Ի՞նչ վիճակում է գտնվում «Մեր մանկության տանգոն» ֆիլմի՝ «Վառեմ-մարեմ» տեսարանի բալկոնը

«Մեր մանկության տանգոն» ֆիլմը դիտել եմ, երևի, հարյուր անգամ։ Երբ երեխա էի, ֆիլմը շատ գույներով ու ծիծաղով լեցուն հումորային պատում էր, որտեղ հնչում էր իմ բարբառը: Ուրախանում էի ու կրկնում էի մեր Ֆրունզիկի  խոսքերը։

Մեծանալուս հետ մեկտեղ կաթիլ առ կաթիլ սկսեց թախիծ խառնվել ամեն մի դրվագում: Այժմ «Մեր մանկության տանգոն» ինձ համար ընտանեկան կյանքից վերցված մի պատառիկ է, որտեղ խտացված են կյանքի բոլոր գույները՝ սերն ու դավաճանությունը, ընտանիքն ու բաժանումը, ընտանիքի համար պայքարն ու աշխարհի ծռությունը։

-Լուսը վառել եմ ու պտի վառեմ, ու էսօրվանից հետո էլ պտի վառեմ-մարեմ, վառեմ-մարեմ։
-Վառե՜, Վառե՜։
-Կվառեմ, հենց պտի վառեմ։
-Քու գործդ մենակ վառելն է։

Այսպես էր Սիրանուշը (Գալյա Նովենցը) վիճում Ռուբենի (Ֆրունզիկի) հետ պատշգամբում կանգնած։ Ֆիլմի նկարահանելուց հետո այդ պատշգամբին գյումրեցիները այլ անուն ու հասցե տվեցին՝ «Վառեմ-մարեմի բալկոնը»։

 

Այս վերհուշը ավելի լուսավոր կլիներ, եթե «Վառեմ-մարեմի բալկոնն» ու տունը լինեին նորմալ վիճակում, ոչ թե քանդված ու աղբանոցի վերածված, որն ամեն պահ կարող է փլվել։ Ամեն անգամ կողքով անցնելիս ցավ ու ափսոսանք եմ զգում: Պատմական արժեքն ու հիշողությունը բոլորիս աչքի առաջ փոշիանում է։

«Վառեմ-մարեմի բալկոնի» ու տան պատմությունը

Շենքը գտնվում է Վարդան Աճեմյան փողոցում, Գյումրու Կենտրոնական այգու հարեւանությամբ։ Երկհարկանի շինությունը «Կումայրի» պատմամշակութային արժեքների արգելոց-թանգարանի կառույցներից մեկն է։ Կառուցվել է 1860-ականներին՝ ալեքպոլցի առեւտրականներ Աբովյանների ու Խոյեցյանների տներն են եղել, հետագայում համալրվել են այլ կառույցներով՝ ռուսական բանակի կապի հանգույցն է կառուցվել, որն Ալեքպոլի համար դարձել է միակ փոստային բաժանմունքը։

Լուսանկարը` Կարեն Մկրտչյանի

Խորհրդայնացումից հետո հարուստ առևտրականների տները ազգայնացվում են, այս շինությունը՝ եւս։ Մինչև 1960-ականները երկհարկանի շինությունը ծառայել է սահմանապահներին, հետագայում այստեղ են կազմակերպվել Լենինականի Մանկավարժական ինստիտուտի ռազմագիտության, երգ-երաժշտության դասերը։

1985 թվականին հենց այստեղ է նկարահանվել «Մեր մանկության տանգոն»։ Կինոյի մեջ հավերժացված կառույցը 1926 թվականի երկրաշարժից հետո ևս մեկ անգամ ցնցվել է 1988 թվականին։ Մասամբ վնասվել է, բայց կանգուն մնացել ու օթևան դարձել երկրաշարժից տուժածների համար։

Աստիճանաբար նոր բնակարաններ տեղափոխվելով՝ անօթևան գյումրեցիները հեռացան պատմական շինությունից, որն առանց խնամքի սկսեց քայքայվել: 2009 թվականին շենքով հետաքրքվեց Մշակույթի նախարարությունը, կառավարության որոշմամբ կառույցը «Կումայրի» արգելոց-թանգարանի կազմից փոխանցվեց նախարարության ենթակայությանը։

Լուսանկարը` Կարեն Մկրտչյանի

Երկու տարի անց սկսվեց շենքի մի հատվածի վերանորոգումը՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի եւ Իտալիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ։ Վերանորոգված հատվածում 2012 թվականից  գործում է Շիրակի մարզային գրադարանը։ Խոստացվել էր, որ շինության մյուս հատվածներն էլ կվերանորոգվեն, սակայն նոր աշխատանքներ չեն կատարվել։

Հիմա միայն Շիրակի մարզային գրադարանի հատվածն է բարեկարգ, իսկ «Մեր մանկության տանգոն» ֆիլմից շատերին ծանոթ պատշգամբը, տունը, բակը ծածկված են աղբով ու մոլախոտով։

Լուսանկարը` Կարեն Մկրտչյանի

Բայց այսօր էլ շատերի համար այն պատմական ու տեսարժան վայր է։ Գրադարանավարուհին ասում է, որ հաճախ փողոցի հասցեով չեն գտնում գրադարանը, բայց «վառեմ-մարեմի բալկոնի» ու տան անունը լսելով՝ միանգամից կողմնորոշվում են։

Անցորդներից մեկն էլ ասաց. «Կտեսնիմ, կուգան կնկարվին, հարս ու փեսա եմ տեսել էստեղ նկարվող։ Նույնիսկ բալկոնում կանգնած կուզեն նկարվին։ Ճիշտն ըսած կվախենամ, օր հանկարծ մե փորձանքմ չէղնի, կիսախարխուլ է, մե մասն էլ բլած»։

Պատմական շենքի հարևանությամբ ապրող Միսակ Հաջյանը, հպարտանալով, որ տեսել է, թե ինչպես է նկարահանվել «Վառեմ-մարեմը», հոգոց հանելով ասաց

Միսակ Հաջյանը
Միսակ ՀաջյանըԼուսանկարը` Կարեն Մկրտչյանի

«Էհ՜, ես վիճակը կտեսնիմ, ցավ կզգամ, բայց շատերը զգացողություն չունին։ Նեռվը հանած ատամ ինչխօր էղնին։ Նեռվը հանած ատամն օր կքաշեն, չի ցավա: Հըմիկվա գործ էնողների ու մտածողների նեռվերը հանած է, կտրել են կապը իրենց անցյալի ու պատմության հետ, ըդոր համար էլ ցավ չեն զգա, օր էս արժեքը ըսպես կվերանա»։

 

Անահիտ Հարությունյան, Գյումրի
Լուսանկարները՝ Կարեն Մկրտչյանի

Նյութը ներկայացվեց առանց խմբագրման

Նյութի աղբյուրը՝ mediamax.am

Տարածել`
Share

You may also like...