Իմաստուն մարդու պատկերը. Առակ

«Ով որ լսում է իմ խոսքերը և դրանք չի կատարում, կնմանվի մի հիմար մարդու, որ իր տունը շինեց ավազի վրա. անձրևները թափվեցին, և գետերը բարձրացան, հողմերը փչեցին և զարկեցին տանը, և նա ընկավ, և նրա կործանումը մեծ եղավ» (Մատթ. 7:24-27):
Աստծու խոսքերը ոչ միայն պետք է լսել, այլ որ կարևոր է դրանք պետք է գործադրել, քանի որ երկուսն էլ իրար հետ կապված իրականություններ են: Հիսուս ասում է. «Մանավանդ երանի է նրանց, ովքեր լսում են Աստծու խոսքը և կպահեն» (Ղուկ. 11:28):
Աստծու խոսքերը լսել, պահել ու գործադրել, նշանակում է կառուցել հոգևոր ամուր և հավիտենական շենքեր, որոնք երբեք չեն կործանվում:
«ՄԱՐԴԸ ԿԱՐՈՂ Է ՀՊԱՐՏԱՆԱԼ ԻՐ ԿԱՌՈՒՑԱԾ ՔԱՐԱՇԵՆ ԿԱՄ
ՓԱՅՏՅԱ ՇԵՆՔԵՐՈՎ, ՍԱԿԱՅՆ ՀՈԳԵՎՈՐ ՇԵՆՔԵՐ ԿԱՌՈՒՑԵԼՈՎ՝ ԿՍՐԲԱՆԱ»
Մարդիկ կիլոմետրերով գնում են հաճույքներ վայելելու, բայց մի քանի կիլոմետր չեն քայլում հոգևոր կյանքը ապրելու համար: Աշխարհային հաճույքները հրապուրում են մարդկանց և սակայն նրանք հաճախ անտեսում են հոգևորը: Նախընտրում են նյութապաշտությունը, քան՝ աստվածպաշտությունը:
Այս պայմաններում իմաստուն մարդը մի գործի ձեռնարկելուց առաջ նկատի է առնում այդ ուղղությամբ ունեցած իր կարողությունները, չափում է, ձևում ու հետո սկսում: Արդարև այս իմաստությունը պահանջում է հեռատեսություն և խոհեմություն: Սա նշանակում է՝ նախ մտածել, հետո՝ խոսել կամ գործել:
Ընդհանրապես մարդիկ նախընտրում են կառուցել նյութական շենքեր, քան՝ հոգևոր կառույցներ: Քարաշեն կառույցների համար նրանք շատ դրամ են ծախսում, սակայն հոգևոր շենքեր կառուցելու համար ոչ մի բան էլ չեն անում: Մի պահ մտածեցեք, թե ո՞րն է ավելի հեշտ: Մարդը կարող է հպարտանալ իր կառուցած քարաշեն կամ փայտյա շենքերով, սակայն հոգևոր շենքեր կառուցելով՝ կսրբանա: Պատմությունը վկայում է, որ բարձրահարկ քարաշեն շենքերը կործանվում են ժամանակի ընթացքին, մինչդեռ հոգևոր ճշմարտությունների վրա հիմնված շենքերը բարձրանում են դեպի երկինք՝ հավիտենական կերպով և մնայուն: Ի՞նչն է պատճառը. որովհետև հոգևոր շենքերի հիմքերը հաստատուն են և ամուր, քանի որ նրանք կառուցվում են իմաստությամբ ու պատրատված մի ծրագրի շնորհիվ:
Խելացիությամբ ու իմաստությամբ պատրաստված ծրագիրը մեծապես նպաստում է հոգևոր շենքի գոյապահպանմանն ու գոյատևմանը: Հոգևոր պատերազմը մարմնական, ֆիզիկական պատերազմ չի, այլ՝ կյանքի, սկզբունքի և գաղափարի, հավատով զորացած ուժերի կողմից մղված մի պատերազմ:
Կյանքը անվերջ մի պայքար է և այս պայքարից հաղթական կարելի է դուրս գալ միայն խոհեմ ու իմաստուն նախատեսությամբ և լավ ծրագրով: Որով հոգևոր նախատեսությունը անհրաժեշտ է հոգևոր մի շենքի կառուցման գործում: Եվ մարդուն մնում է գործել միայն այդ ծրագրի պահանջների համեմատ…:
ՀՈԳԵՎՈՐ ՇԵՆՔԵՐ ԱՍԵԼՈՎ Ի՞ՆՉ ՊԻՏԻ ՀԱՍԿԱՆԱՆՔ:
Մի օրինակ բերեմ: Հրավիրված եք Սուրբ Պսակի կամ Սուրբ Մկրտության: Գնում եք եկեղեցի և տեսնում, որ Սուրբ Պսակին կամ Սուրբ Մկրտության ընդամենը երեսուն կամ քառասուն հոգի են ներկա, երբ սրահում ականատես եք լինում ավելի քան չորս հարյուր հոգու ներկայության: Ո՞ւր է մեր հոգևոր շենքը: Հարսն ու փեսան երդվում են Աստծու առաջ, որ իրար պիտի սիրեն հավատարմությամբ և մինչև իրենց կյանքի վերջը: Նրանց համար ամենակարևոր պահն է՝ երդման պահը Աստծու և Սուրբ Սեղանի առաջ: Իսկ ո՞ւր են ներկաները: Նույնը նա սուրբ Մկրտության ժամանակ, երբ երեխան կամ երեխաները իրենց մեջ ընդունում են Հիսուս Քրիստոսին ու փրկվում: Նրանց բոլոր զգայարանները օծվում են Սուրբ Մյուռոնով: Իսկ ո՞ւր են վկաները, ժողովուրդը, նրանք սրահում անհամբեր սպասում են օրվա հերոսներին նյութական ուտելիքներից օգտվելու համար, իսկ հոգևո՞րը, հավիտենակա՞նը..: Եվ այսպես հոգևոր շենքերը կամաց-կամաց փուլ են գալիս:
ՈՒՐԵՄՆ ՄՏԱԾԵՆՔ ԵՎ ԳՈՐԾԵՆՔ ԻՄԱՍՏՈՒԹՅԱՄԲ՝ ԱՍՏԾՈՒ ԳԾԱԾ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ, ՈՐԸ ՄԵԶ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ, ՍԻՐՈ, ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՎԻՏԵՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՂԻՆ: ՀԵՏԵՎԵՆՔ ՆՐԱՆ: ՓԱՌՔ ԱՄԵՆԱԿԱԼԻՆ:

Հեղինակ՝ Տ. Հովսեփ Ա.Քահանա Հակոբյան

Տարածել`
Share

You may also like...