Թող կենդանի լիներ՝ հարյուր սիլլա էլ տար. Հիշում է Համո Սահյանի քույրը

Քրոջս՝ Սուսաննա Բաբաջանյանին, 2014թ-ին պատմել է Համոյի մեծ քույրը՝ 91-ամյա Հասմիկ մայրիկը։

Անցած տարի նա էլ միացավ եղբորը․  1938 թվականն էր: Բժշկական ուսումնարանն ավարտելուց հետո, Գորիսում մանկաբարձուհի էի աշխատում: Տասնվեց տարեկան էի: Համոն էդ ժամանակ Սիսիանի թերթի պատասխանատու քարտուղարն էր: Նամակ էր գրում՝ ո՞նց ես: Հաճախ գալիս էր Գորիս, տեսներ՝ ինչ եմ անում…Գիտեի, որ շատ է անհանգստանում. հանկարծ մի սխալ քայլ չանեի՞… Մի ջահել կար, սիրահարվել էր ինձ: Ես էլ էի հեռվից-հեռու հավանել, սիրտս թպրտում էր, որ տեսնում էի… Էնքան էլ սիրուն էի, արևին ասում էի՝ մար մտի, ես եմ դուրս գալիս…Համոն տեսնում էր, որ չորս կողքս պտտվողներ կան և քունն ու դադարը կորցրել էր: Մի քանի օր, գործով ընկած, չէի զանգահարել, չէի գրել: Տեսնեմ՝ եկել է, հասել Գորիս, բերանը փրփրած ասում է՝ ես որ շիլ ընգած չզանգեմ, դու ե՞րբ ես զանգահարելու… Էդ օրը լավ պրծա: Գնաց:

Картинки по запросу համո Սահյան

Էդ ժամանակները Գորիսում կյանքը շատ ուրախ և աշխույժ էր: Երեկոները քաղաքի ժողովուրդը դուրս էր գալիս բուլվար, երգն ու պարը միացրած, սաղը պարում էին, ուրախանում…Թատրոն էինք գնում…Գորիսը մի լավ թատրոնի շենք ուներ, գիշեր-ցերեկ դերասանները խաղում էին…Ո՞վ կմտածեր, որ էդքան ժողովուրդի մեջ Համոն կգար ինձ կգտներ: Ջահելներով երեկոյան գնացել էինք բուլվար, պարում էինք, ես էլ մի նոր «դարյա էի հագել», փոռերով, նախշուն, կարմիր կտորից: Էն սիրահարված ջահելը պարից հետո եկավ մոտեցավ ինձ, ձեռս մի բուռ «կամփեդ» /կոնֆետ/ դրեց: Ծիծաղում էինք ընկերուհիներով, համ էլ ուտում: Մեկ էլ էն տեսա, որ մեկը քաշեց թևիցս և ուժեղ սիլլա տվեց: Կամփեդը բերանիցս թռավ, աչքերս կծըպեծին արեցին: Տեսնեմ՝ ախպերս է՝ Համոն: -Էս ո՞վ ա, որ քեզ կամփեդ ա տալիս,- ասաց, առաջ ընկիր: Դե շուն ու գել կապիր՝ Համոյին բաց թող…Էն սաղ ընկերանցս մեջ ինձ խաղք ու խայտառակ արեց: Էն խեղճ տղայի յախան բռնեց, թե՝ ասա տեսնեմ դու ո՞վ ես, ու՞մ շունն ես, որ քվորս կամփեդ ես տալիս: Էդ օրը Գորիսում անցկացրած վերջին օրս էր: Բերեց Սիսիան, սկսեցի աշխատել Սիսիանի վեց գյուղերում. բոլոր ծնունդներին ես էի հասնում: Դարբասում ծնունդ ընդունելուց էլ, մի օր ինձ պատահեց կնիկը մեռած, հինգ երեխատեր, ինձանից կրկնակի-եռակի մեծ մի մարդ: Ո՞ւմ մտքով կանցներ, որ տասնվեց տարեկան աղջիկը հանկարծ կսիրահարվեր էդ «մի դաստա քյորփատեր մարդուն»: Սիրահարվեցինք ու ամուսնացանք: Սաղ գյուղարանքի թեման մենք էինք… Տաս տարի հերս ինձ չխոսեցրեց: Համոն էլ որ մի բան էր ուզում ասել, ասում էի՝ ջահելի հետ չթողիր, եկար ինձ սիլլա տվիր, տարար Սիսիան, դե ես էլ ահելի հետ ամուսնացա…Ի՞նչ ես մեղադրում։ Համոն էլ թե՝ -Սիսիանում ջահել չկա՞ր, որ մեզ խայտառակ արիր… Իմ պսակվելու տարին մեր շունը սատկել էր, ասեց՝ շունը որ շուն ա, շունն էլ չդիմացավ էդ դարդին, բա մենք ո՞նց դիմանանք… Լավ ծառայեցի ամուսնուս օջախին, հինգ երեխա էլ ես բերեցի, տասին էլ պահեցի, ամուսնացրի, տուն ու տեղ տվի… Շատ ժամանակ էր անցել, տեսան, որ ամուսինս լավ մարդ է, բարիշեցին, մտերմացան հետը: Վերջին տարիներն էլ հերս մեզ հետ էր ապրում…

Картинки по запросу համո Սահյան

Համոն մի օր ծիծաղելով ասաց.

-Հասմիկ, Սահակի արևը, չգիտեի, որ էդ երեխա հալովդ կարայիր էդ ծանր բեռան տակից դուրս գալ: Որ իմանայի էդպես է, էլ ինչի՞ քեզ սիլլա տվեցի… Հետո էլ թե՝ բայց չեմ փոշմանում, գիտե՞ս, մնալու էիր Գորիսում, հորս տնից հեռու…հորս ո՞վ պիտի պահեր…Աստված ինքն էլ չի կամեցել, ես մեղավոր չեմ…Ավելի լավ էր ահել, բայց Սիսիանում… Իմ սիլլան,- ասաց,- հորս կյանքի արժեքն է ունեցել… Համ լավ երեխեք ունեցար, համ էլ Բուրթելը աննման մարդ էր, ճիպոտդ հալալ տեղից էր, քու քոլից… Ինքը ծիծաղում էր, ես էլ ասում էի՝ Համո, քեզ էլ մատաղ, քու տված սիլլիդ էլ մատաղ…

Картинки по запросу համո Սահյան

Հիմա որ հիշում եմ՝ դա ամենաքաղցր սիլլան է եղել, որ ես կերել եմ, թող կենդանի լիներ՝ հարյուր սիլլա էլ տար:

 

Նյութի հեղինակ Հասմիկ Բաբաջանյան` արձակագիր, լրագրող

Նյութի աղբյուրը ` hraparak.am

Տարածել`
Share

You may also like...