Երևանում տեղի կունենա «Կամերային երաժշտության երեկո» խորագիրը կրող համերգ

Նոյեմբերի 5-ին, ժ. 19.00, Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը տեղի կունենա Վերադարձի դասական Երաժշտության 8-րդ Փառատոնի «Կամերային երաժշտության երեկո» խորագիրը կրող համերգը:

Առաջին անգամ հայ երաժշտասերներին կներկայացվի Վերադարձի Դասական երաժշտության Փառատոնի շրջանակներում ձևավորված «Վերադարձի Կվինտետ» երաժշտախումբը` հետևյալ կազմով.

Լիլիթ Գրիգորյան, դաշնամուր/ Բելգիա/
Դավիթ Հարությունյան, ջութակ /Ֆրանսիա/
Տոմոկո Ակասակա, ալտ /Ճապոնիա/
Պոլին Բարտիսոլ, թավջութակ /Ֆրանսիա/
Բլանշ Ստրոմբոնի, կոնտրաբաս / Ֆրանսիա/

Միջազգային համբավ և ճանաչում վայելող երաժիշտները միավորվել են` ի կատար ածելով Վերադարձի Փառատոնի ծրագրային դրույթներից մեկը` հայկական կատարողական դպրոցի առանցքի շուրջ միավորել տարբեր մշակույթների, կատարողական դպրոցների և ուղղությունների արվեստագետներին` միջմշակութային երկխոսության, փորձի փոխանակման, հագեցած ստեղծագործական աշխատանքի համար:

Գործընթացի վերջնարդյունքում նոյեմբերի 5-ին կներկայանա մի երաժշտախումբ, որը Վերադարձի Փառատոնի Կվինտետ անվանմամբ հնարավորություն կունենա ներկայանալու նաև արտերկրում:

Վերադարձի Փառատոնի Կվինտետը Կոմիտասի անվան Կամերային երաժշտության Տանը հանդես կգա հետևյալ ծրագրով.

Գ. Մալեր- Դաշնամուրային Կվարտետ, լյա մինոր
Ֆ. Մենդելսոն-Բարտոլդի- Դաշնամուրային Տրիո N 2, դո մինոր,  op. 66
Ֆ. Շուբերտ- Դաշնամուրային Կվինտետ, լյա մաժոր, op. 114

Վերադարձի Դասական Երաժշտության 8-րդ Փառատոնը` նվիրված Հայոց Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին, անցկացվում է ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր գործընկերությամբ։

Տարածել`
Share

You may also like...