Ի՞նչ դերակատարություն ունեին հայերը՝ Հնդկաստանի արդյունաբերության մեջ

16-18-րդ դարերում ջուղայահայերի աշխարհասփյուռ առևտրական համայնքները սերտորեն կապված էին միմյանց հետ ցանցային առևտրով: Նրանց առևտրային ցանցը ձգվում էր Եվրոպայից  մինչև Ասիա և Հեռավոր Արևելք: Ունենալով իր կենտրոնը՝ Նոր Ջուղան, առևտրային ցանցը գործել է իր ուրույն օրենքներով և տեղեկատվական համակարգով: Այն ինքնավար և հզոր մի կառույց էր, որ միավորել և համակարգել էր  առևտրային համայնքների ոչ միայն տնտեսական, այլ նաև մշակութային և կրթական կյանքը:

Մինչև եվրոպական գաղութարարների ներթափանցումը Հեռավոր Արևելք ծովային ճանապարհով, հայ վաճառականները եղել են արևելյան առևտրի գլխավոր տերերը:  Առևտրային ցանցը շարունակել է  գործել նույնիսկ այն բանից հետո, երբ հնդկահայ վաճառականությունը 1688թ. համագործակցության պայմանագիր ստորագրեց անգլիական «Արևելա-Հնդկական Ընկերության» հետ և ներգրավվեց անգլիական ծովային առևտրի մեջ:

Ջուղայահայերի առևտրային ցանցը կազմալուծվեց 18-րդ դարում՝ կապված Նոր Ջուղայի ավերման և  քարավանային առևտուրի վերացման հետ: Որքան էլ ցանցի կազմալուծումը  օրինաչափ երևույթ էր, սակայն մեզ համար այն ողբերգական էր այնքանով, որ վերջ դրվեց հայ վաճառականության միասնությանը և անկախությանը: Ունենալով նման կառույց՝ հայ խոջայական դասը ունակ չեղավ լուծելու ազգային այնպիսի խնդիր, ինչպիսին էր հայոց պետականության վերականգնումը: Այդ ուղղությամբ  հնդկահայ համայնքի (Մադրասի խմբակի) ջանքերը ուշացած էին, որովհետև հայ վաճառականությունը կազմալուծվել էր, և անգլիական  Ընկերությունը վարում էր համաշխարհային շուկաներից նրանց դուրս մղելու քաղաքականություն: Չնայած Հնդկաստանում ծովային առևտրի մեջ ներգրավված հայ վաճառականությունը հսկայական կարողությունների տեր էր, սակայն  նրանց զգալի մասը սննկացավ և  միայն մի  մասը 19-րդ դարում  կարողացավ ներդրում անել երկրի արդյունաբերության մեջ՝  չնայած բրիտանացիների անհյուրընկալ վերաբերմունքին:

19-րդ դարի սկզբում հնդկահայ գաղթօջախի քարտեզը նախկինի համեմատ զգալիորեն փոխվում է:  Ամենուրեք հայերի թիվը նվազում է, և միայն Կալկաթայում և Մադրասում է, որ ոչ միայն չի նվազում, այլև հակառակը՝ ստվարանում է: Հնդկահայ ազգային և մշակութային կյանքը կենտրոնանում է այդ քաղաքներում:

Հետևելով եվրոպացիների օրինակին՝ հայ վաճառականները միավորում են իրենց կապիտալը և ստեղծում միություններ: Այս ընկերությունների շարքում են «Արևելյան Ապահովագրական Միությունը» (ստեղծված 1839թ.), «Ծովային Ապահովագրական Գործակալությունը», որ իր մասնաճյուղերը ուներ Լոնդոնում, Սինգապուրում, Մադրասում, Մումբայում, Չինաստանում: Հայտնի ընկերություններից  «Միացյալ Բեռնափոխադրող Ընկերությունը», «Հուգլի Գետի Բեռնափոխադրող Ընկերությունը», բեռնափոխադրումները կատարում էին ՝ «Հովսեփ-Մանուկ», «Հովհաննես-Սարգիս», «Հարություն Աբգար», «Հռիփսիմե», «Աննա-Մարթա», «Հեռո» և այլ հայկական նավերի միջոցով: Չնայած այս ընկերությունները ունեին զգալի նյութական կարողություն և գործունեության լայն ասպարեզ, նրանցից շատերը համագործակցում էին եվրոպացիների հետ, հետևում էին նրանց օրինակին և լիարժեք անկախ չէին:

19-րդ դարում հայ վաճառականները ներդրում են անում իրենց համար առավել  շահութաբեր շելլակի առևտրի մեջ՝ Միրզափուռում, Ջհալդայում և Կալկաթայում, լեղակենու առևտրի մեջ Բեհարում և ջուտի՝ Դաքայում:

Դեռ 17-րդ դարից հայերը վճռորոշ դեր էին խաղում լեղակենու առևտրի մեջ Բիանայում, որը լեղակենու առևտրի գլխավոր կենտրոնն էր և մրցում էին անգլիացիների և հոլանդացիների հետ: Երբ անգլիացիները սկսում են ամրապնդել իրենց դիրքերը Հնդկաստանում և վտարել հայ վաճառականությանը հնդկական շուկաներից, վերջիններս կորցնում են իրենց գերիշխանությունը լեղակենու առևտրում, թեև շարունակում են իրենց գործունեությունը Բեհարում: 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին լեղակենու առևտրի մեջ առավել նշանավոր դեմքեր են եղել Գրիգոր Մարգար Գրիգորին և Լեոնարդ Կարաս Զոհրաբը: Երբ հայտնաբերվում են արհեստական ներկերը, լեղակենու պահանջարկը նվազում է, հայ վաճառականները աստիճանաբար սկսում են ջուտի և շելլակի արտադրությունը:

Հայերը կարևոր դերակատարություն են ունեցել շելլակի արդյունաբերության մեջ՝ մասնավորապես նրա ձևավորման սկզբնական շրջանում: 19-րդ դարում շելլակի արդյունաբերության կենտրոնը եղել է Միրզափուռը և պահպանել է իր տեղը մինչև շելլակի գործարաններ են բացվել և այլ վայրերում՝ գլխավորապես Բեհարում: 19-րդ դարի վերջերին Միրզափուրում եղել են հայերին պատկանող մի շարք գործարաններ, որոնց մեջ շատ հայտնի էին երկուսը, որ պատկանում էին Գուլզադ Կարապետին Կարապետ Մ. Ջոնին (ավելի շատ հայտնի է «Ջամբոր» անունով): Շելլակի արտադրության խոշոր կենտրոն է եղել նաև Ջհալդան: Ջհալդայում ամենամեծ գործարանը պատկանել է Հարություն Մկրտում Հարությունյանին: Նա եղավ առաջին գործարարը, որ շելլակի գործարանը մեքենայացրեց՝ ներդնելով այնտեղ լաք մաքրող և լվացող մեքենաներ: 1957թ. Կալկաթայում ձևավորվել է «Շելլակի Առևտրական Ասոցիացիա» և Հարություն Մկրտում Հարությունյանը նշանակվել է նրա նախագահ: Նա նաև եղել է հնդկական Լաք-Քեսս կոմիտեի «Lac Cess Committee» անդամ: Մինչև 20-րդ դարի երկրորդ կեսերը շատ հայեր ներգրավված էին այս արտադրության մեջ: Այդ տարիներին նրանք ստիպված էին մրցակցել Թաիլանդի հետ, որ արտահանում էր շելլակ աշխարհի այլ երկրներ ավելի ցածր գներով: Ունակ չլինելով հաղթահարելու դժվարությունները՝ գործարարները լքում են երկիրը և տեղափոխվում մասնավորապես Միացյալ Թագավորություն և Ավստրալիա:

Դաքայում 19-րդ դարի երկրորդ կեսին հայերը եղան ջուտի առևտրի սկզբնավորողները: 1875թ.  ձևավորված  Մարգար Դավթի  «M.David & Co» և Միքայել Սարգսի «M.Sarkies & Sons» խոշոր ընկերությունները եղել են շատ հայտնի և պահպանել իրենց  դիրքերը մինչև 20-րդ դարի սկիզբը:

19-րդ դարում ածխի  խոշոր արդյունաբերողներից է եղել  հայազգի Հարություն Աբգարը: Բրիտանացի մասնավոր երկրաբան Ռ. Ջ. Ջեկսոնը 1826թ. այցելում է Բենգալիա և հայտանաբերում ածխի հանքեր Ռանիջանջի և Ասանսոլի շրջակայքում: Նա կարողանում է ապացուցել, որ այդ տեղանքը շատ հարուստ է ածխով: Նա դիմում է մի շարք եվրոպական ընկերությունների՝ առաջարկելով այցելել այնտեղ և արդյունահանել ածուխը: Միայն հայազգի Հարություն Աբգարն է հետաքրքրվում  այդ առաջարկով: Նա ձեռք է բերում ընդարձակ հողատարածք և սկսում արդյունահանել ածուխ Լաչիփուռում (որը գտնվում էր Ասանսոլից 4 մղոն հեռու), անցկացնում  նաև երկաթգծեր Ռանիջանջից մինչև Լաչիփուռ: Նրա «Apcar & Co. » ընկերությունը արդյունահանում էր ածուխը և ուղարկում Կալկաթա գնացքով: Ընկերությունը ածխի հանքեր է շահագործում Չարանփորում, Ֆարիդրութում և Բորաչուկում: Տեսնելով ածխահանքերի արագ զարգացումը՝ եվրոպացիները դիմում են այս ընկերությանը, ընդարձակ տարածքներ ձեռք բերում նրանից և ածուխ արդյունահանում: Որպես դրա արդյունք՝ Ասանսոլը դառնում է մեծ և զարգացած հանքաարդյունաբերական շրջան: « Apcar & Co.»-ին 19-րդ դարի սկզբին Կալակաթայում ստեղծում է Հնդկական օվկիանոսի և Հեռավոր Արևելքի մեջ գործող խոշորագույն ծովային ընկերություններից մեկը և իր սեփական նավատորմը: Աբգարի գիծ «Apcar Line» կոչվող ճանապարհով, հինգ նավերից կազմված նավատորմը, բեռնված ածուխով և ուղեբեռով, նավարկել է Կալկաթայից դեպի Չինաստան, առավելապես՝ Սինգապուր, Հոնկոնգ և հասել Ճապոնիա:  Հարություն Աբգարի մահից հետո, իր գործը շարունակել են նրա չորս զավակնեը և եղբոր որդին: 1912 թվականին Ընկերության նավերը, ածուխը և գործարանները վաճառվում են  Բրիտանական Հնդկաստանի Շոգենավային Ընկերությանը (BISN): Մինչև 1950- ական թվականները «Apcar Line»-ի Կալկաթայից Ճապոնիա ծովային ուղին եղել է գործող:

20-րդ դարում դեռ ակտիվ էր Մումբայի հայ համայնքը: Եղել են հայտնի ադամանդագործ վաճառականներ: Վաճառականներից շատերը  ներգրավված էին նաև նավթի, հյութերի և արկոհոլի, մեքենաների բիզնեսի մեջ:

Կալկաթայում հայերը կառուցել են հարյուրավոր շինություններ՝ մասնավորապես տներ, հյուրանոցներ, գրասենյակներ և այլն: 20-րդ դարի սկզբին Կալկաթայում խոշոր շինարար և անշարժ գույքի սեփականատեր էր Հովհաննես Գալստունը: Նա գեղեցկացրել է կենտրոնական և հարավային Կալկաթան կառուցելով 350 տուն: Այս հարուստ վաճառականը 25000 ռուփի է նվիրել «Վիկտորիա Մեմորիալի» կառուցման ֆոնդին:

Հայերը վերջնականապես սկսում են լքել Հնդկաստանը 1947թ. անկախության հռչակումից հետո: Ոչ հնդիկ գործարարների ապագան դառնում է անապահով: Այդ օրերին շատ հանրահայտ է դառնում «Հնդկաստանը հնդիկների համար» կարգախոսը: Շատ մասնավոր ընկերություններ ազգայնացվում են: Այս պայմաններում շատ հայ գործարարներ լքում են երկիրը և հեռանում ԱՄՆ, Միացյալ Թագավորություն և Ավստրալիա:

Չնայած այն հանգամանքին, որ հայերը մեծ կարողությունների տեր էին և հաջողակ գործարարներ, այնուամենայնիվ նրանց գործունեությունը, ի վերջո, դադարեց: Գլխավոր և հիմնական պատճառն այն չէր, որ հայերը գործունեություն էին ծավալում օտար երկրներում, այլ այն, որ գործունեությունը իրականցնում էին ոչ թէ իրենց ազգային կառույցներով,  այլ ինտեգրվել էին և գործում էին օտարի կառույցներում՝ լինեին դրանք ազգային, թէ վերազգային: Որքան էլ, որ զարգացած և առաջադեմ էր գործունեության   համակարգը կամ կառույցը և որքան էլ այն ապահովում էր բարեկեցիկ զարգացում,  հաջուղությունները  միայն  ժամանակավոր էին: Սեփական ազգային կառույցների բացակայությունը անհեռանկար է դարձնում ցանկացած գործունեությունը:

 

Հեղինակ՝ Ալինա Սալնազարյան

Նյութի աղբյուրը՝ armfvn.com

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed