Թուրքիայում նկարահանված «Վանքի երեխաները» փաստավավերագրական ֆիլմը կցուցադրվի Երևանում

Երևանում հունիսի 7-ին տեղի կունենա Թուրքիայում նկարահանված «Վանքի երեխաները» փաստավավերագրական ֆիլմի առաջին ցուցադրությունը: Ֆիլմը պատմում է Հայոց ցեղասպանությունից փրկված դերսիմցի հայերի մասին, որոնց զգալի մասը կոտորվել է 1937-1938 թթ. Դերսիմի կոտորածների ժամանակ, ողջ մնացածներն էլ թուրքացվել ու մահմեդականացվել են: Ֆիլմը հենց բռնի իսլամացած հայ երեխաների մասին է:

«Վանքի երեխաները» (Vank’ın Çocukları) ֆիլմի ռեժիսորը ծնունդով դերսիմցի Նեզահաթ Գյունդողանն է, պրոդյուսերը Քազըմ Գյունդողանը: Երևանում այսօր լրագրողների հետ հանդիպմանը Նեզահաթ Գյունդողանն ասաց, որ շատ կարևոր է հենց թուրք բնակչությանը ցույց տալ, թե ինչ է կատարվել, ինչու է դա կատարվել:

«Նրանք պետք է առերեսվեն պատմության իրական էջերի հետ: Ֆիլմը նկարելիս փորձել ենք խոսքը տալ նրանց, ովքեր խոսում են ֆիլմում, իրենք ինչպես ներկայացնում են, այնպես թողել ենք: Բնականաբար, ֆիլմում կա Ցեղասպանություն բառը»,- նշեց ֆիլմի ռեժիսոր Նազահաթ Գյունդողանը:

Ռեժիսորի խոսքով, 2004 թվականից սկսած նկարահանում են վավերագրական ֆիլմեր:

«Այդ ժամանակվանից սկսած Դերսիմի պատմության, մշակույթի վերաբերյալ ուսումնասիրություն ենք կատարում, անդրադարձել ենք նաև 1937-38 թվականների Դերսիմի ցեղասպանությանը:
Բացի պաշտոնական պատմագրությունից, մենք ինքներս լսել ենք բազմաթիվ պատմություններ, իրականություններ, և դրանք էլ մեզ ուղղորդեցին  որպեսզի այս թեմայի շուրջ ֆիլմեր նկարահանենք: Բնականաբար, եթե անդրադառնանք Դերսիմին և չխոսենք հայերի մասին, շատ մեծ պակաս կլիներ այդ աշխատանքների մեջ»,- նշեց ֆիլմի ռեժիսորը:

Նազահաթ Գյունդողանն ասաց, որ ֆիլմերի միջոցով ցանկացել են  ներկայացնել, փոխանցել իրենց լսածները, որոնք դուրս են պաշտոնական պատմագրությունից

«Վանքի երեխաները» ֆիլմի պրեմիերան կայացել է փետրվարի 9-ին Ստամբուլի Բեյօղլու կինոթատրոնում:

 

Նյութը` panorama.am-ի

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed