Զրույցներ լավաշի մասին

Ըստ ավանդության` հին Հայաստանում Արամ անունով մի արքա է եղել, որը կռվի ժամանակ գերի է ընկել ասորիների թագավոր Նոսորին: Ըստ նրա պայմանի` Արամ արքան պետք է 10 օր անոթի մնա, իսկ 11-րդ օրը նետաձգությամբ մրցի իր հետ, եթե հաղթի, ազատ կարձակվի և յուրայինների մոտ կգնա արքայավայել ընծաներով: Հաջորդ օրը Արամ արքան պահանջեց, որ ասորաց սահմանի մոտ կանգնած հայկական բանակից բերեն իր ամենագեղեցիկ լանջապանակը: Հայերը գլխի ընկան, որ իրենց արքան ինչ-որ բան է ակնարկում, իսկ ասորիներն էլ չգիտեին, որ լանջապանակի մեջ նրբաթերթ հաց է դրված: Այն ժամանակ ոչ ոք չգիտեր լավաշի մասին, իսկ ասորի բանբերների մտքով չէր էլ անցնի, թե հայերը կարող են զրահի մեջ հաց թաքցնել: Արամը ստացավ իր զրահը, բայց ասաց, որ սա չի իր ամենագեղեցիկ լանջապանակը, պահանջեց մեկ ուրիշը, և ասորի բանբերները 9 օր շարունակ գնում-գալիս էին` առանց իմանալու, որ իրենց բերած լանջապանակներով ամեն օր մի նրբաթերթ հայկական հաց են հասցնում Արամ արքային:
11-րդ օրը Արամն ու Նոսորը մրցասպարեզ մտան: Նոսորին թվում էր, թե 10 օր սոված մնալով՝ Արամն ուժասպառ է եղել, սակայն հայոց արքան իրեն կայտառ էր զգում: Հայկական հացը նրան ուժ էր տվել, նա հաղթեց մրցության մեջ և տուն վերադարձավ պատվով: Վերադարձավ ու հրովարտակ արձակեց, որ այսուհետ Հայաստանում հաստ ու բազմաձև հացերի փոխարեն լավաշ թխեն: Այդ ժամանակներից ի վեր լավաշը դարձավ հայոց հացերի արքան:

Ըստ մեկ այլ ավանդության` մի հայ իշխան 20 օր բանտարկված է եղել և ոչինչ չպետք է ուտեր, որից հետո պիտի կռվեր առյուծի դեմ: Ամեն օր նրան այցելում էր իր թիկնապահը` գոտու արանքում գաղտնաբար բերելով թարմ լավաշ: Արդյունքը լինում է այն, որ իշխանը հաղթում է առյուծին: Սա վկայում է, որ լավաշը մեծ զորություն ունի հայոց համար և հայ օջախներում այն իբրև սրբազան նշխար է ընկալվում:

Աստվածների հարսանեկան լավաշի ավանդազրույցը

Ըստ հայ դիցաբանության` հայոց ռազմի աստված Վահագնի և գեղեցկության աստվածուհի Աստղիկի հարսանիքին աստվածների հայր Արամազդը Աստղիկի ուսին լավաշ է դնում: Փեսա Վահագնի տուն գնալու ճանապարհին լավաշը ընկնում է հարս Աստղիկի ուսից: Արամազդը զայրանում է ու ասում. «Հացը գետին ձգողը չի կարող կին ու մայր դառնալ»:
Այսպես Վահագնն ու Աստղիկը երբէք չեն կարողանում ամուսնանալ և մնում են հավերժական սիրահարներ:
Եվ մինչ այսօր հարսանիքի ժամանակ հայ հարսները զգույշ են քայլում, որպեսզի լավաշն իրենց ուսից չընկնի և չունենան Աստղիկի տխուր ճակատագիրը:

Կախարդական լավաշի խորհուրդը

Կախարդական լավաշի խորհուրդը գալիս է դարերի խորքից՝ մեր պապիկների ու տատիկների խրատներից, ու մեզ սովորեցնում, որ երջանկությունը աշխատանքի մեջ է: 1988 թվականին «Հեքիաթ Նաղաշ անունով տղայի և հացի մասին, որի անունն է լավաշ» հեքիաթի հիման վրա նկարահանված «Կախարդական լավաշ» մուլտֆիլմը պատմում է Նաղաշ անունով մի բարի տղայի մասին, ով ապրում էր լավաշ թխող իր մայրիկի հետ: Լավաշով է սնվում ու մեծանում նաև Նաղաշը: Բայց հայոց աշխարհում տղաները շուտ են մեծանում, մոռանում մանկական խաղերի մասին ու դառնում օգնական ծնողների համար: Նաղաշն էլ որոշում է գտնել իր «սրտի գործը» ու մոր թխած լավաշներից մեկը վերցնելով` ճանապարհ է ընկնում: Փորձությունների ու անհաջողությունների միջով անցնելով` Նաղաշը հասկանում է, որ երջանկություն կարելի է գտնել միայն հարազատ հողում:
Վերադառնում է տուն, մի լավաշաչափ հող է մաքրում քարերից, վարում է, ցանում, ջրում սեփական քրտինքով, և հողը նրան վարձահատույց է լինում ու առատ բերք պարգևում:

 

Կարդացեք նաև Ա. Մակեդոնացին ու լավաշի պատմությունը:

Աղբյուրը` menq.org

Տարածել`
Share

You may also like...