«Զուլալին» արդեն մեծ էկրանին է

Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 19:00-ին, «Մոսկվա» կինոթատրոնում «Զուլալի» ֆիլմի պրեմիերան էր:
Նարինե Աբգարյանի «Զուլալի» վիպակի համանուն էկրանավորումը ժամանակի ընթացքը չնկատող, ճախրելուց չվախեցող և անգամ ողբերգականի մեջ զվարճալին գտնող մարդկանց դառն ու ուրախ աշխարհի մասին է: Ռեժիսոր Հայկ Օրդյանի ֆիլմը բաղկացած է երեք մասից և բացահայտում է ընտանեկան մեծ ողբերգությունը:
Հեռավոր գյուղում ապրում է մի ընտանիք՝ տարեց տանտիկինը, տղան՝ Նազարոսը և նրա մայրը՝ Զուլալին: Փոքրիկ Նազարոսը մտածում է տարօրինակ Զուլալիի, մինչև հարյուր տարեկան չապրած պապու և այլնի մասին: Տանտիկինը բարդ ճակատագրով կին է, որ պատասխանատու է ոչ արյունակից, բայց արդեն իր ընտանիքի անդամ դարձած մարդկանց համար: Տանտիրոջ՝ պապի ինքնասպանությունից հետո տան ամբողջ հոգսն այս կնոջ ուսերին է:
Վերջում խոսում է Զուլալին: Նա բացահայտում է, թե ինչպես է մեծ ողբերգությունը շրջել իր կյանքը, ինչպես է կորցրել միտքը և ինչպես լույս աշխարհ եկավ Նազարոսը: Ֆիլմում առանձնահատուկ տեղ են գրավում գյուղի մթնոլորտը, կյանքը, բնությունը:
Ինչպես տեղեկացնում է «Զուլալի»-ի պաշտոնական էջը «Զուլալի» վիպակի էկրանավորումը «Օրդեր ֆիլմ»-ը սկսել է դեռևս 2019 թվականից։
Հայկ Օրդյանի հրաշալի ռեժիսուրան, Հերմինե Ստեփանյանի Զուլալին, Արման Նավասարդյանի կոշկակար Սամոն և մյուս կերպարները մարմնավորած դերասանների անզուգական խաղը ամբողջական է դարձել մանսուրյանական երաժշտությամբ:
Տիգրան Մանսուրյանի գրած երաժշտությունը ամբողջությամբ ի մի է բերել ֆիլմի գեղարվեստական միտքը։ Ֆիլմի առաջին պատկերները տեսնելով՝ Մաեստրոն միանգամից թուղթ և գրիչ է խնդրել և ասել՝ ուզում եմ նոտագրել։
Նշենք, որ պրեմիերայից առաջ՝ 18:30-ին, «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ «Զուլալի» գրքի վաճառքը, որին ներկա էր հենց հեղինակ Նարինե Աբգարյանն ու մակագրեց գրքերը։
Հիշեցնենք, որ այս տարի Գրքի երևանյան փառատոնի միջոցառումների ծրագրում տեղի ունեցել հանդիպում-քննարկում ֆիլմի ստեղծագործական խմբի և անմիջապես գրողի հետ:
- Previous «Ձեռքդ ետ տար ցավի վրայից». կյանքից հեռացել է Վանո Սիրադեղյանը
- Next Գտնվել է Արշիլ Գորկու նոր կտավը. բացահայտումներ նկարչի մահից 73 տարի անց