Էջմիածին քաղաքի տոնը մեկնարկեց Վազգեն Սարգսյանի կիսանդրու բացմամբ

Այսօր Էջմիածին քաղաքի տոնն է, ինչի առիթով այսօր սպարապետ Վազգեն Սարգսյանի անվան հրապարակում բացվեց նրա կիսանդրին, որը գտնվում է Սբ Հռիփսիմե եկեղեցու հարևանությամբ։ Արձանի հեղինակն է Ռուբեն Նալբանդյանը։

Բացմանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, սպարապետի ընտանիքի անդամները, քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, գեներալներ, զինվորականներ և բազմաթիվ էջմիածինցիներ։

Ինչպես լրագրողների հետ զրույցում ասաց Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, դեռ ամիսներ առաջ այս հրապարակից սկիզբ առնող քաղաքի ամենաերկար փողոցը անվանակոչել են Վազգեն Սարգսյանի անունով և որոշել, որ Հրապարակում պետք է տեղադրվի նրա կիսանդրին։

«Մենք նաև Անդրանիկ Զորավար անվան փողոց ենք անվանակոչել ու կանգնեցրել նրա արձանը և այսօր փաստորեն Էջմիածնում ունենք սպարապետի ու զորավարի անվան փողոցներ ու կիսանդրիներ»,-ասաց նա։

Անդրադառնալով հարցին, թե այս տարի ինչ է արվել Էջմիածինցիների համար, քաղաքապետը պատասխանեց, որ ամեն ինչ մատուցվել է նվերի տեսքով։

«Էջմիածինցիներն այս տարի ստացել են նորոգված մանկապարտեզ, նորոգված փողոց, գեղարվեստի դպրոց, ԶԱԳՍ, իսկ այսօր նաև սպորտի համալիրի հիմնարկեքի բացումն է լինելու։ Իսկ թե ինչ աշխատանքներ են սկսելու հետագայում պարզ կլինի 2016թ-ի բյուջեի հաստատումից հետո, մինչ այդ ոչինչ ասել չեմ կարող»,-ասաց նա։

Լրագրողների դիտարկմանը, թե Էջմիածնի քաղաքապետարանի բյուջեից գումար է փոխանցվել սահմանամերձ համայնքներին, Կարեն Գրիգորյանն ասաց, որ չէր ցանկանա դրա մասին շատ խոսել, որովհետև բարեգործությունը պետք է անել լռելյայն, որպեսզի իր արժեքը չկորցնի։

«Ես ուզում էի դա անել առանց գնահատականի, ու արվեց ի սրտե, ամեն տարի արվում է՝ գումար է հատկացվում սահմանամերձ շրջաններին ու Արցախին, բայց ավելի քիչ լուսաբանելով, սա մեր պարտքն է, սահմանը պետք է լինի ամուր, մեր թիկունքին կանգնած»,-ասաց նա։

Վազգեն Սարգսյանի կիսանդրու բացմանը ներկա էր նաև նրա եղբայրը՝ Արամ Սարգսյանը, ով նշեց, որ հպարտանում է այս իրադարձությամբ։

«Ւնձ համար անակնակալ չէր Վազգենի կիսանդրու տեղադրման լուրը, որովհետև Գրիգորյաններրի ընտանիքի հետ մեր կապը վերածվել է հարազատության, այդ առումով ամեն ինչից տեղյակ ենք, հաճելի է, որ նաև Էջմիածնում կլինի Վազգենի կիսանդրին։ Ընդհանրապես մարդկային կյանքը արված գործով է և իսկապես բացակայությունը չի նշանակում մարդու բացակայություն։ Շատ մարդիկ կան, որոնք ողջ են. բայց կարծես բացակայում են, իսկ Վազգենը դեռ շատ երկար-երկար տարիներ կմնա ժողովրդի հիշողության և պատմության մեջ՝ իր արած գործով, ներդրումով՝ այս երկրի պետականության կայացման գործում»,- ասաց նա։

Տարածել`
Share

You may also like...