«Իմ Հայաստան» համահայկական փառատոնին կմասնակցեն շուրջ 25 երկրից ժամանած հայեր

panorama.am-ը գրում է՝

Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում պարարվեստի օրերի մեկնարկով երեկոյան տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված «Իմ Հայաստան» փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը, որն անցկացվում է ՀՀ Նախագահի բարձր հովանու ներքո:

Հայաստանի Հանրապետության հիմնը հնչելուց հետո Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը Տերունական աղոթքով օրհնեց փառատոնի մասնակիցներին և հյուրերին:  ՀՀ Նախագահի ողջույնի ուղերձը ներկայացրեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Պարուսույց Սուրեն Խաչատրյանն ընթերցել է Հայոց բանակում ներկայումս ծառայող իր սանի նամակը, որտեղ նա ողջունում էր «Իմ Հայաստան» փառատոնի մասնակիցներին և հույս հայտնում, որ երկու տարի հետո անպայման կմասնակցի փառատոնին:

Ցուցադրվել է «Իմ Հայաստան-2014» տեսաֆիլմը: Ելույթ են ունեցել  փառատոնին մասնակցելու համար աշխարհի 25 երկրներից ժամանած 48 պարախմբերը՝ Բոստոնի «Սայաթ-Նովա», Բուենոս Այրեսի «Մասիս», Մոսկվայի «Կիլիկիա», «Վարդավառ», «Հայասա», Սանկտ Պետերբուրգի «Նաիրի», Ապշերոնսկի «Ուրարտու», Կրասնոդարի «Արմավիր», «Նարեկ», Թբիլիսիի «Անի», «Վանք», «Տարոն»,  Ստավրոպոլի «Նաիրի», Դոնի Ռոստովի «Արփի», «Հայաստանի փայլեր», «Զվարթնոց», Թեհրանի «Զարթոնք», Սոչիի «ԼՈՈ», Կալուգայի «Տաշիր», Ջավախքի «Վաչիան», «Բարալեթ», Արմավիրի «Արարատ», Մայկոպի «Նաիրի» և «Վարդանանք», Գելենջիկի «Նուռ և Անի», Խարկովի «Արաքս», Աթենքի «Ավետիս», Սպահանի «Կռունկ», «Էրեբունի», Բեյրութի Համազգայինի «Քնար», Ֆիլադելֆիայի Համազգայինի «Մեղրի», Նյու Ջերսիի Համազգայինի «Նաիրի» պարախմբերը, Արցախի պարի պետական անսամբլը:

«Մշակույթը մեր դեմքն է, հայի անձնագիրն աշխարհում, և չափազանց մեծ է խորհուրդն այն բանի, որ «Իմ Հայաստան» համահայկական փառատոնը հյուրընկալում է 25 երկրից ժամանած մեր հայրենակիցներին, քանզի մենք այն նվիրել ենք Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների անկախության 25-ամյա հոբելյաններին»,-ասել է Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Սփյուռքի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, փառատոնին մասնակցության 110 հայտ են ներկայացրել աշխարհի 25 երկրից 1429 մասնակից:

Պարարվեստի օրերը կտևեն 10 օր: Երգչախմբային արվեստի օրերը կսկսվեն օգոստոսի 5-ին և կավարտվեն օգոստոսի 10-ին: Դուդուկի և հայկական այլ նվագարանների օրերը նախատեսված են սեպտեմբերի 21-ից 25-ը: Սեպտեմբերի 26-ին Կոմիտասի ծննդյան օրը կատարողները ավանդաբար հանդես կգան հայկական ստեղծագործությունների կատարումներով:  Փառատոնի  շրջանակներում սեպտեմբերի 28-ին տեղի կունենա նաև 100+1 համերգային ծրագիրը՝ նվիրված Հայոց Ցեղասպանության տարելիցին: Խմբերը ելույթ կունենան Շիրակի, Լոռվա, Արագածոտնի,  Արարատի,  Գեղարքունիքի, Արմավիրի, Կոտայքի, Վայոց Ձորի, Տավուշի մարզերում, ինչպես  նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում:  Փառատոնի շրջանակներում կանցկացվեն նաև վարպետության դասեր սփյուռքից ժամանած պարուսույցների համար:

Տարածել`
Share

You may also like...