«Թևանիկ»-ը ոչ այլ ինչ է, քան հայի կենսագրություն. Ջ. Ավետիսյան

«Մենք» առցանց մշակութային լրատվականը զրուցել է
ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի հետ:
– Ինչպե՞ս առաջացավ այս ֆիլմը նկարահանելու գաղափարը:

Ֆիլմի սցենարը գրվել էր 1996–1997թթ–ին։ Սցենարի հեղինակն Առնոլդ Աղաբաբովն է։ Ժամանակին Աղաբաբովը ցանկացել էր էկրանավորել ֆիլմը, սակայն մահացել է և չի հասցրել։ Իմ դասախոսը՝ Լևոն Աթոյանը սցենարը փոխանցեց ինձ: Ես Հայաստանի Ազգային Կինոկենտրոնին առաջարկեցի սցենարի էկրանավորումը ինձ վստահել ու ֆինանսական աջակցություն ցուցաբերել ֆիլմն էկրանավորելու համար։ Երկուսն էլ ստացա։ Սցենարը գրված էր կարճամետրաժ ֆիլմի համար, իսկ ես լիամետրաժ ֆիլմ էի ցանկանում նկարահանել: Դրամատուրգ Կարինե Խոդիկյանի հետ միասին, բացի Թևանիկից, ֆիլմում ավելացրեցինք ևս 2 պատանիների պատմություն՝ Աստղիկի ու Արամի։ Արդյունքում ստացվեց 3 ֆիլմ մեկ վերնագրի տակ՝ 3 ճակատագրեր, 3 պատանիների դրամա։ Ֆիլմը պատմում է արցախյան ազատամարտի մասին։ Դեպքերն ընթանում են նույն գյուղում, նույն ժամանակահատվածում և, իհարկե, հերոսների պատմությունները շաղկապված են միմյանց ու 3 ֆիլմերի ավարտն էլ մեկն է:

-Ի՞նչ սկզբունքներով են ընտրվել դերասանները և որքանո՞վ են վերջիններս կարողացել զգալ ժամանակի ոգին:

Ես իմ ֆիլմի դերասանական կազմին ընտրել եմ սրտով` հաշվի առնելով նրանց բարձր պրոֆեսիոնալիզմը: Ես պետք է սիրեմ դերասանին որպես մարդ, որպես անհատականություն, նա կարող է լինել շատ լավ դերասան, բայց ես նրա հետ չկարողանամ անցնել նկարահանման ճանապարհը: Սկզբում իմ մտքում ստեղծում եմ կերպարը, հետո այն փոխանցում եմ դերասանին: Նա էլ սկսում է այդ կերպարի մեջ ապրել: Շատ լավ դերասանական կազմ է՝ Սոս Ջանիբեկյան, Բաբկեն Չոբանյան, Վարուժան Ավանեսյան, Սաթենիկ Հախնազարյան, Գրետա Մեջլումյան, Արա Սարգսյան, Գրիգոր Գաբրիելյան, Սերգեյ Մագալյան, Վահագն Գալստյան, Կարեն Ջահանգիրով, Նարեկ Ներսիսյան, Արթուր Մանուկյան, Մարինե Գաբրիելյան, Նարինե Պետրոսյան և այլք։ Նրանք խաղացել են այն, ինչ զգացել են:

-Ինչպե՞ս է ներկայացվում պատերազմը ֆիլմում, նա՞ է գլխավոր հերոսը, թե վերջինս միայն համապատասխան միջավայր ստեղծողն է մարդկային հոգեբանության բացահայտման համար:

Ֆիլմը պատերազմի կամ կոնֆլիկտի մասին չէ, այլ մարդկանց, ովքեր ապրում են տվյալ ժամանակաշրջանում ու տվյալ վայրում: Ընդհանրապես, պատերազմը կարող եք կոչել ֆոն կամ միջավայր ստեղծող, որովհետև առաջին պլանում պատերազմը չէ, այլ պատերազմում բեկվող մարդկային ճակատագրերը: «Թևանիկ» ֆիլմը պատմում է եզրագծում ապրող մարդկանց մասին: Թե՛ ֆիզիկակական կյանքի եզրագծում, և թե՛ հոգեկան ապրումների եզրագծում: Ես փաստավավերագրողի աչքով հետևում եմ պատերազմի ընթացքում եզրագծին հայտնված մարդկանց, և ապա գեղարվեստորեն մատուցում: Ընդհանրապես մարդը հետաքրքիր է իր ապրումներով և իր ապրած կյանքով, երբ հայտնվել է եզրագծում: Բոլոր հերոսներն այդպիսինն են:

-Կա՞ն ֆիլմում հավաքական կերպարներ, որոնք իրենց հետ ժամանակի ոգին են բերում, թե՞ ֆիլմը համամարդկային արժեքների մասին է:

Ֆիլմը միանշանակ համամարդկային է, որովհետև այն ինչ պատմում եմ ֆիլմում, կարող է տեղի ունենալ Երկիր մոլորակի ցանկացած անկյունում՝ անկախ ազգությունից ու կրոնական պատկանելիությունից: Վստահ եմ՝ ֆիլմը հուզելու է ցանկացած հանդիսատեսի՝ անկախ տարիքից և սեռից, որովհետև ժամանակի չի պատկանում, ունի խորը իմաստ, չի պատկանում որևէ տարածքի, որովհետև կարող է տեղի ունենալ ցանկացած մարդու հետ և ունի էմոցիոնալ մեծ դաշտ: Կան կերպարներ, որոնք մարմնավորում են մի ամբողջ սերունդ: Օրինակ մարդիկ, ովքեր եթե չլիներ պատերազմը կլինեին պարզ շինական կամ կրտսեր գիտաշխատող, բայց այսօր մենք ունենք հերոսացված անհատների, ովքեր նույնիսկ իրենք չեն պատկերացրել, որ կարող են լինել այդքան տոկուն ու այդքան համառ, որքան իրենք իրենց դրսևորել են պատեազմի դաշտում: Ղարաբաղյան պատերազմը ծնել է փայլուն հերոսների, որոնցից շատերը «Թևանիկ» ֆիլմում իրենց մարմնացումն են գտել:

«Թևանիկ» ֆիլմը ամենանվիրական օրերի և ամենանվիրական տղաների մասին է: «Թևանիկ»-ը ոչ այլ ինչ է, քան հայի կենսագրություն: «Թևանիկ»-ում մեկ անգամ և ընդմիշտ մարդիկ կայացնում են որոշում, որոնք հավիտենության գրքում իրենց արտացոլանքն են տեսնում:

– Ի՞նչպես հաջողվեց իրականացնել մտահաղացումը, և ի՞նչ դժվարությունների եք հանդիպել ֆիլմը նկարահանելու ժամանակ:

Ինչո՞ւ եք այդ հարցը տալիս ինձ, որովհետև կամ պետք է ստեմ, կամ էլ անկեղծությունս կդարձնի ինձ չափից ավելի մերկ իրականության առջև: Ես կարող եմ ասել, որ ցանկացած նման ֆիլմ, եթե փորձես իրականացնել և, ընդհանրապես, Հայաստանում եթե փորձես ֆիլմ նկարահանել, որը ունենա 100% անաչառություն ու 100% անկեղծություն, ապա դու անցել ես կրակի ու սրի միջով, անցել ես քրիտինքի ու փոշու միջով: Այդ պարագայում հստակ կարող եմ ասել, նկարահանման ավարտից հետո ես նորից ուժ եմ գտել ու ծնվել, որովհետև սպառել էի իմ միջի նախորդ մարդուն, և հիմա նորից, մինչ լիակատար ավարտ, ես դնում եմ ամեն ինչ, ինչ ունեմ: Յուրաքանչյուր ֆիլմ ընկալում եմ ինչպես վերջինը, այլապես այլ կերպ չեմ կարող: Իսկ Հայաստանում շատ քչերը կգտնվեն, ովքեր քեզ կաջակցեն, որ դու ֆիլմը կարողանաս ավարտել: Ինչպիսինը գտնվեց իմ ավագ ընկեր Մասիս Բաղդասարյանը, ինչպես նաև մի շարք անհատներ, ովքեր հավատացին և աջակցեցին ֆիլմին:

– Եթե «Թևանիկը» նորից նկարահանելու լինեիք, փոփոխություններ կանեի՞ք և եթե՝ այո, ապա ի՞նչ և ինչո՞վ է դա պայմանավորված:

Ես չեմ կարծում , որ ուժ կունենամ «Թևանիկ»-ը նորից նկարահանելու, որովհետև այն ինչ ներ եմ դրել, այն է ինչ կարողացել և ունեցել եմ: Եվ երբ ետ եմ նայում, նույնիսկ չեմ էլ հավատում, որ ես և իմ ամբողջ թիմն ենք անցել այդ ճանապարհը: Իհարկե, ես հիմա մշակում եմ նոր սցենար, որը շատ ավելի մեծ և շատ ավելի ժվար է լինելու էկրանավորել, բայց ես տեսնում եմ իմ մեջ այդ ուժը: Իսկ նախորդը կրկնել, այլևս երբեք:

 

 Զրուցեց  Անահիտ Ծատուրյանը

Աղբյուրը` menq.org

Տարածել`
Share

You may also like...