Ի՞նչն է մարդու մղում անձնազոհության

auroraprize.com-ը ներկայացնում է՝

Մարինա Գամբարովան ծնվել է 1943թ. Բեռլինում, ռուսահայ ծնողների ընտանիքում։ Լինելով հոգեվերլուծող՝ նա իր մասնագիտական գործունեության ընթացքում հեղինակել է բազմաթիվ աշխատանքներ, որոնց թվում են «Հավատարմության ուտոպիան», «Հակազդեցության արխաիկ կաղապարները խմբային դինամիկայում» եւ «Կրթելու ու ապրելու արվեստը» գրքերն ու հրապարակումները։ Հոգեվերլուծողների միջազգային ասոցիացիայի եւ գերմանական հաստատությունների կազմում տարիներ աշխատելով որպես դասավանդող եւ վերահսկող հոգեվերլուծող՝ նա ներկայումս համագործակցում է Balint Society-ի հետ՝ հոգեբանական խորհրդատվություն տրամադրելով զույգերին։ Մարինա Գամբարովայի հետ քննարկել ենք, թե ինչ ունակություններ պետք է ունենա մարդը, որպեսզի ի վիճակի լինի կատարել The Aurora Prize for Awakening Humanity/«Ավրորա» մրցանակի առաջադրվելուն արժանի արարքներ։

Հարցազրուցավար՝ Իրինա Լեմփ

Պատկերացնենք մի իրավիճակ, որը կարող է պատահել ցանկացած փողոցում՝ երկու հոգի ծեծում են գետնին ընկած մարդուն։ Անցորդների մեծ մասը շրջանցում է, մի քանիսը հանում են հեռախոսն ու սկսում նկարահանել։ Եվ նրանցից միայն մեկն է կանգ առնում օգնելու։ Ինչո՞ւ է այդ մարդը որոշում միջամտել։

Շրջանցողներն ու նկարահանողները կասեցնում են իրենց միջամտությունը՝ վախից եւ տեսախցիկի միջոցով զոհից հեռավորություն պահելով։ Մինչդեռ կարեկցանքն ու ցավը կիսելը միավորվելով զոհին պաշտպանելու ցանկությանը՝ դրդում են ձեր նշած այդ մի մարդուն շտապելու օգնության։ Միջամտությունը երբեմն արդյունք է կանխամտածված եւ խիզախ որոշման, սակայն կարող է լինել նաեւ ենթագիտակցական հզոր ազդակ։ Մի կողմից՝ կարող է թելադրված լինել օգնելու մղումով՝ առանց հաշվի առնելու սեփական անձին սպառնացող վտանգները, մյուս կողմից՝ ապահովության զգացումով՝ «ինձ ոչինչ չի պատահի» մտածելակերպով։ Երբեմն դեր է խաղում ներքին պատկերացումներին համապատասխանելու ցանկությունը, երբ դրանք բխում են բարոյականությունից ու բանականությունից, որոնք էլ, իրենց հերթին, հստակ եւ միարժեքորեն ուրվագծում են ճիշտ եւ ազնիվ ընկալվող գործողությունների ձեւը։ Միջամտության շնորհիվ սեփական անօգնականության զգացումի հաղթահարումը եւս կարող է դեր ունենալ։

Ո՞րն է այն որոշիչ գործոնը, որն անհատին վերածում է փրկողի՝ դաստիարակությո՞ւնը, թե՞ բնատուր խառնվածքը։

Գրեթե անհնար է կանխատեսել՝ մարդը կմիջամտի՞ ծայրահեղ իրավիճակում, թե՝ ոչ։  Շատ բան կախված է անմիջական հանգամանքներից, սակայն մանկության տարիներին ձեւավորված արժեքային համակարգը եւս դեր ունի։ Ի՞նչ կարեւորություն է ընտանիքը հատկացրել փոխօգնությանը, ուշադրությանն ու կարեկցանքին, երախտագիտությանն ու հարգանքին։ Անհրաժե՞շտ է համարել անպաշտպան մեկի համար միջամտելը։ Որքա՞ն սեր ու պատշպանություն են երեխաներն ստացել ծնողի կողմից։ Եվ, իհարկե, չմոռանանք, թե ծնողներն իրենք որքանով են էթիկական առումով լավ մոդելներ եղել՝ հետեւելու եւ ընդօրինակելու համար։

Ցավը կիսելու բացակայությո՞ւնն է, որ մարդուն թույլ է տալիս անտարբեր մնալ կարիքի մեջ գտնվողի ցավին՝ իմանալով հանդերձ նրա ծայրահեղ դրության մասին, թե՞ դաժանություն ու մահ պատկերող ֆիլմերի տարափն է, որ մեզ անհաղորդ է դարձնում այդ տեսակ տառապանքին։

Ես վստահ չեմ, որ տեղեկատվության կամ պատկերների հեղեղը մեզ անզգայացնում է նման երեւույթների նկատմամբ։ Հետազոտություններ կան, որոնք, ինչքան էլ զարմանալի հնչի, փաստում են՝ ամենօրյա ռեժիմով դաժան ֆիլմեր դիտող երեխաները պարտադիր չէ, որ ավելի ագրեսիվ դառնան։

Պետք չէ մոռանալ, որ մարդիկ ոճրագործությունների անհաղորդ դիտորդ են եղել նաեւ անցյալում, երբ բնաջնջվում էին մարդկանց ամբողջական խմբեր, օրինակ՝ հայերը՝ Հայոց ցեղասպանության, կամ հրեաները՝ Հոլոքոստի ընթացքում։

Կարելի՞ է պնդել, որ մեզնից յուրաքանչյուրը «հնարավոր փրկիչ» է։

Եթե հավատալու լինենք, որ մարդիկ ի ծնե բարի են, ես կասեի, որ մարդը հիմնականում հակված է օգնելու։ Մինչդեռ առանձին անհատի սոցիալ-տնտեսական պայմաններն են, որ առաջին հերթին նպաստում են նմանատիպ հակումների զարգացմանը։ Օգնելու համար մարդ պետք է իրեն ոչ թե ահաբեկված, այլ՝ ուժեղ զգա։

Աշխարհում տեղի ունեցող ոճրագործությունների մասին ինֆորմացիան ինչպե՞ս կարող է մարդկանց դրդել միջամտության։

Ինֆորմացիան օգնում է մեզ ծանոթանալ հրատապ խնդիրներին եւ դրանով իսկ ավելի մոտ զգալ դրանց։ Որքան քիչ իմանանք ուրիշ ժողովուրդների ու մշակույթների մասին եւ որքան դրանք ավելի օտար ու տարօրինակ թվան մեզ, այնքան անտարբեր կմնանք դրանց նկատմամբ։ «Օտարը» հաճախ է ընկալվում իբրեւ վտանգ։ Ինչքան պակաս ծանոթ լինեն մարդիկ, այնքան քիչ կվրդովվեն այն անարդարությունից, որը դիմացինն ստիպված է կրել։ Գործելու էական պայմաններից մեկը ցավը կիսելն է։ Քանի դեռ չենք թափանցել «օտարությունից» այն կողմ, շարունակելու ենք ընկալել այն իբրեւ վտանգ։ Ուստի կարելի է եզրակացնել, որ ավելի պատրաստակամորեն մենք իբրեւ միջնորդ հանդես կգանք նրանց համար, ում ճանաչում ենք։ Չմոռանանք սակայն, որ պատմության ընթացքում քաղաքական ու տնտեսական շահերը կրկին ու կրկին մարդկանց մի խմբի դրդել են հալածելու մեկ այլ խմբի, որի հետ երկար ժամանակ ապրելիս են եղել իբրեւ հարեւաններ։

Ի՞նչ վնաս կարող է հասցնել տրավման, եթե տուժածները չկարողանան առերեսվել ու հաղթահարել այն։

Տրավմատիկ ապրումները քայքայում են մարմինն ու հոգին։ Դաժան տրավմայի ենթարկված անձինք հաճախ են տառապում պարբերաբար վերադարձող հիշողություններից, որոնք զոհին ստիպում են վերստին ու դարձյալ վերապրել կրած ցավը։ Վերհուշ կարող է առաջանալ անգամ շատ փոքր բանից՝ ձայնից, հոտից եւ այլն։ Հետտրավմատիկ սթրեսային խանգարման (ՀՏՍԽ) ախտանշանների ցանկը երկար է՝ անքնություն, ուժեղ գլխացավ, անորոշ ցավ, թույլ կենտրոնացում, հիշողության մթագնում, ագրեսիվություն, վախի ու անհանգստության նոպաներ, գերգրգռվածություն, մշտական տագնապի զգացողություն, փախուստի ու թաքնվելու մղում, որ առաջանում է ողջ մնալու համար մեղքի կամ ամոթի զգացումից, չնայած նրան, որ ինքը եւս զոհ է։ Մարդու մոտ զարգանում է խոր անվստահություն, եւ խելագարվելու վախից դրդված՝ նա մեկուսանում է իրականությունից։ Տրավմատիկ իրողությունների հետ առերեսվել սովորելու ունակությունը կախված է նրանից, թե շրջապատը կայունության ինչ մակարդակ կարող է ապահովել եւ թե ինչպիսին են կրած տրավմայի սոցիալ-մշակութային հետեւանքները։ Եթե բռնաբարությամբ ստորացված կինն իր ընտանիքի կողմից դիտվի իբրեւ անարգված, դժվար կլինի ենթադրել, որ նա երբեւէ բավարար աջակցություն կունենա վերականգնվելու համար։

Կարո՞ղ են այդպիսի տրավմաների երկարաժամկետ հետեւանքները փոխանցվել սերնդեսերունդ։

Պատկերացրեք մի մոր, որն անհանգիստ է, իրեն մեղավոր է զգում, տառապում է անքնությամբ եւ, միեւնույն ժամանակ, վախենում է իր երեխաների հետ զգացմունքային որեւէ կապ հաստատելուց, քանի որ չի ուզում նրանց ծանրաբեռնել իր տագնապներով։ Կամ պատկերացրեք մի հոր, որը չի կարողացել ինչպես հարկն է պաշտպանել իր ընտանիքը եւ տառապում է ինքնագնահատականի լրջագույն անկումից, ունի մեղքի ուժեղ զգացում՝ ուղեկցվող տագնապի ու սուր գլխացավի նոպաներով, եւ բացի այդ էլ համոզված է, որ չի արդարացրել իր ընտանիքի սպասումները։ Սեփական սթրեսների պատճառով նման ծնողները գրեթե անընդունակ են անհրաժեշտ աջակցություն տալ իրենց երեխաներին, նրանց վստահության ու ապահովության զգացում ներշնչել։ Անշուշտ, երեխաները եւս մասամբ զգում են ծնողների էմոցիոնալ անկայունությունն ու վախերը։ Նմանատիպ իրավիճակը կարող է հանգեցնել նրան, որ երեխաները, պարտավորված զգալով այդքան ցավի միջով անցած ծնողների նկատմամբ, կրեն նրանց շարունակ խնամելու պարտականությունը՝ իրենք իրենց թույլ չտալով հաճույք ստանալ կյանքից։ Սրանք այն ընտանիքներն են, որտեղ հետտրավմատիկ սթրեսային խանգարումը փոխանցվում է սերունդներով՝ շարունակական վնաս հասցնելով բոլորին։

Պատերազմից տուժած շրջաններում մարդասիրական բազմաթիվ աշխատողներ ոճրագործությունների ականատես են դառնում։ Նրանք է՞լ են տրավմա ստանում։

Այդ մարդկանց եւս օժանդակություն է պետք՝ հոգեպես կայուն մնալու համար։ Նրանց անձնական փորձառության բեռը նույնքան ծանր է։ Անհրաժեշտ է, որ նրանց եւս կիսվելու հնարավորություն տրվի. ոգին բարձրացնելու համար նրանք կարիք ունեն մշտական հանգրվանի, քանի որ երբ տեսնում ես այդքան թշվառություն, դա չի կարող անհետեւանք մնալ։ Փախստականներին օգնող արաբախոս մի աշխատող ժամանակին ասաց ինձ. «Երբեմն ես գնում եմ տուն ու լսածիցս մի ժամ լաց լինում»։ Օգնողներին եւս պետք է օգնել, որ կարողանան շարունակել իրենց ծանր ու բարի գործը։

Ձեր կարծիքով՝ ճանաչում շնորհելը, ներառյալ՝ «Ավրորա» մրցանակի նման պարգեւների արժանացնելը, կարո՞ղ է  խրախուսել անձնազոհ մարդկանց եւ վերահաստատել նրանց՝ այլոց օգնելու կամքը։

Մ.Գ. Անկասկած, մեծագույն աջակցություն է, երբ նման մարդիկ գնահատվում ու ճանաչման են արժանանում իրենց նվիրումի եւ անձնազոհության համար։ Այդօրինակ խրախուսանքն ամուր հենասյուն կարող է դառնալ այն իմաստով, որ այդ մարդկանց վստահություն կներշնչի եւ թարմ ուժեր կհաղորդի՝ շարունակելու իրենց բարի, սակայն դվժարին գործը։ Իմ կարծիքով՝ մարդկանց մեծագույն մասի համար էական նշանակություն ունի, որ կատարածի համար իրենց ճանաչեն եւ գնահատեն։ Իհարկե, կան նաեւ անհատներ, որ խուսափում են ուշադրության կենտրոնում հայտնվելուց, մարդիկ, ովքեր գերադասում են օգնել լռելայն։ Սակայն նմանատիպ մրցանակները միանգամից երկու արժեքավոր գործառույթ են կատարում՝ անհատական գնահատանքի եւ ճանաչման են արժանացնում անհատին եւ միաժամանակ բարձրացնում են հանրային տեղեկացվածությունն աշխարհում մոլեգնող չարիքների վերաբերյալ։ Այս կերպ, մարդիկ ավելին են իմանում երկրագնդի այն վայրերի մասին, որտեղ հրատապ օգնություն է անհրաժեշտ, թեկուզեւ՝ զուտ նվիրատվության տեսքով։

Տարածել`
Share

You may also like...