Իմ կյանքի գունապնակում երբեք ոչինչ չի պակասի. Մարիամ Թորոսյան

Տեսանելի իրականության և նրա ներաշխարհի երկողմանիությունն է գալիս ապացուցելու «Մենք» առցանց մշակութային լրատվականի զրուցակից Մարիամ Թորոսյանը, ով, լինելով ՀՀ ԳԱԱ Իրավունքի, փիլիսոփայության և սոցիոլոգիայի ինստիտուտի ասպիրանտ, իրավագետ, չի դադարում ստեղծագործել:

 

 

1. Հաճախ է հնչում այն կարծիքը, թե ստեղծագործողը պետք է արտացոլի ժամանակի ոգին: Որքանո՞վ է այս ձևակերպումը ընդունելի քեզ համար և արդյոք այն համապատասխանում է քո ստեղծած արվեստին:

Եթե ինչ-որ մեկը կարողանար ինձ ասել՝ ինչ է ժամանակը, գուցե ես կարողանայի պատասխանել այս հարցին: Գիտես՝ անցյալն այնքան ներկա է, ներկան էլ ապագա, ու այս պահին է արդեն կերտվում հեռավոր ապագան, որ պետք է գա բազում  տարիներ անց: Մենք ոգեշնչվում ենք այս աշխարհի ամենատարբեր երևույթներից, և ո՞վ կարող է ասել, թե որտեղից է այդ ոգեշնչանքը և ո՞ւր է այն գնում. այդ շղթան ձգվում է անվերջությունից դեպի հավերժություն, և պետք է խորագետ լինել հասկանալու համար այդ շղթայի իմաստությունն ու առաքելությունը:

Երբ մարդը ստեղծում է, նա վերանում է ժամանակից, տարածությունից և գտնվում է այդ հավերժական շղթայի մեջ. այստեղ նա համընթաց չէ ոչ մի բանի, նա ուղղակի շարունակում է մի բան՝ ստեղծելով գուցե վաղուց գոյություն ունեցող նորը:

Ըստ իս՝ ես արվեստ չեմ ստեղծում. այդ բառը չափազանց բարձր է ինձ համար, ես  պարզապես ժամանակ առ ժամանակ նկարում եմ, երբ զգում եմ, որ չնկարել չեմ կարող:  Եվ ես նույնիսկ ինձ նկարիչ էլ չեմ համարում, երբեմն գույները գտնում են ինձ, և մենք միասին վերանում ենք աշխարհից և մեր ճամփորդությունից վերադառնում ենք մի նկար ձեռքներիս՝ որպես հուշ:

2. Որքանո՞վ է արդարացված «արվեստը արվեստի համար է» կարգախոսը:

Արվստը հոգու համար է, արվեստը հարց է աշխարհին և հաճախ էլ պատասխան նրա ամենաբարդ հարցերին:

Քեզ հետ մի բան չի պատահաում, որի արդյունքում դու սկսում ես նկարել, քեզ հետ մի բան կատարվում է, և դու չես կարող չնկարել:

3. Ստեղծագործելու քո ընտրած նյութն ու «ձևաչափն» արդյոք չեն կաղապարում ստեղծագործական անսահմանությունդ:

«Ձևաչափ» չկա, իմ նկարներում չկա ո՛չ ձև, ո՛չ չափ. չկան նկարելու կանոններ, չկա նախնական պատկերացում վերջնականի մասին, չկան հստակ ընտրված նյութեր,  կա միայն «ճերմակ ազատություն» և կան գույներ, որոնք երբեմն դժվար է լինում տարբերակել մեղեդիներից: Եթե ես նկարելու ժամանակ տեսնելուց զատ չլսեմ նաև գույների հնչյունները, երբեք չեմ հասկանա՝ ինչ նկարեցի, որտեղից այն ծնվեց և ինչու:

4. Որքանո՞վ է գիտակցությունդ «համերաշխ» ստեղծագործական անսահմանությանդ հետ:

Ստեղծագործական անսահմանությունը հոգու շնորհ է և գտնվում է այն հավերժական շղթայի մեջ, որը խորհուրդներ է ոգեկոչում տիեզերական հեռուներից: Գիտակցությունը այս դեպքում այն է, ինչ քայլում է ժամանակին համընթաց. նա որոշ իմաստով սկիզբ և ավարտ ունի և այդ սահմանների ու  անսհամանության միջև  չկա համերաշխություն, դա անվերջ կռիվ է, սակայն մենք միշտ կարող ենք մեր մեջ  ներդաշնակեցնել մեր բնույթները  և հաղորդել այդ ներդաշնակությունը  այն պահերին, որոնք որքան անցողիկ են, նույնքան հավերժական և մնայուն:

Նկարները հոգեկերտ են, ես շարժում եմ վրձինն այնպես, ինչպես անում էի երեք տարեկանում՝ ընկղմված իմ աշխարհներում ոչ իրականությունից բայց և նույնքան իրական աշխարհներում որքան կարող է լինել միայն  ամենաիրականը:

 

5. Ինչպե՞ս ես զգում աշխարհը: Կա արդյոք մի որոշակի դիտանկյուն, որի վրա է ստեղծվում ողջ տիեզերքդ:

Աշխարհը զգալու համար պետք է այն սիրել, ինձ համար դա միակ բանալին է, որը բացում է անհունության դռները: Երբ սիրում ես աշխարհը, նրա ամեն մասնիկը, ամեն ծագը, անգամ այն, ինչ չես տեսել ու չգիտես, սիրելի են դառնում: Եթե կարողանում ես սիրել չճանաչվածը, անտեսանելին՝ հավատալով դրա հրաշալիությանը, դու կարողանում ես «տեղավորել» դրանք քո սիրո անսահմանության մեջ:  Դու այդ պահին գիտակցում ես, որ ի զորու ես գրկել ողջ աշխարհը, ողջ տիեզերքը, և դա է միակ ճանապարհը Նրա իմաստությանը հաղորդակից լինելու և դրա մասնիկը ճանաչվելու համար:

Ես հասկանում եմ, որ երբեք չեմ կարող ընտրել ընդամենը մեկ անկյուն և այնտեղից դիտել այս աշխարհը, ես ուզում եմ այն զգալ ամբողջությամբ ու գիտեմ, որ ինչպես ես եմ նրա մեջ, այդպես էլ նա է իմ մեջ՝ իր ողջ էությամբ:

Ես աշխարհը զգում եմ իբրև իմ հոգում վաղուց  բացահայտված մի  հրաշք, որը անվերջ պիտի բացահայտեմ և մի  օր մի արժանի մասնիկ կերտեմ և ընծայեմ նրան:

 

 6. Քեզ համար կարևոր է պատկերել ճշմարի՞տը, թե՞ գեղեցիկը:

Կարևոր է գույներին թողնել, որ պարեն իրենց պարը: Պետք չէ խանգարել քո ներաշխարհի և  արտաքին աշխարհի  անկեղծ երկխոսությանը: Իմ պատկերածը ո՛չ ճշմարիտ է, ո՛չ  էլ գեղեցիկ:

Երբ ես արդեն վերջացնում եմ պատկերել, նայում եմ նկարին և հասկանում, որ նա արդեն գոյություն ունի  այս աշխարհում, որ նա, լինելով արդեն  անցյալից, միշտ լինելու է բոլոր ներակներում. ես երջանկանում եմ, որ նա իր հետ կտանի և կապրեցնի իմ երազների լուռ թռիչքները:

 

 7. Ի՞նչ է կտավը քեզ համար և արդյոք գունապնակդ քչություն չի անո՞ւմ:

Կտավը փոքրիկ աշխարհ է, որը կարող է մի օր իր մեջ արտացոլել ողջ աշխարհը: Այն երազանքների, պատրանքների, զգացմունքնրի յուրահատուկ հայելի է, հայելի, որի մեջ չեն նայում, որի մեջ միայն տեսնում են:

Գունապնակումս շատ գույներ չկան, բայց և թվում է՝ ամեն բան կա ստեղծելու համար այն գույնը, որը տեսնում ես:

Միայն մի գույն կա, անունը՝ Լույս… Եվ միայն մի Նկարիչ ունի այդ գույնը, և քանի Նա նկարում է այս աշխարհը Լույսով,  իմ կյանքի գունապնակում երբեք ոչինչ չի պակասի…

հարցազրույցը՝ Անահիտ Ծատուրյանի

Տարածել`
Share

You may also like...