Թույլ տվեք երեխան օգնի Ձեզ որոշակի հարցերում. Պարզաբանում է մասնագետը

Հարգելի ընթերցողներ եկեք անդրադառնանք մի թեմայի, ինչն ըստ իս բավական արդիական է շատ ընտանիքներում: Խոսքս ընտանիքում երկրորդ երեխայի ծննդյան և դրան հաջորդող խնդիրների մասին է: Եկեք միասին հասկանանք, որոնք են այդ խնդիրները և ինչպիսի լուծումներ են անհրաժեշտ:

Չնայած, որ ընտանիքի համալրումը համարվում է ուրախության պատճառ, այն նաև առաջացնում է մի շարք խնդիրներ, ինչպես երեխաների, այնպես էլ ծնողների մոտ: Նախքան երկրորդ երեխայի ծնունդը, անհրաժեշտ է անպայման նախապատրաստել մեծ երեխային՝ քրոջ կամ եղբոր ծնվելուն:

Երեք-չորս ամսեկան հղիության ընթացքում տեղեկացրեք երեխային ապագա ծնունդի մասին, արեք դա անկեղծ ու ոչ հետևողական: Դա այն ժամանակաշրջանն է, որ երեխայի համար աբստրակտ անորոշ մի բան չի թվա, քանի որ արդեն մայրիկի փորիկը արտահայտիչ կլինի: Մյուս կողմից, պետք չէ շատ վաղ հայտնել երեխային լուրը, հակառակ դեպքում երեխան կմոռանա  կամ կդառնա անհանգիստ՝ սպասելով այդ իրադարձությանը: Նկարագրեք այն փոփոխությունները, որոնք տեղի կունենան մայրիկի հետ (կմեծանա փորիկը, ինչպես փոքրիկը կսկի զարգանալ և մեծանալ, նորածինների մասին), Ձեր տանը, հենց որ նոր երեխան կհայտնվի: Թող երեխան օգնի Ձեզ դասավորել փոքրիկի սենյակը, ընտրել մահճակալը, անհրաժեշտ իրերը: Եթե Դուք պլանավորում եք փոխել երեխայի սենյակը, օրինակ, կամ փոքր մահճակալից տանել մեծ, ապա դա արեք ծայրահեղ դեպքում մի ամիս առաջ փոքրիկի ծնվելուց, որպեսզի մեծը իրեն չզգա ոտնահարված: Եթե պլանավորում եք երեխային մանկապարտեզ տանել, ապա դա արեք էլի փոքրիկի ծնվելուց մի քանի ամիս առաջ, որպեսզի նա չմտածի, թե ազատվում եք իրենից, փոքրիկին առավել շատ ժամանակ հատկացնելու համար: Այս ամենը նախապատրաստման առաջին փուլն է:
Երկրորդ փուլը դա սպասումն է երկրորդ երեխային: Այս փուլում կարևոր է, որ երեխան հասկանա նորածնի կապը մայրիկի, հայրիկի, իր և ընտանիքի մյուս անդամների միջև: Լավ կլինի երեխային ներառել փոքրիկի անվան ընտրության գործում:

Երրորդը  առաջնեկին փոքրիկի հետ հանդիպմանը նախապատրաստելու փուլն է: Չափազանց կարևոր է, որ ծանոթությունը երեխայի մոտ վախով չլինի, ծնողները չասեն՝ հեռու գնա փոքրիկից, կվնասես, կամաց՝ կարթնացնես նրան: Եվ թույլ տալ դիպչել փոքրիկին, դա այնքան կարևոր է նրա համար:

Եվ որպեսզի նա չմտածի, թե այլևս իրեն չեն սիրում, հարկավոր է հնարավորինս շատ ուշադրություն դարձնել և զբաղվել երեխայի հետ:
Թույլ տվեք երեխան օգնի Ձեզ որոշակի հարցերում: Որպեսզի նա իրեն տան անդամ զգա և չմտածի, եթե ինքը մեծն է իրեն այլևս ուշադրություն չեն դարձնում և քիչ են սիրում: Սակայն, պետք չէ երեխայից դայակ պատրաստել: Եթե երեխան չի ցանկանում Ձեզ օգնի, մի ստիպեք նրան:

Պատրաստ եղեք ագրեսիային: Երեխաները, երբ ագրեսիա են զգում, սովորաբար այն արտահայտում են գործողություններով: Մի՛ զարմացեք, եթե երեխան հարվածի կամ նետի ինչ-որ բան փոքրիկ եղբոր կամ քրոջ վրա: Նա կարող է այն բացատրել, որպես պատահականություն: Երբ իրեն ագրեսիվ է պահում, մի՛ նախատեք անմիջապես նրան, կամ ֆիզիկապես ճնշեք: Ընտանիքում նոր երեխայի ծնունդը առաջնեկի մոտ լքվածության զգացում է առաջացնում, քանի որ նրանք սովոր են մշտապես լինել ուշադրության կենտրոնում, և ոչ մեկի հետ չկիսեն ծնողական սերը:

Երեխայի մոտ խանդի զգացման սրմանը կարող են ազդել նաև ուրիշ անդամները: Հայրիկը տուն գալուց անմիջապես հետո միանգամից հարցնում է՝ ինչպես է փոքրիկը, կամ մոտենում նրան:

Շատ դեպքերում երեխայի մոտ խանդը իր արտահայտումն է ունենում սոմատիկ կերպով, օրինակ հազի կամ մաշկային ցանով կամ երազներում՝ մղձավանջների տեսքով:  Լինում են դեպքեր, երբ արտահայտվում է կպչուն գործողություններով՝ կոտրում են ամեն բան, եղունգներն են կրծում: Եվ ծնողի մտքով չի կարող անցնել, որ երեխայի փոփոխական վարքի պատճառը հենց խանդն է:

Վտանգը այն ժամանակ է, երբ ծնողները սեփական սիմպատիայից ելնելով առավել ուշադրություն են դարձնում սեռերից մեկին: Ծնողները պետք է խուսափեն մեծացնելու խանդի զգացումը, օրինակ չասել՝ տուր դա փոքրիկին դու ուրիշ բանով զբաղվի:

Շատ հաճախ մեծ լինելու վախից նրանց մոտ նկատվում է ռեգրես, նրանք նույնպես ցանկանում են, որ իրենք էլ ուտեն ծծակով, որից վաղուց հրաժարվել են: Նրանք կարող են սկսել կամակորություն անել, լացկանություն և այն նույն քայլերը, ինչ փոքրիկը, կարող են ձև անել, որ ինքնուրույն չեն կարողանում հագնվել՝ մայրիկի ուշադրությունը գրավելու համար:

Կարծում եմ նյութը ընթերցելիս գտաք Ձեզ համար անհրաժեշտն ու կարևորը, ինչն էլ օգտակար կլինի նմանատիպ խնդիրներին առընչվելիս առավել հարմար լուծումներ տալ:
Միտքս կուզենամ ավարտել Ժան Պիաժեյի խոսքերով. « Երեխայի միտքը էգոցենտրիկ է, այսինքն երեխան մտածում է ինքն իր համար՝ չանհանգստանալով ինչպես հասկանալի լինել շրջապատի համար»:

Հեղինակ` Տաթեւ Նահապետի Նահապետյան

Աղբյուրը` znews.am

Նյութը հրապարակվեց առանց խմբագրման

Տարածել`
Share

You may also like...