Երևանում տեղադրվել է «Հիրոշիմայի խաղաղության քար» հուշաքարը

Երևանի Մանկական զբոսայգում տեղադրված «Խաղաղության քար» հուշաքարը բացել են Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը և Հիրոշիմայի «Խաղաղության քար» ասոցիացիայի ղեկավար Միչիկո Ումեմոտոն։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Ներկայացնելով հուշաքարի ծագումը՝ Հիրոշիմայի «Խաղաղության քար» ասոցիացիայի ղեկավարը նշել է, որ այն 1945 թվականի օգոստոսի 6-ին Հիրոշիմայում ատոմային ռմբակոծության էպիկենտրոնից 200 մետր հեռավորությամբ գտնվող Աիոի կամրջին կից երկաթգծի սալաքարերից է, որոնցից 188-ը ռմբակոծությունից տարիներ անց հավաքվել և քաղաքացիների ձեռքերով 7 տարիների ընթացքում վերածվել են յուրօրինակ հուշաքարերի։
Խաղաղության քարին երեք լեզուներով գրված է Հիրոշիմայի բնակիչների խորհրդանշական պատգամը, որտեղ ասված է. «…Դասեր քաղելով մեր տառապանքից և առաջնորդվելով մեղքի զգացումով, որ մենք ունենք Երկրորդ համաշխարհային պատերազմի արհավիրքն անցած այլ ազգերի հանդեպ՝ մեր սահմանադրությամբ հավաստեցինք այսուհետ երբեք այլ երկրների նկատմամբ ագրեսիա չիրականացնելու մեր վճռականությունը։ Մենք նվիրաբերում ենք այս սալաքարերն աշխարհի ժողովուրդներին՝ հուսալով, որ համայն մարդկությունը կկիսի անպատերազմ աշխարհում ապրելու մեր ընդհանուր իղձը, աչքի առաջ ունենալով Հիրոշիմայի ատոմային ռմբակոծությունը՝ որպես հիշեցում խաղաղության կարևորության մասին»։
Միջոցառումն ավարտվել է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի՝ ճապոնական հանրահայտ «Հայրենիք» երգի կատարմամբ։

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Երևանում տեղադրվել է «Հիրոշիմայի խաղաղության քար» հուշաքարը”

Leave a Reply

Your email address will not be published.