«Իմ Հայաստան» համահայկական փառատոնի մասնակցները արդեն Ստեփանակերտում են (լուսանկարներ)

artsakhpress.am-ը գրում է՝
Թեհրանի, Հունաստանի, Սանկտ-Պետերբուրգի, Կրասնոդարի,Մայկոպի, Սոչիի, Դոնի Ռոստովի պարախմբերի, Ստեփանակերտի պարարվեստի քոլեջի, Հակոբ Գյուրջյանի անվան արվեստի դպրոցի, «Արցախ» ազգագրական և Արցախի «Մենք ենք մեր սարերը» երգի-պարի պետական համույթների և «Արցախի ձայներ» նախագծի մասնակիցները համերգին ներկայացրել են հայկական ժողովրդական պարեր:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ՌԴ Մայկոպ քաղաքի «Վարդանանք» և «Նաիրի» պարախմբերի գեղարվեստական ղեկավար Սյուզաննա Բաբայանն ասել է. «Մասնակցելով Հայաստանում կազմակերպված «Իմ Հայաստան» փառատոնին` մենք իրականացրինք մեր երազանքը` առաջին անգամ այցելելով Արցախ, որը տեսնելու մեծ ցանկություն ունեին պարախմբի բոլոր մասնակիցները: Պարախումբը գործում է 2007 թվականից: Ընդհանուր առմամբ, պարախմբում ընդգրկված է 5-20 տարեկան 120 երեխա, սակայն այսօր այստեղ ենք միայն 40 մասնակիցներով: Մեր սաներին սովորեցնում ենք հիմնականում հայկական պարեր: Ապրելով հայրենիքից դուրս` մենք փորձում ենք հայ մշակույթն ըստ արժանվույն ներկայացնել մեր երեխաներին»,- ասել է Ս. Բաբայանը և հավելել, որ պարախումբը գործում է Հայ առաքելական եկեղցուն կից:
Մայկոպ քաղաքի «Նաիրի» համույթի պարուհի Անահիտ Միքայելյանը նշել է, որ իրենց համույթում ներգրավված է 70 հոգի:
«Այստեղ ենք եկել 26 հոգով: Պարապում ենք շաբաթական երկու անգամ:
Մենք հայրենասիրություն ենք համարում նաև հայկական մշակույթը պահել-պահպանելը` պարի միջոցով աշխարհի տարբեր երկրներում ներկայացնելով»,-նշել է Ա. Միքայելյանը:
ՌԴ Դոնի Ռոստովի «Զվարթնոց» համույթի պարուհի Կարինե Դանիելյանն էլ է ընդգծել, որ իրենց խումբը ևս առաջին անգամ է Արցախում, և որ իրենք հիացած են Արցախով ու արցախցիներով:
«Պարախումբը ստեղծվել է 2014 թվականին: Այնտեղ ընդգրկված է 15-33 տարեկան 60 հոգի»,- հավելել է Կ. Դանիելյանը և նշել, որ պարախումբը գործում է Սուրբ Հարություն հայ առաքելական եկեղեցուն կից:
Համերգին ակտիվ մասնակցության համար ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Եսայանցը ՀՀ սփյուռքի նախարարության շնորհակալագրերով ու հավաստագրերով պարգևատրել է և´ պարախմբերի և´ անհատ կատարողների:
Միջոցառմանը ներկա էին ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, ԱՊՀ երկրների հայ համայնքի վարչության բաժնի պետ Անահիտ Զոհրաբյանը, արտերկրից ժամանած հյուրեր և այլք:
- Previous Եգիպտական Նարմերի աղյուսը
- Next Գլենդելում տեղի ունեցավ հայոց թագուհիներին նվիրված ֆիլմի ցուցադրությունը