Երևան-Սևան մայրուղու վրա գտնվող «Անվերջության ժապավեն» հուշարձանը կվերականգնվի

Երևան-Սևան մայրուղու վրա գտնվող «Անվերջության ժապավեն» հուշարձանը Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանի հանձնարարության կվերականգնվի: Այս մասին Tert.am-ը տեղեկանում է ՀՀ Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժից:

Նշենք, որ հուշարձանի ներկայիս վիճակի մասին վերջերս մարզպետին բաց նամակ էր հղել երգչուհի Էմմին, ում հայրն էլ՝ Դավիթ Բեջանյանը, հենց հուշարձանի հեղինակն է:

Համաձայն մարզպետարանի հաղորդագրության, Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը հանդիպում է ունեցել երջանկահիշատակ քանդակագործ Դավիթ Բեջանյանի տիկնոջ՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Նադեժդա Սարգսյանի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են քանդակագործ Դավիթ Բեջանյանի հեղինակած «Անվերջության ժապավեն» հուշարձանի վերականգնման հետ կապված մի շարք խնդիրներ:

Նադեժդա Սարգսյանի կողմից ներկայացվել են որոշակի առաջարկություններ՝ հուշարձանը քանդակագործ Դավիթ Բեջանյանի էսքիզներով վերականգնելու ուղղությամբ:

Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը մարզպետարանի համապատասխան վարչությանը հանձնարարել է հանգամանորեն վերլուծել Նադեժդա Սարգսյանի կողմից արված առաջարկությունները և ներկայացնել համապատասխան եզրակացություններ Կոտայքի մարզում տեղադրված «Անվերջության ժապավեն»  հուշարձանի վերականգնման հնարավորությունների վերաբերյալ:

Նշենք, որ հուշարձանը տեղադրվել է դեռևս 1970-ական թվականներին ու նվիրված է ճանապարհաշինարարներին: Այժմ այն գտնվում է կիսաքանդված վիճակում, հուշարձանի մետաղական հատվածները տարիների ընթացքում գողացվել են:

Տարածել`
Share

You may also like...