Երևանում մեկնարկել են «Բրավո, վիրտուոզ» գեղարվեստական ֆիլմի նկարահանումները

Երևանում մեկնարկել են «Բրա՛վո, վիրտուոզ» հայ-ֆրանսիական գեղարվեստական ֆիլմի նկարահանումները:

Այսօր «Էյչ Քեյ Փրոդաքշնզ» ընկերության նախաձեռնությամբ կազմակերպված «Բրավո, վիրտուոզ» լիամետրաժ խաղարկային կինոնախագծին նվիրված մամուլի ասուլիսի ընթացքում ստեղծագործական անձնակազմը տեղեկացրեց, որ ֆիլմի նախապատրաստական աշխատանքները տևել են ավելի քան երեք տարի:

Ֆիլմի սցենարի հեղինակ և բեմադրող ռեժիսոր Լևոն Մինասյանն ասաց, որ ֆիլմն ամբողջովին հայերեն է լինելու, ֆիլմի սյուժեն դասական նվագախմբի մասին է, որի կյանքը վտանգի տակ է:

«Իսկ խորքում տեսնում ենք չարի և բարու հավերժական կռիվը»,-ասաց ռեժիսորը:

Ֆիլմի գլխավոր արտադրող, հայկական «Էյչ Քեյ Փրոդաքշնզ» ընկերության հիմնադիր և պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանն ասաց, որ ֆիլմը գեղարվեստական է:

«Ժանրերի միախառնմամբ և ոչ իրական մի պատմություն է այն, որ ամենայն հավանականությամբ կարող է լինել նաև իրական: Սոցիալական բարդ խնդիրներ են ներկայացված կատակերգական ժանրում»,-ասաց Հրաչ Քեշիշյանը՝ հավելելով, որ ֆիլմը միջազգային մասշտաբի գործ է:

Նա նշեց նաև, որ շատ վառ ու գեղեցիկ դերասանական կազմ ունի ֆիլմը. գլխավոր դերակատարներն են Սամվել Թադևոսյանը և Մարիա Ախմետզյանովան:

Դերասան Արմեն Ջիգարխանյանը դիրիժոր Հովհաննեսի դերն է կատարելու, ֆիլմում նկարահանվելու են նաև  Արամ Կարախանյանը, Մկրտիչ Արզումանյանը, Արման Նավասարդյանը և ուրիշներ:

«Յուրաքանչյուրի դերի համար մեծ հոգատարությամբ է ընտրված մարմնավորող դերասանը»,-ասաց Քեշիշյանը:

Հաջորդ տարվա մարտին նախատեսվում է ֆիլմը ավարտին հասցնել, որպեսզի հասցնեն նաև որևէ փառատոնի մասնակցելու համար հայտ ներկայացնել: Փառատոնային կյանքի ավարտից հետո կլինի նաև մեծ էկրաններին:

«Մենք ուզում ենք կարծրատիպը կոտրել և ցույց տալ, որ կինոն կարող է լինել և՛ փառատոնային, և՛ ժանրային»,-ասաց Հրաչ Քեշիշյանը:

Նկարահանումները հիմնականում լինելու են Երևանում և Գյումրիում:

Գլխավոր հերոսին մարմնավորող Սամվել Թադևոսյանն էլ, ով նույնպես մասնակցում էր ասուլիսին, ասաց, թե շատ է սիրում դասական երաժշտություն և այդ առումով կերպարն իրեն հոգեհարազատ է:

Ֆիլմի համարտադրող, ֆրանսիական հայտնի Agat films & Co/Ex Nihilo կազմակերպության ղեկավար, միջազգային ճանաչում ունեցող կինոռեժիսոր և պրոդյուսեր Ռոբեր Գեդիկյանն էլ ասաց, որ ֆիլմը պատմում է այժմյան Հայաստանի մասին, այսինքն, ըստ նրա՝ սա ժամանակակից ֆիլմերի շարքին է պատկանում:

«Մելոդրամա, կատակերգություն, ամեն ինչ արվում է թեթև ժանրերում, բայց դրանից դեռ չի նշանակում, որ ֆիլմը թեթև է»,-ասաց Ռոբեր Գեդիկյանը:

Ֆիլմի կոմպոզիտորներն են Տիգրան Համասյանը և Միշել Պետրոսյանը:

tert.am

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Երևանում մեկնարկել են «Բրավո, վիրտուոզ» գեղարվեստական ֆիլմի նկարահանումները”

Leave a Reply

Your email address will not be published.