Թատրոնը խոսում է քո ցավի մասին, որպեսզի ճիշտ բժշկի դիմես. Վահագն Գալստյան

armlur.am-ը գրում է՝

«Տնփեսա» սիթքոմից եւ մի շարք ֆիլմերից հայտնի դերասան, Երեւանի Հ. Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի արտիստ Վահագն Գալստյանին հեռուստադիտողները վերջին շրջանում տեսնում են «Վենդետտա» բազմասերիանոց ֆիլմաշարի շրջանակներում` նոր, հետաքրքիր կերպարում: Թերեւս շատերը կվկայեն, որ նախկին հումորային դերերից հետո անցումը քրեական կյանքով ապրող եսասեր տղամարդու կերպարին բավական կտրուկ էր:

«Մարմնավորում եմ մեկին, որը անտարբեր է ամեն ինչի նկատմամբ, չի աշխատում, բայց ունի կարողություններ, նա, իմ համոզմամբ, մեր ժամանակների ցինիկն է, որին ամեն բան պատրաստի հրամցվել է, եւ նա դարձել է, այսպես ասած, անաղուհաց շուն: Ինչ վերաբերում է նշված անցումին, ապա ասեմ, որ միշտ փորձում եմ չկրկնել իմ նախորդ կերպարներին, ինձ դուր են գալիս այն դերերը, որոնք հնարավորություն են տալիս ներկայացնելու միանգամայն այլ խառնվածքի տեր մարդու. այդ կերպ դերասանը չի դոփում տեղում»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նկատեց Վահագնը: Նա նաեւ տեղեկացրեց, որ պատրաստվում է հանդես գալ նոր կինոկատակերգությունում, որտեղ եւս կփորձի կերտել տարբերվող կերպար:

Դերասանը, որը խաղում է Նարեկ Դուրյանի «Իմ կնոջ անունն է Մորիս» ներկայացման մեջ, մեզ պատմեց, որ իր գործընկերոջ` Արտաշես Մխիթարյանի հետ նոր ներկայացում են բեմադրում` Ֆրենսիս Վեբերի «Ընթրիք հիմարի հետ» պիեսի հիման վրա: Իսկ պիեսի ընտրությունը պատահական չի եղել. «Ես այս երկրի քաղաքացի եմ, ուստի պետք է ունենամ նաեւ իմ քաղաքացիական դիրքորոշումը: Այնպես ստացվեց, որ մեր երկրում մեզ շատ են հիմարի տեղ դրել, իսկ եթե հավատանք Վեբերի գաղափարներին, հիմարը նա է, ով դիմացինին է հիմարի տեղ դնում: Այս ներկայացման մեջ ես խաղալու եմ հիմարի դեր, որին հարուստները հրավիրում են ընթրիքի, որպեսզի ծաղրուծանակի ենթարկեն, իրենց ժամանակը լցնեն, բայց հետո հենց իրենք են հայտնվում հիմարի իրավիճակում»,-մեկնաբանեց Վահագնը` հավելելով, որ ներկայացումը պատրաստ կլինի հոկտեմբերին, այն կխաղան Դրամատիկական թատրոնում:

Դերասանի համոզմամբ` եթե կա վտանգ, թատրոնը պետք է բարձրաձայնի դրա մասին. «Թատրոնը խոսում է քո ցավի մասին, որ դու ճիշտ բժշկի դիմես: Ես չէ, որ պետք է խոսեմ այն մասին, թե մեր երկիրն ինչ ճգնաժամի մեջ է հայտնվել: Իսկ եթե այս երկրի մի մասնիկն ես, չես կարող անտարբեր ացնել այդ վտանգների կողքով: Իմ սիրտը ցավում է, ու ես կուզենայի ավելի շատ խաղալ ներկայացումներում, որտեղ կխոսվեր մեր հաղթանակների մասին»,-եզրափակեց նա:

 

Հեղինակ՝ Աննա Բաբաջանյան

Տարածել`
Share

You may also like...