Թբիլիսիում նշվել է սայաթնովյան «Վարդատոնը»

Աշխարհում տարածված կորոնավիրուսի համավարակը փոփոխություններ է մտցրել Թբիլիսիում  ավանդական դարձած, իր հմայքն ու գեղեցկությունը  չկորցրած  սայաթնովյան «Վարդատոնի» տոնակատարության ձևաչափում: Ինչպես  տեղեկացնում են  Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմից,  Սայաթ-Նովա հայ գուսանի արվեստի մեծարման գեղեցիկ ավանդույթներով   հաստատված տոնահանդեսը բազմազգ, կոլորիտային Թբիլիսիի բնակչության շրջանում և քաղաքի տարեգրությունում ունի իր հաստատուն տեղը, և  արդեն 100 տարուց ավելի մայիսի վերջին կիրակի օրը  իր շուրջն է հավաքում աշուղական երգի  սիրահարներին, Սայաթ-Նովայի արվեստի երկրպագուներին, ովքեր գալիս են Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի՝ կարմիր վարդեր խոնարհելու հայ մեծանուն աշուղ և ժողովուրդների բարեկամության երգիչ Սայաթ-Նովայի շիրիմին, սերունդներին  փոխանցելով  նրա մեծության գնահատականը,  նրա երգարվեստի, աշուղական խոսքի  անկրկնելի  այժմեականությունը և անմահությունը:

«2021 թվականի մայիսի 30-ին, Սայաթնովյան  «Վարդատոնը» Վիրահայոց թեմի առաջնորդ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի օրհնությամբ և  «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնի նախաձեռնությամբ (ղեկավար՝ Գիսանե Հովսեփյան)  մեկնարկեց  Ամաղլեբա փողոցի թիվ 18 տնից,  Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի նախկին բնակարանից,որտեղ հավաքված հայ հասարակայնության ներկայացուցիչները, կարմիր վարդերով, քայլարշավ կատարեցին դեպի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի, Թբիլիսիի բնակիչներին հիշեցնելով այս քաղաքի ծնունդ, ժողովուրդների բարեկամության երգիչ Սայաթ-Նովայի  հիշատակը:

Քայլարշավի մասնակիցները, որոնց շրջանում էին Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներ Հարություն Հայրապետյանը և Լևոն  Զարգարյանը,  Պետրոս Ադամյանի անվան հայպետդրամայի թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, գրողներ, բանաստեղծներ,  հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, հասարակայնության ներկայացուցիչներ,  ծաղիկներ խոոնարհեցին  Մեյդան թաղամասում կանգնեցված Սայաթ-Նովայի խորհրդանշական հուշարձանին և  մասնակիցը դարձան Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում  Վիրահայոց թեմի առաջնորդ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի հանդիսապետությամբ, կիրակնօրյա  Սուրբ Պատարագի, որը  մատուցեց ՔՎեմո Քարթլիի տարածաշրջանի հոգևոր հովիվ հոգեշնորհ Տեր Զավեն վարդապետ Յազիչյանը:

Պատարագիչ Հայր Սուրբը  իր քարոզ խոսքում  անդրադարձ կատարեց օրվա խորհրդին, հավուր պատշաճի խոսեց  Եղիա մարգարեի տոնի, Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Ե  Տփղիսեցու և Թբիլիսիի արժանավոր զավակ Սայաթ-Նովայի անգնահատելի մեծության մասին , կարևորեց դարավոր անցյալից  մինչև օրս  շարունակվող Հովհ. Թումանյանի, Գևորգ Բաշինջաղյանի և Իոսեբ Գրիշաշվիլու  նախաձեռնությամբ  հիմք դրված Վարդատոնի տոնակատարությունը, որը հավերժ կմնա այս բազմազգ և բազմակրոն քաղաքում որպես բարեկամության, սիրո և հարգանքի  առհավատչյա:

Հավարտ Սրբազան արարողության, ներկաները տեղափոխվեցին  եկեղեցու բակում հանգչող Սայաթ-Նովայի գերեզմանի մոտ: Այստեղ  Առաջնորդական տեղապահի նախագահությամբ և հոգևոր դասի մասնակցությամբ կատարվեց հոգեհանգստյան կարգ:  Սայաթ-Նովայի արվեստի անմահության, անզուգական Երգչի անկորնչելի հիշատակի մասին խոսք ասացին բոլոր ելույթ ունեցողները:

Այնուհետև ներկաները վարդ ու ծաղիկներով, սեր ու ժպիտով զարդարեցին անմահ Սայաթ-Նովայի շիրիմը: Ահա այսպես նշվեց  հերթական ձևափոխված, սակայն  անխափան «Վարդատոնը», դառնալով Սայաթ-Նովա երգասաց բանաստեղծի  նկատմամբ սիրո և նրա երգարվեստի անմահության դրսևորում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Թբիլիսիում նշվել է սայաթնովյան «Վարդատոնը»

Տարածել`
Share

Tags

You may also like...

Արխիվ

December 2021
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031