Ի՞նչ ֆիլմ է պետք ներկայացնել Օսկարին

artsakhpress.am

Անդրադառնալով ամերիկյան կինոակադեմիայի` «Օսկար»-ի 89-րդ մրցանակաբաշխությանը Հայաստանի ազգային կինոակադեմիայի կողմից ֆիլմի ներկայացման հարցին՝ «Արցախպրես»-ի հետ զրույցում լրագրող Հովիկ Աֆյանը նշեց, որ կա վարկած, որ այն համաշխարհային կինոյի գլխավոր մրցանակաբաշխությունն է, որտեղ գնահատվում է բացառապես արվեստը, կինոն եւ հաղթում են արժանի արվեստագետները: Մեկ ուրիշ վարկածով, սա ամերիկյան կինոակադեմիայի տոնն է, որին Ամերիկան երբեմն թույլ է տալիս մասնակացել աշխարհի այլ երկրների, ընտրելով նրանցից այն ֆիլմերը, որոնք իրեն պետք են, ավելի ճիշտ՝ իր կարծիքով աշխարհին են պետք…Շատ վարկածներ կան, թե ինչ է Օսկարը, բայց կա մեկը, որը հնարավոր չէ հերքել. Օսկարը քաղաքականություն է, եթե կուզեք՝ աշխարհաքաղաքականություն:

Հետեւաբար, ըստ Աֆյանի, օրինակ Բոսնիան եւ Հերցեգովինա պետությունը, եթե երկու ֆիլմ ունի, որոնցից մեկը պատմում է Հարավասլավիայի տրոհման, Բոսնիա Հերցեգովինայի անկախության, այդ գործում ամերիկացի զինվորների ՙանմնացորդ նվիրման՚ մասին, իսկ մյուսը պատմում է, ենթադրենք, բոսնիացի գյուղացի Զլադկոյի եւ նրա անպատասխան սիրո մասին, հաստատապես կընտրի առաջին ֆիլմը, քանի որ գուցե երկրորդը, որպես արվեստի գործ, ավելի լավն է, բայց առաջինը քաղաքականություն է:

«Բայց թողնենք բոսնիացիաներին, մանավանդ, որ սերբերը, բացի Միհրան Հարությունյանին հաղթած սերբ ըմբիշ Դավոր Շտեֆանեկից մեր բարեկամներն են: Հայաստանի կինոակամեդիան այս տարի Օսկարին ներկայացնելու երեք ֆիլմ ունի, որոնցից մեկն էլ պետք է ընտրի: Դրանք են, Դավիթ Սաֆարյանի «28:94 տեղական ժամանակով» հայաստանյան ֆիլմը, որը պատմում է 90-ականների մութ եւ ցուրտ տարիների մասին, Սարիկ Անդրեասյանի՝ «Երկրաշարժը» ռուսաստանյան ֆիլմը, 1988-ի երկրաշարժի մասին եւ Ջիվան Ավետիսյանի՝ «Վերջին բնակիչը» հայաստանյան ֆիլմը, որը պատմում է Արցախի պատերազմի մասին: Այս երեք ֆիլմերից մեկը պետք է գնա Օսկար, բայց ո՞րը: Օրինակ Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմը, չնայած Հայաստանում դեռ չի ցուցադրվել, բայց տեսնողներն ասում են, որ լավ ֆիլմ է, Օսկարի թեկնածու ֆիլմն, ինչ խոսք, վատը չի կարող լինել: Բայց սա ռուսաստանյան կինեմատոգրաֆ է, այն հայաստանյան ֆիլմ չէ, պատահական չէ, որ ռուսական որոշ լրատվամիջոցներ այս կապակցությամբ գրում են, որ «Հայաստանը Օսկարում կարող է ներկայացնել ռուսաստանյան ֆիլմ» »,- ասաց Աֆյանը:

Մեր զրուցակցի խոսքով, Դավիթ Սաֆարյանի՝ կրկին լավ ֆիլմը հայաստանյան արտադրանք է, հայաստանյան արտադրանք է նաեւ Ջիվան Ավետիսյանի ֆիլմը… Հենց այստեղ էլ վրա է հասնում քաղաքականությունը:

«Մենք ի՞նչ ենք ուզում, որ աշխարհին ի՞նչ ասենք: Այն, որ 1988-ին մեր երկրում ավերիչ երկրաշարժ է եղել, բայց որի մասին մենք չենք կարողանում ֆիլմ նկարել, ստիպված դիմել ենք Ռուսաստանի օգնությա՞նը, այն, որ 90-ականներին մենք ապրել են մեղմ ասած վատ, մթի եւ ցրտի պայմանններում, թե՞ այն, որ Արցախում չնայած շատերն ադրբեջաներեն են խոսել, բայց այն եղել ու մնում է հայկական հող: Մեր զրույցի թեման՝ աշխարհի հետ այս երեքից ո՞րն է, ո՞րը պետք է լինի: Լավ, ենթադրենք, աշխարհն իմացավ, թե ի՞նչ հետեւանքներ է թողել 1988-ի երկրաշարժը մեզ վրա, ենթադրենք իմացավ, որ 90-ականներին մենք ապրել են մութ եւ ցուրտ տարիներին, բայց նախ, աշխարհն այսօր էլ այս ամենը գիտի, բացի դրանից, եթե նոր էլ իմանա, դրանից ի՞նչ է փոխվելու, ի՞նչ կարող է փոխվել: Մեզ խղճալո՞ւ են, իսկ դա մեզ պե՞տք է, մեզանով հպարտանալու են, որ այդ դժվարություններն հաղթահարե՞լ ենք, լավ, ենթադրենք հպարտացան, ասենք Ամերիկյան կինոակադեմիայի նախագահը Օսկարի բեմից հայտարարեց, որ ինքը հայերով հպարտանում է, քանի որ նրանք 1988-ին երկրաշարժ են տեսել, 90-ականներին էլ մթության մեջ մրսել են, բայց հիմա…Հիմա ի՞նչ:»,- ասաց Աֆյանը և հավելեց, որ տվյալ դեպքում հիմա-ն ամենակարեւորն է այս պատմության մեջ:

«Վերջին բնակիչը» ըստ Աֆյանի, այդ հիմա-ի մասին է, դրա պատասխանն է, ավելի ճիշտ դրա անպատասխան հարցն է: Այդ ֆիլմով մենք աշխարհին պատմում ենք Արցախի մասին, այնտեղ բնակվող հայերի մասին, ադրբեջանցիների մասին եւ դա անում ենք կատարյալ անկեղծությամբ, եւ հարցնում ենք՝ հեյ, աշխարհ, թույլ տալի՞ս ես, որ հայերն իրենց հայրենիքում վերջին բնակիչը դառնան…

«Այդուհանդերձ՝ ընտրությունը Հայաստանի կինոակադեմիայինն է, եւ մենք միայն հույս ունենք, որ այդ ընտրոթյունից հետո աշխարհը կպատասխանի մեր հարցին, ոչ թե կհպարտանա «հայու ոգով», եւ կամ, կխճա մեզ: Տեսել ենք այդ խղաճահարությունն էլ, այդ հպարտությունն էլ…Գոհ ենք: Եւ ընտրությունը ոչ թե ֆիլմերի մեջ է, քանի որ դրանք երեքն էլ լավն են, այլ ուղերձի, աշխարհի հետ երկխոսության թեմայի, նրան ուղղված մեր ասելիքի…»,- խոսքը եզրափակեց Աֆյանը:

Նշենք, որ սեպտեմբերի 3-ին Հայաստանի կինոակադեմիան պաշտոնապես կառաջադրի թե հայկական որ ֆիլմը կմասնակցի «Օսկար»-ի 89-րդ մրցանակաբաշխությանը: Ներկայացված է երեք ֆիլմ. Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը», Դավիթ Սաֆարյանի «28:94 տեղական ժամանակով»-ը և Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ»-ը:

Հավելենք, որ Հայաստանը 2002 թ. ներկայացրել է Վ. Չալդրանյանի «Լռության սիմֆոնիա» կինոնկարը, 2010-ին՝ Ռուբեն և Վահե Գևորգյանցների «Հրաշագործի աշունը» փաստավավերագրական ֆիլմը, 2013-ին՝ արցախյան պատերազմի մասին պատմող Միքայել Պողոսյանի «Եթե բոլորը» ֆիլմը, որոնցից ընտրական փուլ է անցել միայն վերջինը:

«Օսկար» 89-րդ մրցանակաբաշխությունը կայանալու է 2017 թ. փետրվարի 26-ին:

Տարածել`
Share

You may also like...