Ժամանակագնացները. Ռոլֆ Մյուլերի, Շտեֆան Շվարցերի և Էդգար Ամրոյանի ցուցահանդեսը ցուցահանդես

Վաղը՝  օգոստոսի 2-ին, ժամը 17-ին տեղի կունենա «Ժամանակագնացները» ցուցահանդեսի բացումը:

Ողջույնի խոսքով հանդես կգան Էդվարդ Բալասանյանը, Երևանի ՆՓԱԿ-ի (Նորարար փորձառական արվեստի կենտրոնի) համահիմնադիր, Մանոն Բուրսիանը, Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Արվեստի հիմնադրամի տնօրենը,  Նադյա Լիխթենբերգերը՝ հավատարմատար (Գերմանիայի դեսպանություն):

Ռոլֆ Մյուլերը և Շտեֆան Շվարցերը Սաքսոնիա Անհալթ երկրամասի Արվեստի հիմնադրամի Միջազգային կրթաթոշակի ծրագրի շրջանակներում և Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարության աջակցությամբ 2015 թվականին ձեռնարկել են տևական ուղևորություն Հայաստան՝ ծանոթանալու օտար մի մշակույթի, որի դյութիչ հարստությունն իր կանխագույն իմաստով խթանում է երևակայությունն ու ընկալումը:

Մեկ ամիս տևողությամբ շրջագայության ընթացքում նրանք Հայաստանում ճամփորդել են Հայնրիխ Թեոդոր Վեհլեի հետքերով: Դեսաուի պղնձագրական ընկերության համար աշխատող Վեհլեն (1778‒1805) 1802 թ. օգտակար հանածոների հետախուզմամբ զբաղվող երկրաբանական գիտարշավի կազմում ուղևորվել է Կովկաս՝ Վրաստան և Հյուսիսային Հայաստան: Հայնրիխ Թեոդոր Վեհլեն առաջին եվրոպական գծանկարիչն է, որը բացահայտել է Կովկասը որպես գեղարվեստական պատկերման անդաստան, ըստ որում՝ զարգացնելով հույժ ինքնատիպ գեղարվեստական արտահայտման միջոցներ: Ինքնաբուխությունը որպես գեղանկարի էական տարր, որպես արվեստագետի տեսածի և զգացածի անմիջական արտահայտություն հետևում է այն միջոցների շնորհիվ, որոնք թույլ են տալիս առանց մեծ նախապատրաստության թղթին հանձնել ցանկացածը: Ռոլֆ Մյուլերը և Շտեֆան Շվարցերը շաբաթներ շարունակ ուսումնասիրել են Հայաստանը, արդյունքում ստեղծվել են գրաֆիկական աշխատանքներ, նկարներ և ինստալացիաներ: Նրանք արձանագրել են շրջագայության վայրերը, իրենց հետ տուն են բերել իրենց կողմից հայտնաբերվածը` փորձելով պատասխանել կրթաթոշակի գլխավոր հարցադրմանը, թե 200 տարի առաջ Հայնրիխ Թեոդոր Վեհլեի բացահայտած մշակութային վայրերն այսօր ինչ ազդեցություն են գործում արվեսագետների վրա: Հաջողութամբ պսակված այս գործընթացն այժմ իր շարունակությունը պետք է գտնի Երևանում՝ Նորարար փորձառական արվեստի կենտրոնում կազմակերպվող ցուցահանդեսում:

«Ժամանակագնացները» խորագրով ցուցահանդեսը պատմում է դեպի Հայնրիխ Վեհլեի մտածողությունն ու գործը արվեստագետների հոգևոր և իրական խորհրդանշական ճանապարհորդության մասին: Հայնրիխ Վեհլեի հետ երկխոսությունը պետք է տարվի գործողությունների տարբեր հարթություններում, ըստ որում՝ Վեհլեի գործը պետք է դիտվի իրականության և ֆիկցիայի հարաբերության տեսանկյունից: Ցուցահանդեսի երկրորդ մասը նվիրված է Հայաստանին, նրա ժողովրդի ապրելակերպին և առօրյա կյանքում արվեստագետների ունեցած հանդիպումներին: Արվեստագետներն իրենց տեսածն ու ապրածն արձանագրել են բազմաթիվ նկարներում:

Բացի այդ, ՆՓԱԿ-ը հրավիրել է արվեստագետ Էդգար Ամրոյանին ներկայացնելու իր «ժամանակագնացությունը» դեպի Գերմանիա:

Ցուցահանդեսը կտևի  մինչև 2016 թ. օգոստոսի 25-ը:

Տարածել`
Share

You may also like...