Ինձ պահել է բոլորին հաղթելու ցանկությունը. Էռնա Էլիզբարյան

Քչերը գիտեն, որ հեռուստամեկնաբան Էռնա Էլիզբարյանը ժամանակին զբաղվում էր լողով, այնուհետև ստացել է իրավաբանական կրթություն և իր ճանապարհը տեսնում էր բոլորովին այլ ուղղությամբ։ BlogNews-ի հետ անկեղծ զրույցում Էռնան պատմել է, թե ինչպես պատահական հանդիպումը փոխեց իր մասնագիտական ճանապարհը։ Հեռուստամեկնաբանի հետ խոսել ենք նաև աշխատանքի պատճառով անձնական կյանքում ունեցած բացթողման, ընտանիք կազմելու և մայրանալու մեծ ցանկության մասին։   

– Էռնա, ինչպե՞ս լողորդը, ում համար մարզիչները մեծ ապագա էին կանխատեսում, ընդունվեց իրավաբանական ֆակուլտետ և դարձավ հեռուստամեկնաբան։

– Ի սկզբանե իմ մեջ կար հայտնի լինելու ձգտում, բայց փաստորոեն այլ ոլորտում պիտի հայտնի դառնայի։) 6 տարեկանից լողով եմ զբաղվել, մարզիչները կռվում էին ինձ համար, որովհետև ես սպորտային լողող էի զբաղվում, մյուս մարզիչը կարծում էր, որ պետք է սինխրոն լողով զբաղվեմ և այո, ինձ համար մեծ ապագա էին կանխատեսում, ասում էին՝ շատ ճարպիկ է, ծնվել է այս սպորտաձևի համար։ Ծնողներս, հատկապես՝ մայրս, ուզում էին, որ բարձրագույն կրթություն ստանամ, մասնագիտություն ձեռք բերեմ։

Ես առաջին կրթության իրավաբան եմ, հեռուստալրագրողն իմ երկրորդ մասնագիտությունն է։ Դասախոսիս եղբայրը ռեժիսոր է, մի օր եկավ, ես գլուխս կախ թելադրություն էի գրում, ասաց՝ գլուխդ կբարձրացնե՞ս։ Այն ժամանակ հոգնել էին թուխ հաղորդավարներից, իրենց էկզոտիկ արտաքինով, բաց մազերով ու աչքերով հաղորդավարուհի էր պետք։ Ինձ տարան «Հ1», փորձնական տեքստ կարդացի, արտասանությունս հավանեցին և սկսեցի պարապել որպես հաղորդավար։ Հետո ցանկացա մասնագիտական կրթություն ստանալ և ընդունվեցի Մանակավարժականի Հեռուստալրագրության բաժին, զուգահեռ աշխատում էի 02-ում, որտեղ ինձ օգնում էր իրավաբանական կրթությունս։ Այդպես էլ ինքնըստինքյան աշխատանքս հունի մեջ ընկավ։

-Մշակութային հաղորդումներից «Քրեական ժամ», այնուհետև՝ «Ժամը լրատվական»։ Ի՞նչ ճանապարհ եք անցել և ինչպե՞ս եք արդեն 12 տարի լրատվական դաշտում։

-Ես հենց այնպես չեմ դարձել լուրերի մեկնաբան, վարել եմ մշակութային հաղորդումներ, տարբեր փուլեր եմ անցել՝ այս կետին հասնելու համար։ «Քրեական ժամն» այն ժամանակվա ամենաբարձր վարկանիշ ունեցեղ հաղորդումն էր, որն ինձ մեծ հաջողություն և ճանաչում բերեց։ Այնուհետև ինձ առաջարկեցին վարել «Ժամը» լրատվականը և արդեն 12 տարի է, այստեղ եմ։ Ես քայլ առ քայլ լրջացել եմ։ Հիմա երևի արդեն իմ հոգեվիճակին, բնավորությանն է հարմար լրատվությունը։ Իմ աշխատանքը շատ հետաքրքիր է, ես մասնակցում եմ նաև նախապատրաստական փուլին։ Երբեմն մարդիկ կարծում են, թե մեզ դիմահարդարում են անում, հանգնվում ենք ու եթերում կարդում լուրերը, բայց այդպես չէ։ Պետք է իմանանք՝ ինչի մասին ենք խոսում, մենք ինքներս ենք գրում մեր բացումները։

-Մեր նախնական զրույցում  նշեցիք, որ շատ փշոտ ճանապարհ եք անցել հեռուստատեսությունում Ձեր կայուն տեղն ունենալու համար։ Որո՞նք են եղել այդ փշերը։

-Ես ի սկզբանե բաց ու անկեղծ եմ եղել հարաբերությունների մեջ ու անկեղծ, երբևէ չեմ ունեցել նախանձ, ես ինքնաբավ եմ, բայց գործընկերներս միշտ փորձել են իմ դեմ օգտագործել բամբասանքներ, հերյուրանքներ, որ ինձ հանեն ոլորտից։ Երբեք չեմ կարողացել հասկանալ, թե ինչու։

-Շատերը չեն դիմանում նման մրցապայքարի, ի՞նչն է Ձեզ պահել այդտեղ, բացի սերն աշխատանքի հանդեպ։

-Եթե ինչ-որ մեկը լիներ իմ փոխարեն, հաստատ կկոտրվեր։ Ինձ պահել է բոլորին հաղթելու ցանկությունը, այն միտքը, որ ես իրավունք ունեմ եթերում լինել։ Երևի սպորտն է ինձ մանկուց կոփել և հաղթող տեսակ դարձրել։

-Էռնա, Ձեզ ի սկզբանե ընտրել են գեղեցիկ արտաքինի համար։ Հեռուստատեսությունը միշտ ուզում է գեղեցիկ, երիտասարդ դեմքերի ցույց տալ եթերով։ Հիմա նման խնդիր չունեք, բայց Ձեր աշխատանքը տարիք ունի։ Մտածե՞լ եք, որ ինչ-որ պահի պիտի թողնեք այս ամենը։

-Ես տեսակով կառչող չեմ, գիտեմ, որ հեռուստատսությունը սիրում է թարմություն և երիտասարդություն, ես չեմ տառապում հիվանդագին այն սիրով, որ եթե եթերում չերևամ, ինձ ձախորդ կհամարեմ։ Եթե ես կարողանամ մնալ և սերունդ կրթել կամ ստեղծել ծրագիր, որը չեմ վարի, գուցե մնամ, բայց նաև մտածում եմ, որ կարող եմ այլ բանով զբաղվել։ Ես ունեմ այլ շնորհքներ, կարող եմ ունենալ, օրինակ, սրճարանային փոքր բիզնես, շատ լավ խմորեղեններ եմ պատրաստում։ Ես իմ կյանքի այդ փուլը արժանապատիվ կապրեմ։ Կարծում եմ՝ կարևորը դու երջանիկ լինես, իսկ դա եթերում լինելով չէ պայմանավորված։ Ես հիմա սրանից հաճույք եմ ստանում, սակայն հասկանում եմ, որ ամեն տեղից պիտի շատ սիրուն հեռանաս, որ քեզ լավ հիշեն։

-Էռնա, կարծրատիպ կա, որ լուրերի մեկնաբանները պետք է լինեն շատ խիստ, սառը «կոստյումային» մարդիկ։ Իրական կյանքում Դուք շատ շփվող, ուրախ, թեթև մարդ եք, առաջին պահին դա կարծես անհամադրելի լինի մեկնաբանի կերպարի հետ։ Ձեզ համար բա՞րդ մտնել լուրերի մեկնաբանի խիստ կերպարի մեջ։

-Ես ունեմ պատասխանատվություն իմ աշխատանքի հանդեպ։ Իմ կենսուրախ լինելը կյանքիս մյուս կողմն է։ Շատերին թվում է, որ լուրերի մեկնաբանները տխուր, սահմանափակ կյանքով են ապրում, սակայն դա կարծրատիպ է։ Մեզնից ոչ ոք «կոստյումային» կյանքով չի ապրում, ուղղակի դու հասկանում ես, որ քո աշխատանքում պետք է էդպիսին լինես։

-Իսկ ինչպե՞ս եք լրացնում ժամանցը, ինչո՞վ եք սիրում զբաղվել։

-Հաճախ լողավազան եմ գնում, քանի որ միայն լողավազանում եմ կարողանում ազատվել բոլոր վատ էմոցիաներից։ Ժամանակին, երբ շատ ավելի երիտասարդ էի, ժամանցային վայրեր էի հաճախում ընկերուհիներիս հետ, սակայն տարիքն իրենն ասում է. փոխվում ես, շատ ավելի իմաստուն ես դառնում, հասկանում ես, որ քո տարիքը չի ներում, որ գնաս ինչ-որ ժամանցի վայր՝ պարելու։ Փոխվում են կյանքիդ ռիթմը, հայացքներդ, կյանքի նկատմամբ ցանկություններդ, պլաններդ։ Տարիքն ամեն ինչ ասում է։

-Տարիներ առաջ և հիմա երջանկության տեսլականդ փոխվե՞լ է։

– Իմ ամբողջ գիտակցական կյանքում ես ուզում էի հայտնի դառնալ։ Չգիտեմ՝ դա ինչով էր պայմանավորված, բայց երբ մեծանում ես, հասկանում ես, որ այդ հայտնիությունը այդքան էլ պետք չէր քեզ, որովհետև կյանքում շատ այլ բաներ կան, որոնք դու բաց ես թողել։ Դա անձնականն է, որը լրացնելու ժամանակն է, թե ինչպես կլրացվի, Աստծո կամքն է։ Ես շատ եմ տարված եղել իմ աշխատանքով, որովհետև շատ-ատ եմ սիրում այն և ոչ միայն այն պատճառով, որ ինձ պետք է ցույց տան հեռուստատեսությամբ։ Ես մասնագիտությամբ հեռուստալրագրող եմ, ինստիտուտն ավարտել եմ կարմիր դիպլոմով, իմ սկզբունքն է՝ ամեն տեղ լինել կատարյալ։ Հասկանում եմ, որ կատարելության չեմ կարող հասնել, որովհետև Աստված է կատարյալը, բայց իմ ցանկացած աշխատանքում ցանկացել եմ լինել լավը։ Ես այն երջանիկներից եմ, որ աշխատում եմ  իմ մասնագիտությամբ, ինչը շատ կարևոր է։ Հասկանում եմ, որ դրան զուգահեռ բաց եմ թողել իմ անձնականը։ Մոտ 3 տարի է՝ շաբաթական 3 օր եթեր ունեմ, մյուս օրերին զբաղվում եմ ինձանով, իմ անձնական կյանքի բացը լրացնելով։

-Այսինքն՝ այն, ինչ հիմա ունեք կփոխեի՞ք անձնական երջանկության հետ։

-Չէ, կարևորը ես ճիշտ ժամանակին եմ եկել եզրակացության, որ գործին զուգահեռ պետք է նաև ընտանիք ունենալ, գուցե նաև ներքին հասունացում եմ ապրել նրա  համար, որ կարող եմ  լավ, սիրված կին ու մայր լինել։

-Երեխայասե՞ր եք։

-Շատ։ Մանկուց սիրում էի երեխաների խնամել։ Դրա համար եմ ափսոսում, որ 20 տարեկանում չեմ ամուսնացել։ Եթե շուտ ամուսնանայի, առնվազն 4 երեխա կունենայի։

-Իսկ հիմա՞։

– 2 երեխան այս տարիքին բավական է։ Ինձ թվում է՝ կհասցնեմ։

– Մայրանալն ամենակարևոր իրադարձությունն է կնոջ կյանքում։ Տարիքային փուլ է գալիս և կանայք սկսում են մտածել նաև միայնակ մայրանալու մասին։ Երբևէ մտածե՞լ եք այս մասին։

-Առհասարակ ես ոչ ոքի չեմ մեղադրում, մայրանալը հրաշալի երևույթ է, անկախ նրանից` կողքիդ ամուսին կա՞, թե՞ ոչ, բայց, իհարկե, ես ցանկանում եմ ունենալ իմ լիարժեք ընտանիքը, երեխաս ունենա և՛ հայր, և՛ մայր։ Կինը ստեղծվել է մայրանալու համար։ Եթե ուզում է մայրանալ, ունի դրա իրավունքը, բայց ես միշտ մտածել եմ, որ պիտի շատ սիրուն ընտանիք ունենամ, թե կյանքս ինչպես կդասավորվի, չեմ կարող ասել։ Անկեղծ եմ ասում, չեմ մտածել այդ մասին։

– Կայացած, հաջողությունների հասած մարդու համար այդ ֆոնին շատ ավելի սրված են զգացվում և՛ մենակությունը, և՛ բացթողումները։ Մենակության զգացողություն հաճա՞խ եք ունենում։

-Ես չեմ ասի, որ մենակ եմ, քանի որ ունեմ ընտանիք, ծնողներ, ովքեր ինձ շատ են սիրում։ Երբեմն նրանք մոռանում են, որ ես 30-ն անց եմ, մտածում են՝ դեռ 18 տարեկան եմ։ Ես ընտանիքում շատ եմ ստանում այդ սերն ու հոգատարությունը, ունեմ ավագ եղբայր, որն անընդհատ կողքիս է, իր երեխաներին սիրով պահում ենք նաև մենք։ Մենակ մարդու սինդրոմն ինձ մոտ չկա։

– Կողակից ունե՞ք։

-Չեմ ուզում խոսել այդ մասին։

-Հայտնիությունը շատ բան է տալիս, զուգահեռաբար քիչ բան չի խլում։ Ի՞նչ է Ձեզ տվել հեռուստատեսությունը և ի՞նչ է խլել։

-Հեռուստատեսությունն ինձ տվել է հայտնիություն, մարդիկ ինձ փողոցում ճանաչում են, իհարկե, դա հաճելի է, միևնույն ժամանակ, պատասխանատու։ Դու հասարակության մեջ չպիտի քեզ բարձր դասես (չգիտես ինչու, հայտնի մարդիկ իրենց բարձր են դասում), չոգևորվես էդ հայտնիությունից, որովհետև ժողովուրդը որքան քեզ սիրում է, նույնքան կարող է ատել: Սակայն երբեմն ճանաչվածությունից փախչելու կարիք ես ունենում. կարող է սրճարանում ընկերուհիներիդ հետ նստած լինես, մի բանի համար էլ բարձր ծիծաղես, բայց երբ դու հայտնի ես, դրա իրավունքը չունես կամ կարծում եմ՝ «Ժամը» լրատվականի հաղորդավարը չպիտի գնա ակումբ։ Իհարկե,  հիմա դա իմ հետաքրքրությունների սահմաններում էլ չէ, ժամանակին գնացել եմ, հիմա սիրում եմ գնալ մշակութային միջոցառուների, համերգների, օպերա։

Ճնշող բաներ կան, որովհետև  էմոցիաներդ պիտի պահես։ Երբ արտերկրում ես, կարող ես մեյքափ չանել, մազերդ չսանրել, հագնել այն, ինչ ուզում ես, այդ փոքրիկ ազատությունները երբեմն պետք են։

Միևնույն ժամանակ, երբ դուրս եմ գալիս փողոց, մարդիկ ասում են՝ վայ մենք Ձեզ այնքա՜ն շատ ենք սիրում, թևեր եմ առնում։

-Հետաքրքիր պարադոքս է, բոլորին թվում է, որ մարդիկ հեռուստատեսությունում շատ ավելի ազատ են. դա է պարտադրում միջավայրը։

-Ես երբեք համաձայն չեմ եղել, որ հեռուստատեսության մարդիկ ազատ են, բոլոր ոլորտներում էլ կան ազատ մարդիկ, արվեստագետները շատ ազատ են մտածում, բժիշկները՝ շատ ավելի, քան հեռուստատեսության աշխատողները։ Մեկ-երկու հոգու պահած ազատամիտ կյանքով չի կարելի չափել բոլորին։ Ես համաձայն չեմ այդ կարծրատիպին։

-Ո՞րն է Ձեզ համար ազատության սահմանը։ Դուք Ձեզ ազատ մարդ համարո՞ւմ ես։

-Ազատամտությունը չպիտի վերածվի սանձարձակության։ Ես ազատ եմ, որովհետև ինքս եմ ազատ կայացնում իմ որոշումները։

«Ինձ ամեն ինչ կարելի է» չափանիշով, վատ բարքերով ապրելը, սանձարձակ լինելն ու ազատ լինելը տարբեր բաներ են։ Բոլորը պետք է սահմաններ ունենան։

-Վերջում չեմ կարող մի հարց չտալ. մեր զրույցի ընթացքում մի քանի անգամ նկատեցի, որ ինչ-որ պահի աչքերդ լցվեցին (անձնականի, երեխաների մասին խոսելիս)։ Կարող եմ ենթադրել, որ շատ էմոցիոնալ եք, սակայն եթերում պետք է վերահսկել զգացմունքները։ Հետաքրքիր է՝ ինչպե՞ս եք եթերում կարողանում զսպել էմոցիաները, եթե սովորական զրույցի ժամանակ դա չի հաջողվում։

-Այո, ես ահավոր էմցիոնալ եմ։ Լրատվություն վարելն այդքան էլ հեշտ չէ։ Դու ապրում ես այդ ամենը։ Քառօրյա պատերազմից հետո ես շատ լուրջ սթրես տարա։ Եթերային 20-25 րոպեն Աստված ինձ այնքան ուժ տալիս է, որ կարողանամ վերահսկել զգացմունքներս, թեև հեշտ չէ։

Զրույցը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed