Զորիկ Գալստյանի անհատական աշխատանքների ցուցահանդեսը նվիրված է Արցախի Անկախության հռչակման 25-րդ ամյակին

Ցուցահանդեսին բացման խոսքով հանդես է եկել Հակոբ Գյուրջյանի անվան կիրառական արվեստի ինստիտուտի ռեկտոր, քանդակագործ Յուրի Հովհաննիսյանը` նշելով, որ նկարիչ Զորիկ Գալստյանն իր անատական ցուցահանդեսում ի մի է բերել իր ողջ տարիների կատարած աշխատանքը:

«Որպես մարդ` նա իր ցուցադրած նկարներում ներկայացնում է իր իսկ մտածողությունն ու ներաշխարհը: Իր մանկության և պատանեկության հիշողությունները, որոնք որպես արվեստագետի հոգևոր սննդի անսպառ աղբյուր, նա ներկայացնում է իր կտավներում: Նկարիչն ունի սիրտ կեղեքող հիշողություններ, որը տարիների խորքից արձագանք է տալիս իր հոգում` հետագայում վերածվելով արվեստի գործերի: Ամեն արվեստագետ չի, որ կարողանում է նման անհատական ցուցահանդես բացել. այն հեշտ գործ չէ: Այսօր մենք տեսանք հիանալի կոմպոզիցիա, գեղեցիկ, սիրտ մաշող, ոգևորող, լավատեսական նոտայով աշխատանքներ»,-մասնավորապես ասել է Յու. Հովհաննիսյանը:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ցուցահանդեսի հեղինակ, նկարիչ Զորիկ Գալստյանն էլ նշել է, որ նա իր առաջին անհատական ցուցահանդեսն է ներկայացնում: «Մասնակցել եմ հանրապետական և համամիութենական մի շարք ցուցահանդեսների: Աշխատանքներ, անհատական հավաքածուներ ունեմ Գերմանիայում, Մոսկվայում, Երևանում, Ստեփանակերտում:Այսօր ես ցուցադրության եմ ներկայացրել 48 նկար: Իմ նկարներում ներկայացնում և ամբողջացնում եմ արցախցու կերպարը, կենցաղը: Ցուցադրված նկարները 1990-ական թվականներից առ այսօր ստեղծված կտավներն են: Շուրջ 50 տարի է, ինչ զբաղվում եմ նկարչությամբ: Այսօր էլ ավելի եռանդուն կերպով եմ աշխատում և հասակ առնելով ավելի եմ հասկանում որ նկարչությունը իմ տարերքն է»,-ասել է Զ. Գալստյանը:

Արցախցի նկարիչ Լավրենտ Ղալայանը, խոսելով նկարչի աշխատանքների մասին, բարձր է գնահատել արվեստագետ Զորիկ Գալստյանի աշխատանքը` բնութագրելով նրան որպես արցախցի համեստ, աշխատասեր, բարի մարդու: «Նրա կտավներում հայ մարդն է, Արցախը, նրա բնությունը, հայրենիքն ամբողջությամբ: Դիտելով նրա նկարները` գեղագիտական մեծ հաճույք ենք ստանում»,-ասել է Լ. Ղալայանը:

Ցուցահանդեսին ներկա էին Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, նկարիչներ, հյուրեր և այլք:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed