Թարիվերդիևի տունը հնարավոր է վերածվի թանգարանի

Հայտնի կոմպոզիտոր Միքայել Թարիվերդիևի  Մոսկվայի տունը, որտեղ ապրել և աշխատել է կոմպոզիտորը, հնարավոր է  վերածվի թանգարան: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Գլինկայի անվան երաժշտաարվեստի  համառուսական թանգարանների միության    տնօրեն Մ. Բրիզգալովը:

«Դա եղել է Թարիվերդիևի  կնոջ՝  Վերա Թարիվերդիևայի առաջարկությունը, մեր թանգարանն աջակցում է նրան: Մենք արդեն մշակույթի նախարարությունում սկսել ենք քննարկել այդ հարցը»,- ասել է նա:

Այս տարի լրանում է կոմպոզիտորի 85-ամյակը: Հուլիսի 19-ից նոյեմբերի 23-ը Ռուսաստանում, Եվրոպայում, ԱՄՆ-ում անցկացվելու է «Հիշենք այդ ակնթարթը» միջազգային փառատոն՝ նվիրված Թարիվերդիևի 85-ամյակին:

Ազգությամբ հայ հռչակավոր սովետական երգահան, Ռուսաստանի ժողովրդական արտիստ, ֆիլմերի երաժշտության հեղինակ Միքայել Թարիվերդիևը ծնվել է 1931թ.-ի օգոստոսի 15-ին: Սովորել է Թբիլիսիի երաժշտական տասնամյա դպրոցում, ապա՝ ուսումնարանում, 1957 թվականին ավարտել է Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական-մանկավարժական ինստիտուտի (այժմ՝ Ռուսաստանի երաժշտական ակադեմիա) ստեղծագործական բաժինը (ղեկավար՝ Արամ Խաչատրյան): Միքայել Թարիվերդիևը առավել հայտնի է հանրաճանաչ ֆիլմերի համար գրված երաժշտությամբ: Նա կինոյում ստեղծագործել է 1958 թվականից. հեղինակ է շուրջ 130 ֆիլմի երաժշտության, որոնց բնորոշ է ինքնատիպ մեղեդայնությունը. լավագույններից են՝ «Եղջերու Արքան» (1970թ.), «Գարնան տասնյոթ ակնթարթ» (1973թ.), «Տասնհինգերորդ գարունը» (1973թ.), «Ճակատագրի հեգնանքը կամ Բաղնիքդ անուշ» (1976թ.), «Հե՛յ, ո՞վ կա այդտեղ» (1979թ., Հայֆիլմ) և այլն: Գրել է երաժշտություն նաև թատերական ներկայացումների և ռադիոբեմադրությունների համար:

Ստեղծագործել է երաժշտության գրեթե բոլոր ժանրերում: Գրել է երաժշտություն նաև թատերական ներկայացումների և ռադիոբեմադրությունների համար:

Միքայել Թարիվերդիևը մահացել է 1996 թ.  հուլիսի 25-ին Սոչիում:

Լուսանկարում՝ Թարիվերդիևի տնային ստուդիան։

Աղբյուր` Panorama.am
Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed