ու զարդարված կապուտաչ էակ:

Իսկ և իսկ Սոնան…

Միայն թե սա զուգված է, խնամքով հարդարված: Կոմիտասը զարմացած նայում է աղջկան:

Սոնան խրճիթի մոտ… բոբիկ, չթե շորով… անծանոթ աղջիկը… կոկիկ սանրվածքով և օծանելիքի բուրմունքով… Սոնան… Շեկ մազերն անփույթ ընկած ճակատին, այսինքն պարանոցին… Անծանոթ աղջիկը թեթևակի ժպտում է… Ժպտում է Սոնան… Եվ կարծես, նրա մեջ խմորի ու գարու հոտին խառնված է արևի համն ու հոտը…

…Կապույտ են անծանոթ աղջկա աչքերը… Ոսկեգույն դաշտ… Դաշտով մեկ վազում է Սոնան և «Սոնա յարի» հնչյունները մեղմիկ ու հազիվ լսելի…»:

Հ.Գ. Չգիտեմ, ընթերցողների համար պատասխանեցի՞ այն հարցին, թե «ինչո՞ւ չնկարահանվեց «Կոմիտաս»-ը», բայց ինձ պատասխանել եմ:

 

Նյութը ներկայացվեց առանց խմբագրման

Հեղինակ՝ Արայիկ Մանուկյան

Աղբյուրը՝  thearmenians.am

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed