«Երևան Տարազ Ֆեստ» փառատոնը տեղի կունենա Ստեփանակերտում

artsakhpress.am-ը գրում է՝

«Երևան ամառ» եռամսյա միջոցառման շրջանականում օգոստոսի 4-ին Արցախում՝ Ստեփանակերտի վերածննդի հրպարկում տեղի կունենա «Երևան Տարազ Ֆեստ» փառատոնը:

Միջոցառումը բաղկացած կլինի 2 մասից՝ ցերեկային և երեկոյան:

«Ցերեկը տեղի կունենա ցուցահանդես-տոնավաճառ, որտեղ իրենց աշխատանքները կներկայացնեն  ինչպես երևանաբնակ, այնպես էլ Արցախում ապրող  ասեղնագործողներ, տիկնիկագործներ, կավագործներ, իսկ երեկոյան կանցկացվի նորաձևության ցուցադրություն,  որտեղ դիզայներներ Արամ Նիկոլյանը, Վահան Խաչատրյանը և Լիլիթ  Մելիքյանը կներկայացնեն հագուստի  իրենց հավաքածուները»,- նշեց Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության տուրիզմի բաժնի պետ Մարիա Բարաղամյանը: Փառատոնի նպատակն է քարոզել հայկականը, տարազը և կոչ անել, որ մարդիկ իրենց առօրյա հագուստի մեջ օգտագործեն հայկական տարազի բաղադրիչներ՝ պահպանելով հայ մշակույթը և պատմությունը:

Դիզայներ Վահան Խաչատրյանը նշեց, որ առաջին անգամ է մասնակցում այս փառատոնին և ներկայացնելու է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված իր հավաքածուն: Հավաքածուն ստեղծելիս դիզայները ոգեշնչվել է Թորոս Ռոսլինի մանրանկարներից:

Դիզայներ Արամ Նիկոլյանը երկրորդ անգամ է մասնակցում փառատոնին: Ըստ նրա` փառատոնը լայն զանգվածներին ներկայանալու հնարավորություն է տալիս և մասամբ նպաստում է նաև հայկական տարազի վաճառքի աճին: Նիկոլյանը ցուցադրելու է «Ուրֆա» հավաքածուի թարմացված տարբերակը և բազմաթիվ նոր մոդելներ, որոնք առաջին անգամ են ցուցադրվելու:

«Հայաստանում 3 խոշոր թանգարաններ կան, որոնք տարազի լավ հավաքածուներ ունեն, դրանցից մեկը Երևանի պատմության թանգարանն է: Անցյալ տարվա փորձը ցույց տվեց, որ ոչ միայն ազգաբնակչության, այլև զբոսաշրջիկների մոտ մեծ հետաքրքրություն է առաջացնում ավանդական տարազի ցուցադրումը` համեմված ժամանակակից, նորաձև տարրերով»,- ասաց Երևանի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանը:

«Երևան Տարազ Ֆեստ» փառատոնն իրականացնելու գաղափարը պատկանում է «Տերյան» մշակութային կենտրոնին: Այն արդեն 2-րդ տարին է իրականացվում: Անցյալ տարի փառատոնը անցկացվել է Երևանում, սակայն այս տարի Երևանի քաղաքապետարանի որոշմամբ և Ստեփանակերտի քաղաքապետարանի աջակցությամբ այս միջոցառումը անցկացվելու է Արցախում:

Տարածել`
Share

You may also like...