«Ինձ համար հայկական կողմի արդարացումներն ավելի զարմանալի են, քան Մոսկվայի արձագանքը». Ռուբեն Բաբայան

Artistic director of the Yerevan State Puppet Theatre named after Hovhannes Tumanyan Ruben Babanyan gave a press conference in Tesaket press club
«Ինձ համար հայկական կողմի արդարացումներն ավելի զարմանալի են, քան Մոսկվայի արձագանքը»

 

– Պարոն Բաբայան, վերջերս քաղաքում մի քանի արձաններ տեղադրվեցին, որոնք տարբեր շրջանակների կողմից քննադատության արժանացան: Իսկ Ռուսաստանը, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի շուրթերով՝ քննադատության սլաքն ուղղեց դեպի Գարեգին Նժդեհի արձանը՝ նշելով, որ Մոսկվան զարմացած է Երևանում Վերմախտի «Հայկական լեգեոնի» հիմնադիրներից մեկի՝ գեներալ Գարեգին Նժդեհի հուշարձանի տեղադրմամբ: Հայկական կողմից էլ կարծիքներ էին հնչում, թե արձանը նման է Պյոտր Առաջինին, և այլն: Ի՞նչ կարծիք ունեք արձանի մասին, և ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է Մոսկվայից նման հայտարարություն հնչում:

– Նժդեհի արձանն ինձ դուր չի գալիս իր գեղարվեստական կատարումով՝ անկախ նրանից՝ ում է նման, ում նման չէ, անկախ ընտրված վայրից: Այստեղ յուրաքանչյուրն ունի իր նախասիրությունները, ես կգերադասեի՝ ավելի ազատ տեղում տեղադրվեր այդ արձանը, ավելի սիմվոլիկ լիներ, որովհետև Նժդեհի իմաստը մեզ համար՝ որպես Հայաստան պահպանողի, շատ ավելի կարևոր է քան պարզապես մայրաքաղաքում ինչ-որ պուրակում տեղադրված արձանը: Սա գեղագիտության հարց է: Ցավոք, այն բոլոր արձանները, որոնք այսօր տեղադրվում են Երևանում, շատ հեռու են 21-րդ դարի քանդակագործությանը ներկայացվող գեղագիտական պահանջներից:

Իսկ այն, որ Մոսկվան արձագանքում է, իսկ Հայաստանի տարբեր պաշտոնական օղակներ փորձում են արդարանալ, ինձ համար այդ արդարացումներն ավելի զարմանալի են, քան Մոսկվայի արձագանքը: Դա բացարձակապես անընդունելի է: Կարծում եմ՝ Մոսկվայի նման արձագանքը մենք ենք թույլ տվել: Մենք այնքան շատ ենք թույլ տվել, որ Մոսկվան խառնվի մեր բոլոր գործերի մեջ, այդ թվում և՝ ներքին, որ արդեն իրեն իրավունք է վերապահում տալ գնահատական, թե ում արձանը կարելի է դնել, ումը՝ ոչ:

Իմ կարծիքով՝ Գարեգին Նժդեհը հայոց պատմության մեջ, բացի նրանից, որ հերոսական անձնավորություն է, նաև ողբերգական անձնավորություն է: Մի մարդ, որ ամենաշատը մտահոգված էր Հայաստան պետությունը պահպանելու մտքով, գաղափարով, և երկու ավազակների մեջ, երբ կայացնում էր ընտրություն՝ դեպի ավազակներից մեկը, սա չի փոխում այն հանգամանքը, որ մյուս կողմից ևս ավազակներ էին: Գուցե սխալվում էր իր հաշվարկների մեջ Նժդեհը, որ Գերմանիան կհաղթանակի, Հայաստանի Հանրապետությունը կվերականգնի իր անկախ պետականությունը, բայց այդ սխալը գնահատելու համար պետք է որոշակի ժամանակ անցներ, պատմություն անցներ, որ մենք դա հասկանայինք: Նժդեհի օրինակն առանձնահատուկ չէ, շատ և շատ երկրներում (և´ նախկին սովետական, և´ Արևելյան Եվրոպայի, և ոչ միայն), կային մարդիկ, որոնք հանուն իրենց երկրի անկախության, պետականության վերականգնման՝ համագործակցում էին Վերմախտի հետ: Սա ուրիշ հարց է: Որքան գիտեմ՝ Նժդեհը որևէ ռազմական հանցագործությունների մեջ թաթախված չի եղել: Եվ այդպես միանշանակ, այդպես բռի ձևով գնահատել այս արձանի կառուցումը՝ որպես նացիզմի պրոպագանդա, կարծում եմ, մեղմ ասած, այդքան էլ չի համապատասխանում իրականությանը: Էլ չեմ ասում, որ կոպիտ ասած՝ բացարձակապես ձեր գործը չէ:

– Արձանի գեղագիտական տեսքն ինչպիսի՞ն պետք է լիներ, որ ավելի համահունչ լիներ քաղաքի ճարտարապետությանը:

– Նախ՝ կարծում եմ՝ տեղը պետք է ճիշտ ընտրվեր. ինչ-որ բարձունքում պետք է տեղադրվեր Նժդեհի արձանը, որտեղից Նժդեհի հայացքն ուղղված կլիներ Հայաստանին: Տեսեք՝ որտեղից սկսեց Նժդեհը. Սյունիքից: Նա Երևանի կերպար չէր, Հայաստանի կերպար էր: Ես սիմվոլիկայի մասին եմ խոսում, որովհետև ամեն արձան իր մեջ սիմվոլ ունի: Երկրորդը՝ ամենակարևորը. Նժդեհը հակադրվեց ոչ միայն՝ թուրքական բանակին, ոչ միայն՝ Կարմիր բանակին, այլ նաև՝ այն գաղափարին, որ այն ժամանակ տիրում էր Հայաստանում: Նժդեհը միայնակ դուրս եկավ բոլորի դեմ և հաղթեց: Այս գաղափարը պետք է արձանի մեջ լիներ. երբ ընդհանուր հոսքի դեմ է մարդը գնում: Հիմա նա պարզապես կանգնած է: Ես կուզենայի իրեն տեսնել շարժման մեջ:

– Արձանի քանդակագործը նշել էր, որ արձանի ներկայիս տեսքն անցել է մրցույթի երկրորդ փուլով, իսկ առաջին փուլում ներկայացրել է մի էսքիզ, որտեղ Նժդեհը սուրը ձեռքին է եղել: Նա նշում էր, որ արձանի վերջնական տարբերակում Նժդեհն ամուր, հստակ կանգնած է երկու ոտքերի վրա, իր հավատքի ու հայրենիքի վրա, իսկ արձանի վրայի թիկնոցն ավելի է երկարացրել կողքերից ու հետևից, որ ձուլվի Նժդեհի հավատքի ու հայրենիքի հետ: Գեղագիտական առումով նման մոտեցումները ճի՞շտ էին՝ ինչ-որ սիմվոլներ ցույց տալու համար:

– Կարելի է ամեն ինչ բացատրել: Եթե հնարավոր լիներ՝ բացատրելով ստեղծել արվեստի գործ, լավագույն արվեստի գործերը կստեղծեին տեսաբանները: Շատ կարևոր հարցի եք հիմա անդրադառնում. ընդհանրապես ի՞նչ չափանիշներով առաջնորդվել, երբ քաղաքում կամ այլ վայրում կանգնեցվում է քանդակ: Կարևոր է՝ ո՞ւմ է հանձնարարվում այդ գործը, և ի՞նչ չափանիշներով է որոշում այդ ժյուրին: Կարևոր է՝ ո՞վ է քանդակագործը, նա ի՞նչ գործերով է հայտնի, արդյո՞ք նա ունի համաշխարհային ճանաչում, թե՞ չունի: Նունիսկ Սովետական Միության ժամանակ հասկանում էին, որ Քոչարը, ով աքսորված է եղել այդ ժամանակ, համաշխարհային երևույթ է, և հանձնարարում էին Սասունցի Դավթի, Վարդան Մամիկոնյանի արձանները հենց Քոչարին: Ես կարծում եմ՝ հայազգի շատ հայտնի քանդակագործներ կան, որոնք տարբեր մրցույթների դափնեկիրներ են, որոնց ստեղծած արձանները տարբեր երկրներում են տեղադրված ու պատիվ են բերում: Այս գավառական մոտեցման արդյունքը լինելու էր սա: Վերարկուն երկար եմ արել, էս եմ արել, թուրը ձեռքին եմ դրել, բազկաթոռին եմ նստացրել, բազկաթոռի հետևը գրել եմ՝ Հիտլերի մերը… սա ուրիշ դաշտից է, սա արվեստի դաշտից չէ:

– Նժդեհի արձանի հեղինակները նշում են, որ, օրինակ, Առնո Բաբաջանյանի արձանն էլ է սկզբից քննադատվել, սակայն հիմա արվեստի գործ է համարվում, ու Նժդեհի արձանի վերաբերյալ էլ նշեցին, որ որոշ ժամանակ հետո կհամարվի արվեստի գործ. արդյո՞ք համեմատությունը տեղին է, ու համամի՞տ եք այդ կարծիքի հետ:

– Ոչ, համամիտ չեմ, որովհետև նայած՝ ում կողմից է քննադատվել: Այո, հասարակության լայն զանգված, որը սովոր էր քանդակագործ լուսանկարին, քննադատում էր, բայց Առնո Բաբաջանյանի արձանի մեջ կա էքսպրեսիա, կա Առնո Բաբաջանյան, կա դինամիկա: Այն գրագետ ձևով է կառուցված: Եթե նայեք ձեռքին, որը մեկնել է հետ, և ուղղագիծ քաշեք, նա շարժման մեջ է, գրոտեսկի մեջ է: Նա սիրված արձան է, ու դա էլ է կարևոր, թե ո՞վ կգա, արդյո՞ք դա պատիվ է բերում քաղաքին, կգա՞ն՝ կնկարվեն զբոսաշրջիկները: Երբ մենք գնում ենք որևէ երկիր, նկարվում ենք հետաքրքիր արձանի մոտ, ոչ թե նայում ենք՝ այդ մարդը կամ երևույթն ինչ արժեք ունի: Առնո Բաբաջանյանի արձանը հանձնարարված էր շատ հայտնի, շատ տաղանդավոր քանդակագործի, ինչը շատ կարևոր է: Նաև կարևոր է, թե ինչն ես քննադատում: Եթե ամբողջ քննադատությունն այն է, որ Նժդեհն իրեն նման է կամ նման չէ, ես, ճիշտն ասած, այդ քննարկմանը չեմ էլ ուզում մասնակցել: Սասունցի Դավիթն իրեն նմա՞ն է, թե՞ նման չէ: Ո՞վ է տեսել Սասունցի Դավթին կամ Վարդան Մամիկոնյանին:

Ես կարծում եմ՝ արձան՝ որպես արվեստի գործ, կանգնեցնելու խնդիրը ոչ թե՝ արտաքնապես նմանությունը պետք է լինի, այլ՝ հոգին ցույց տալը: Այն մղումը ցույց տալը, որով այս մարդն այդ պատվին արժանացավ: Նմանությունը ցույց են տալիս գերեզմանատան քանդակների վրա, այնտեղ կարելի է տեղադրել նման քանդակներ և քննարկել՝ ինչանո՞վ է նման հանգուցյալին: Քաղաքային արձանաշինությունը, ճարտարապետությունն ուրիշ խնդիրներ է դնում իր առջև: Այս քանդակին մարդիկ պետք է մոտենային՝ տեսնելով նրա զարմանալի, շատ օրիգինալ տեսքը, հետաքրքրվեին և ասեին՝ ո՞վ է սա, և նոր լսեին պատմություններ, թե ով է սա: Այս քանդակի ձևը ենթադրում է, որ մոտեցող մարդն արդեն պետք է իմանա՝ ով է սա: Հասկանո՞ւմ եք՝ սրանք տարբեր բաներ են: Ո՞ւմ համար է արված այդ քանդակը, մե՞զ համար. մենք գիտենք՝ ով է Նժդեհը: Այս քանդակն արտասահմանից եկած որևէ մեկի մոտ հետաքրքրասիրություն չի առաջացնի՝ գալ և հետաքրքրվել, թե ո՞ւմ է նվիրված այս քանդակը: Ինչպես և բազմաթիվ նման շատ անհաջողակ քանդակներ ունենք Երևանում, ինքներդ գիտեք, երևի իմաստ չունի թվարկել: Դա անցյալ ժամանակների քանդակ է, դա այսօրվա քանդակ չէ:

– Հենց դա էի ուզում հարցնել՝ 21-րդ դարում նմանատիպ արձանների տեղադրումը չի՞ նշանակում, որ մեզ մոտ արվեստի այդ ճյուղը զարգացում չի ապրել:

– Իհա՛րկե, զարգացում չի ապրել: Մենք, իհարկե, կարող ենք ասել, որ կան քանդակներ, օրինակ՝ Կասկադում, որոնք ժամանակակից են, հետաքրքիր են, մարդ հաճույք է ստանում: Մենք չենք հասկանում 21-րդ դարի կարևորագույն հատկությունը. ամբողջ արվեստը շատ մարդակենտրոն է, նա պետք է տաք լինի, ոչ թե վանի քեզ իրենից, այլ մոտ կանչի՝ իր հետաքրքրությամբ, օրիգինալությամբ, ժամանակին համապատասխանելով: Ժամանակակից արվեստը ենթադրում է, որ լինի դա ընթերցող, հանդիսատես, ունկնդիր թե դիտող, ևս պետք է զարգացնի իր երևակայությունը, երբ շփվում է արվեստի որոշակի գործի հետ: Ես պետք է նայեմ դրան, ու իմ երևակայությունը զարգանա, թե ուր է տանում այդ քանդակը: Պատկերներ պետք է գան: Նժդեհի արձանը որևէ պատկեր չի բերում:

Վերջիվերջո, որոշումներ կայացնում են մարդիկ, որոնց համար մեծ տարբերություն չկա գերեզմանի քանդակի և քաղաքում դրվող քանդակի միջև, իրենք տարբերությունը չեն զգում, իրենք մտել են մի ոլորտ, որից բան չեն հասկանում, բայց ունեն իրավունք՝ որոշելու. սա ամենաահավոր բանն է: Լուրջ քննարկման հարց է, որը հեռու է «դուր է գալիս, դուր չի գալիս» շրջանակներից, որովհետև այդ դեպքում պատասխանը միշտ լինում է՝ հա՛ դե, տեսա՞ք, Առնո Բաբաջանյանի արձանն էլ դուր չէր գալիս: Ես չեմ ասում, որ Առնո Բաբաջանյանի արձանը հանճարեղ գործ է, բայց ժամանակակից ստեղծագործություն է, 21-րդ դարի քանդակ է: Օրինակ՝ Թումանյանի և Սպենդիարյանի արձաններն ահավոր արձաններ են. երկու արվեստագետի նստեցրել են հռոմեական կայսրերի գահի վրա, ինչո՞ւ: Կոմպոզիտոր Սպենդիարյանը, Ամենայն Հայոց բանաստեղծ Թումանյանը նստած են աթոռի վրա: Աթոռի վրա՝ արդեն մեռած գործ է: Աթոռի վրա պաշտոնական անձանց են նստեցնում, այլ ոչ թե՝ արվեստագետներին:

– Իսկ ինչպիսի՞ն պետք է լինեին այդ արձանները, որ ավելի հետաքրքիր լինեին:

– Չգիտեմ, դա քանդակագործը պետք է ասի: Լավ քանդակագործներն ասում են. «Քանդակը կա քարի մեջ, պետք է պարզապես ազատել այդ քանդակը»: Նրանք քարի մեջ արդեն տեսնում են այդ քանդակը: Թող գնան՝ շրջեն աշխարհով մեկ, նայեն, ուսումնասիրեն, ոչ թե ապրեն ռեզերվացիայի մեջ:

– Ինչ սովորել են ուսանողական տարիներին՝ կիրառում են հիմա, առանց հաշվի առնելու, որ աշխարհն ամեն օր զարգացում է ապրում:

– Այո, ցավոք սրտի, սովորելը մենք համարում ենք կամ դպրոցի 10 տարին, կամ համալսարանի 4 տարին: Չեն հասկանում, որ մարդն այնքանով է մնում ժամանակակից, որքանով ինքը դեռ շարունակում է սովորել: Իմ սիրելի Չեխովն ասում էր. «Խելացի մարդը սիրում է սովորել, հիմարը` սովորեցնել»: Սա լրիվ համապատասխանում է: Մեր արվեստագետները, պետական գործիչներն ամեն ինչ գիտեն, իրենք պատրաստ են սովորեցնել: Ես երբևէ որևէ մեկից չեմ լսել ինչ-որ մի հարցի պատասխան՝ չգիտեմ: Բայց իսկապես շատ բան չգիտենք: Օրինակ՝ ես չգիտեմ՝ ինչպիսի՞ն պետք է լիներ Նժդեհի արձանը, բայց հաստատ այդպիսին չպետք է լիներ, որովհետև այն ինձ սառն է թվում, ոչ մի նյարդս չի շարժվում այդ քանդակից:

Աղբյուրը 168.am  

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed