Էրեբունի արգելոց-թանգարանը Եվրոպական ժառանգության օրերին կմիանա հատուկ ծրագրով

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանն այս տարի սեպտեմբերի 26-ին Եվրոպական ժառանգության օրերին կմիանա միջոցառումների հատուկ ծրագրով:

Հանդիսանալով Եվրոպայի հազարավոր քաղաքացիների կողմից սիրված եւ  սպասված նախաձեռնություն՝ Եվրոպական ժառանգության օրերի անցկացումն ազգային արժեքները որպես Եվրոպայի մեկ ընդհանուր ժառանգություն դիտարկելու կարեւոր  իրադարձություն  է:

Եվրոպական ժառանգության օրերի մեկնարկը «Էրեբունի» արգելոց-թանգարանում կնշանավորվի նոր ցուցահանդեսի բացմամբ, որը կրում է «Էրեբունիից Պերսեպոլիս. ուրարտական եւ աքեմենյան մշակույթների հանգույցում» խորագիրը: Այն կիրականացվի Իրանի ԻԿՕՄ-ի ազգային կոմիտեի եւ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հետ համագործակցության շրջանակում: Թանգարանի ներքին բակում ներկայացվող պատկերազարդ պաստառների ցուցահանդեսն  իր այցելուներին մտովի կտեղափոխի ուրարտական եւ աքեմենյան դարաշրջաններ՝ ներկայացնելով, այսօր արդեն, Համաշխարհային ժառանգության մաս կազմող եզակի հուշարձանի՝ Պերսեպոլիսի եւ Հայաստանի հնագիտական ժառանգության կարեւոր արժեքի՝ Էրեբունիի  պատմությունն ու մշակույթը: Այն երկու հնագույն քաղաքների մշակույթներում առկա փոխազդեցությունները համադրելու, ինչպես եւ, նրանց մշակութային կարեւոր նշանակության եւ պահպանության շուրջ մտորելու՝ այցելուին ընձեռված նոր հնարավորություն է:

Հայաստանում Եվրոպական ժառանգության օրերը 2015թ.  անց են կացվում  ՀՀ Մշակույթի նախարարության կողմից առաջարկված «Հիշատակի ժառանգությունը» խորագրի ներքո՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: «Էրեբունի» արգելոց-թանգարանը միանալով վերոնշյալ խորագրին՝ ՀՀ Մշակույթի նախարարության Երաժշտագիտական գրադարանի հետ համատեղ սեպտեմբերի 26-ին կիրականացնի նաեւ «Վանի տարածաշրջանի ժողովրդական երգարվեստը» համերգային ծրագիրը՝ ներկայացնելով Հայոց ցեղասպանության հետեւանքով լքված Արեւմտյան Հայաստանի հարուստ ժառանգության մի փոքրիկ պատառիկը:  Երաժշտագիտական գրադարանի երգչախմբի մասնակցությամբ ժողովրդական երգերի մի ամբողջ շարան կնվիրվի  թանգարանի երաժշտասեր այցելուներին:

Օրերի շրջանակում իրականացվող միջոցառումներն արգելոց-թանգարանում կավարտվեն ուրարտական եւ աքեմենյան հնագույն մշակույթների վերաբերյալ հետաքրքիր դասախոսություններով, որոնք կանցկացնեն Իրանի եւ Հայաստանի հնագիտության, մշակույթի եւ արվեստի լավագույն մասնագետները:

«Էրեբունիից Պերսեպոլիս. ուրարտական եւ աքեմենյան մշակույթների հանգույցում» ցուցահանդեսի բացումը տեղի կունենա 2015թ. սեպտեմբերի 26-ին ժամը 12:00-ին «Էրեբունի» արգելոց-թանգարանում:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Էրեբունի արգելոց-թանգարանը Եվրոպական ժառանգության օրերին կմիանա հատուկ ծրագրով”

Leave a Reply

Your email address will not be published.