«Երևան ՏԱՐԱԶֆեստ 2016» փառատոնը՝ «Երևանյան ամառ» եռամսյա ծրագրի շրջանակներում

asekose.am-ը գրում է՝

Արցախի մայրաքաղաքի Վերածննդի հրապարակում մեկնարկել է «Երևան ՏԱՐԱԶֆեստ 2016» փառատոնը, որը 2-րդ տարին անընդմեջ կազմակերպվում է Երևանի քաղաքապետարանի կողմից «Երևանյան ամառ» եռամսյա ծրագրի շրջանակներում:

Փառատոնի պաշտոնական բացման արարողոթյունը մեկնարկել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ողջույնի խոսքով, որը ներկայացրել է Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը: Ուղերձում մասնավորապես ասված է.
««Երևան ՏԱՐԱԶֆեստ 2016», որը «Երևանյան ամառ» ծրագրի հաջողված փառատոներից մեկն է, Ստեփանակերտում անցկացվելով, ևս մեկ անգամ փաստում է, որ մեզ համար ոչ պակաս կարևոր է նաև մշակութային բաղադրիչով համագործակցության ամրապնդումը: Հաջող ընթացք մաղթելով փառատոնին՝ նաև վստահեցնում եմ, որ Երևանի քաղաքապետարանը հետևողականորեն շարունակելու է երկուստեք կապերի ամրապնդմանն ու զարգացմանն ուղղված բոլոր ծրագրերը»:
Փառատոնի մշակութային հատվածը մեկնարկել է Երևանից ժամանած «Միլեն շոու բալետի» խորհրդանշական պարային ելույթ-ողջույնով:
Փառատոնի մասնակիցների և հյուրերի հետ միասին «Երևան ՏԱՐԱԶֆեստ 2016» փառատոնի ընթացքին տեղում հետևել է նաև ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Արցախի նախագահը շրջել է տաղավարներում և ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին:
Հարկ է նշել, որ Վերածննդի հրապարակում տեղակայված երևանյան և արցախյան տաղավարներում ներկայացվել են ավանդական տարազներ, տարազային տարրեր պարունակող ժամանակակից հագուստ և այլ պարագաներ: Փառատոնն ուղեկցվել է Երևանի և Արցախի ազգային համույթների ելույթներով:
Առանձնակի կարևորելով «Երևան ՏԱՐԱԶֆեստ 2016» փառատոնը Արցախի մայրաքաղաքում անցկացնելու որոշումը, որը ձեռք է բերվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ԼՂՀ կատարած պաշտոնական վերջին այցի շրջանակներում՝ Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը նշել է, որ այդ տեսանկյունից փառատոնը գործընկեր երկու քաղաքների մշակութային և զբոսաշրջային ծրագրերի խթանմանն ուղղված առաջին խոշոր քայլն է:
«Մեզ համար մեծ պատիվ է, որ այս տարի «Երևան ՏԱՐԱԶֆեստ 2016» փառատոնը հյուրընկալվել է մշակութային հարուստ ժառանգություն ունեցող Արցախում: Այս միջոցառումը կլինի մշակութային փոխգործակցության առաջին ծիծեռնակը, որին, վստահաբար, կհաջորդեն համատեղ կազմակերպվող նորանոր և բազմաբնույթ այլ միջոցառումներ», – նշել է Մարիա Բարաղամյանը:
Երևանյան 15 տաղավարներում, փառատոնի խորհրդին համահունչ, ներկայացված են Երևանի պատմության թանգարանի, Մեգերյան կարպետ-թանգարանի ցուցանմուշները, Անահիտ Սիմոնյան նորաձևության տան, ինչպես նաև մի շարք անհատ ստեղծագործողների աշխատանքները: Առանձին տաղավարներով ներկայացված են նաև Շուշիի գորգի գործարանը, Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանը, Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը, Շուշիի Արսեն Խաչատրյանի անվան պետական հումանիտար քոլեջը և այլ անհատ վարպետներ:
Ստեփանակերտի քաղաքապետի առաջին տեղակալ Սուրեն Թամրազյանն էլ, ընդգծելով Երևան-Ստեփանակերտ ակտիվ համագործակցությունը, նշել է, որ նմանօրինակ փառատոնի անցկացումը կարևոր է ինչպես գործընկերային կապերը խորացնելու, այնպես էլ զբոսաշրջությունն աշխուժացնելու և խթանելու տեսանկյունից:
«Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետարանների համագործակցության շրջանակում իրականացվող «Երևան ՏԱՐԱԶֆեստ 2016» փառատոնը, վստահ ենք, ոչ միայն տոնական տրամադրություն կպարգևի բոլոր մասնակիցներին, այլև նոր շունչ կհաղորդի երկու մայրաքաղաքների միջև մշակութային կապի ամրապնդմանը, կնպաստի Արցախի ճանաչելիությանն ու զբոսաշրջային գրավչությանը», – ընդգծել է Սուրեն Թամրազյանը:
Փառատոնին մասնակցելու համար Երևանից ժամանել է շուրջ 130 մասնակից, որոնց թվում են ազգային և պարային համույթներ, լրագրողներ, Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության աշխատակիցներ, ժողվարպետներ, դիզայներներ, ազգագրագետներ:
Ցուցահանդես-տոնավաճառին ուշ երեկոյան կհաջորդի դիզայներներ Լիլիթ Մելիքյանի, Արամ Նիկոլյանի ու Վահան Խաչատրյանի տարազային և մանրանկարչության բաղադրիչ պարունակող հագուստների հավաքածուների անհատական ցուցադրությունները, որոնք կուղեկցվեն «Միքայել Ոսկանյան և ընկերներ» նվագախմբի նվագակցությամբ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed