Ի՞նչ են խրատում իմաստունները

mediamag.am-ը ներկայացնում է՝

Խիկար Իմաստուն (Ախիկար, Աքաիկարոս, Խիկար), ապրել է մ.թ.ա. 5-րդ դարում, Ասորեստանի Սենեքերիմ թագավորի ժամանակ, եղել նրա ատենադպիրը։

Ներկայացնում ենք նրա իմաստուն խրատները, որոնք կարող են շատ օգտակար լինել կյանքում.

1. Եթե գաղտնի խոսք լսես, այն մեռցրու հոգուդ մեջ: Ոչ ոքի մի՛ ասա այդ գաղտնիքը, որպեսզի դա քո բերանում բոցկլտացող կրակ չդառնա, չվառի քո լեզուն, տանջանք չպատճառի հոգուդ և քեզ չստիպի տրտնջալ Աստծուց:

2. Մի՛ հրապարակիր այն ինչ լսում ես և ուրիշներին մի՛ ասա, ինչ որ տեսնում ես:

3. Մի՛ նմանվիր նշենուն, որը շտապում է ծաղկել բոլորից շուտ, իսկ պտուղ է տալիս բոլորից ուշ: Լավ է նմանվես թթենուն , որը թեև ուշ է ծաղկում, բայց նրա պտուղն առաջինն են ուտում:

4. Երբեք ձայնդ մի՛ բարձրացրու, քանզի բարձրագոչ խոսքերով չի կառուցվում շենքը:Եթե կարելի լիներ գոռոցով տուն կառուցել, ապա ավանակը օրը երկու տուն կկառուցեր: Եթե միայն ուժը շարժեր գութանը, ապա խոփը երբեք չէին արձակի ուղտի ուսից:

5. Քանի ոտքերիդ ամուր կոշիկներ ունես,կոխկրտիր փուշ ու տատասկները և ճանապարհ մաքրիր երեխաներիդ և թոռներիդ համար:

6. Անօրենն ընկնում և այլևս չի վեր կենում, իսկ բարեպաշտը աներեր է կանգնում, քանզի Աստված նրա հետ է:

7. Դժբախտության պահին մի՛ անիծի Աստծուն, որ նա չլսի և չբարկանա վրադ:

8. Քարերով դե՛ն քշիր այն շանը, որն իր տիրոջը թողել, քո հեռևից է գալիս:

9.  Բարի անունը լավ է մեծ գեղեցկությունից, քանզի բարի անունը մնում է հավետ, իսկ գեղեցկությունը՝ թոշնում, անցնում է:

10. Թող քո շուրթերը չարտաբերեն լավ չմտացված խոսք:Քանզի լավ է սայթաքել մտքի մեջ, քան զրույցի ժամանակ:

11. Մարդու աչքը նման է աղբյուրի. և՛ մեկը, և՛ մյուսը չեն հագենա, մինչև նրանց հողով չլցնեն:

12. Ես երկաթ եմ քարշ տվել և քարեր շուռ տվել, բայց այդ բոլորը ինձ համար շատ ավելի հեշտ է թվացել, քան աներոջ տանը ապրելը:

 

Հրապարակման ներկայացրեց՝ Մինաս Ալեքսանյանը

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed