Երևանում կկայանա Միքայել Թարիվերդիևի 85-ամյակին նվիրված համերգ

Արամ Խաչատրյան համերգասրահում հոկտեմբերի 28-ին կայանալու է համերգ՝  նվիրված Միքայել Թարիվերդիևի 85-ամյակին: Համերգին ելույթ է ունենալու Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը:

Նվագախմբից Panorama.am-ին տեղեկացրեցին, որ որպես մենակատարներ հանդես են  գալու՝ Մերիդիանվոկալ տրիոն, Նադեժդա Լուկաշևիչը, Նիկոլայ Սմետանինը, Ալեքսեյ Պոդշիվալովը,  նաև՝ սոպրանո Թեհմինե Զարյանը, դաշնակահար Ալեքսեյ Գորիբոլը, բարիտոն Դավիթ Բաբայանցը, թավջութակահար Արմեն Մեսրոպյանը, դուդուկահար Գևորգ Դաբաղյանը: Համերգը ղեկավարելու է դիրիժոր Ռուբեն Ասատրյանը:

Երեկոյին հնչելու է՝ Կոնցերտ ձայնի և նվագախմբի համար, «Հիշիր այս պահը» վոկալ շարքը, հատվածներ օպերաներից և կինոերաժշտությունից:

Ազգությամբ հայ հռչակավոր սովետական երգահան, Ռուսաստանի ժողովրդական արտիստ, ֆիլմերի երաժշտության հեղինակ Միքայել Թարիվերդիևը ծնվել է 1931թ. Թբիլիսիում։ Միքայել Թարիվերդիևը սովորել է Թբիլիսիի երաժշտական տասնամյա դպրոցում, ապա՝ ուսումնարանում, 1957 թվականին ավարտել է Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական-մանկավարժական ինստիտուտի (այժմ՝ Ռուսաստանի երաժշտական ակադեմիա) ստեղծագործական բաժինը (ղեկավար՝ Արամ Խաչատրյան)։ Թարիվերդիևը 4 օպերայի, 4 բալետի, երգեհոնի համար գրված 3 կոնցերտների, դաշնամուրային կոնցերտների, բազմաթիվ հայտնի ֆիլմերի մեղեդիների, երգերի հեղինակ է։ Ընդհանուր առմամբ գրել է 132 կինոնկարի երաժշտություն։ Մ. Թարիվերդիևը մահացել է 1996թ.։ Թաղված է Մոսկվայի հայկական գերեզմանատանը։

 

 Նյութի աղբյուր` Panorama.am
Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed