Թբիլիսիի հայկական ճարտարապետական հրաշքը վերածնվեց. Սուրբ Գեւորգ եկեղեցին կվերաօծվի

Թբիլիսիի հայկական Սուրբ Գեւորգ եկեղեցին Վրաստանի մայրաքաղաքում հայերի բազմադարյա ներկայության պերճախոս վկայությունն է: Այն բազմաթիվ փորձությունների միջով է անցել՝ հասնելով մինչեւ 21-րդ դար, եւ հոկտեմբերի 31-ին կրկին դռները կբացի հավատացյալների առջեւ: Կայանալու է Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդանիստ եկեղեցու՝ երկար սպասված վերաօծումը:

13-րդ դարի Սուրբ Գեւորգ եկեղեցու վերանորոգման նախագիծը մեկնարկեց 2012 թվականին՝ դառնալով «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) բարեգործական հիմնադրամի կարեւորագույն ծրագրերից մեկը: Նախագիծը սատարեց Վրաստանի իշխանություններն ու ստացավ Ամենայն Հայոց Գարեգին 2-րդ Կաթողիկոսի օրհնությունը:

Եկեղեցու վերականգնման նախագծին մասնակցել են ինչպես հայ, այնպես էլ վրացի մասնագետներ: Սուրբ Գեւորգ առաջնորդանիստ եկեղեցին վերանորոգվել է բացառապես բարեգործական միջոցներով: Նախագծի ընդհանուր արժեքը կազմել է 3.5 մլն դոլար: Հիմնական դոնորներն են Ալբերտ Ավդոլյանը, հայտնի գործարար, մեկենաս Ռուբեն Վարդանյանի ընտանիքը, Սերգեյ Սարկիսովը, ինչպես նաեւ Ռուսուդան Մախաշվիլին, Դանիիլ Խաչատուրովը, Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին:

Վիրահայոց թեմի առաջնորդ, եպիսկոպոս Վազգեն Միրզախանյանի խոսքով, Սուրբ Գեւորգ եկեղեցու վերականգնումն առաջին հերթին բացառիկ հոգեւոր նշանակություն ունի Վրաստանի հայերի համար: «Երկրորդ, եկեղեցին իր որմնանկարներով համահայկական արժեք է: Եվ երրորդ, այս նախագիծը հայ-վրացական հետաքրքիր ծրագիր դարձավ, քանի որ հովանավորների շրջանում, հայերից բացի, նաեւ վրացիներ կան»,- ընդգծեց Վազգեն սրբազանը:

Հայաստանի մոնումենտալ գեղանկարչության գիտահետազոտական կենտրոնի ղեկավար Արժանիկ Հովհաննիսյանն իր հերթին նշեց, որ դեռեւս 15-րդ դարում արված Սուրբ Գեւորգ եկեղեցու որմնանկարները մեկ ամբողջություն են ներկայացնում եւ ընդհանուր գաղափարական եւ հոգեւոր տրամադրություն են փոխանցում:

Սուրբ Գեւորգ եկեղեցու վերաօծման արարողությանը մասնակցելու են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, Ամենայն Հայոց Գարեգին 2-րդ կաթողիկոսը, ՀԱԵ Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, առաջնորդանիստ եկեղեցու վերականգնման նախագծի հովանավորները, բազմաթիվ հյուրեր եւ հավատացյալներ: Եկեղեցու վերաօծման արարողությունը տեղի կունենա Գարեգին 2-րդ կաթողիկոսի հանդիսապետությամբ: Դրանից հետո կբացվի եկեղեցու վերականգնման հովանավորների անուններով հուշատախտակի բացման արարողությունը:

Սուրբ Գեւորգ առաջնորդանիստ եկեղեցին Թբիլիսիի հնագույն տաճարներից է, որը կառուցվել է 1251 թվականին, հայ իշխան Ումեկ Կարինցու կողմից: 14-15-րդ դարերում եկեղեցում բազմաթիվ ձեռագրեր են ծնվել, այդ թվում՝ 1304 թվականի Ավետարանը, որը ներկայում պահվում է Մատենադարանում: Եկեղեցին բազմիցս քանդվել է, սակայն մշտապես վերականգնվել ու վերածնվել է:

Հատկանշական է, որ արդեն նոյեմբերի 1-ին Թբիլիսիի Սուրբ Գեւորգ եկեղեցում պսակադրության արարողություն է տեղի ունենալու. ամուսնանալու են Արժանիկ Հովհաննիսյանի որդի Դավիթն ու վերանորոգման աշխատանքներին մասնակցած Աշխենը:

 

news.am

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Թբիլիսիի հայկական ճարտարապետական հրաշքը վերածնվեց. Սուրբ Գեւորգ եկեղեցին կվերաօծվի”

Leave a Reply

Your email address will not be published.