Երևանում կգործի Ազնավուրի անվան տուն-թանգարանը

Այսօր Երևանում աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը հայտարարեց «Ազնավուր» հիմնադրամի ստեղծման և առաջին նախագծի մեկնարկի՝ Երևանում ինտերակտիվ թանգարանի հիմնադրման մասին: Թանգարանի նպատակն է Մաեստրոյի համաշխարհային մշակութային ժառանգության պահպանությունը, ինչպես նաև ուսումնական և սոցիալական ծրագրերի մշակումն ու իրագործումը:

Կասկադում կայացավ պետության կողմից «Ազնավուր» հիմնադրամին Ազնավուրի տուն-թանգարանի բանալիների հանձնման արարողությունը: Տոնական արարողությունը պատվել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, աշխարհահռչակ շանսոնյե, ՀՀ ազգային հերոս Շառլ Ազնավուրը, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն, նախագծի գործընկերները:

Նախագահ Սերժ Սարգսյանը հյուրերի ներկայությամբ Շառլ Ազնավուրին հանձնեց կեցավայրի խորհրդանշական բանալին:

Միջոցառման սկզբում Շառլ Ազնավուրը նախ հայերենով ասաց. «Երբ որ միկրոֆոնը կվերցնեմ քովս, հայերենս կմոռնամ, չեմ կարող, միայն ֆրանսերեն կրնամ: Ֆրանսերեն պիտի խոսիմ»։

Ապա շարունակեց ֆրանսերենով. «Ինձ համար մեծ պատիվ և ուրախություն է լինել այսօր այստեղ, ստանալ տուն-թանգարանի, մշակութային կենտրոնի բանալիները: Շնորհակալ եմ ձեր շռայլ նվիրաբերության համար: Վստահութամբ և մեծ հանգստությամբ եմ կայացրել այս որոշումը, և որդուս՝ Նիկոլա Ազնավուրի հետ հիմնել «Ազնավուր» հիմնադրամը, որը պետք է շարունակի 1988 թվականի մեկնարկած իմ բարեգործական գործունեությունը:

«Ազնավուր» հիմնադրամի առաջին նախագիծը կլինի հենց թանգարանի հիմնումը, որը կլինի ոչ միայն ինտերակտիվ թանգարան, այլ նաև երիտասարդական կենտրոն, զբոսաշրջային կարևոր վայր:

Մեծ վստահությամբ և հանգստությամբ եմ կայացրել այս որոշումը, քանի որ տեսել եմ, թե ինչպես են վերջին տարիներին Հայաստանում մեկը մյուսի հետևից կյանքի կոչվում կրթական, պատմամշակութային շատ կարևոր, առաջընթաց ապահովող ծրագրեր:

Այո, Շառլ Ազնավուր անունը հանրաճանաչ է, մեծ ճանաչում ունի ամբողջ աշխարհում, սակայն այդ անվան ամբողջ պարունակած մշակույթը ևս պետք է գա Հայաստան: Ոչ միայն Ազնավուրի, այլ աշխարհասփյուռք ամբողջ հայության բոլոր գործերը պետք է թարգմավեն, լինեն այստեղ: Հայաստանում գտնվելով՝  հետևում եմ հեռուստատեսությամբ, տեսնում եմ, որ հետընթաց չունենք, բավականին առաջ ենք թե գույների, թե ներկայացվող ծրագրերի առումով, կարևոր է անպայման, որ մենք մշակույթը թարգմանենք, բերենք Հայաստան, որպեսզի Սփյուռք-Հայաստանը կապվեն նաև այդ կերպ»:

Մաեստրոն իր խորին երախտագիտությունը հայտնեց  Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, մշակույթի նաարարությանը, բոլոր աջակիցներին, ովքեր արդեն իսկ աջակցում են նախագծի իրականացմանը, IDeA հիմնադրամին, անձամբ համահիմնադիր Ռուբեն Վարդանյանին, ով բոլոր ջանքերը ներդրել է կյանքի կոչվի այս ծրագիրը:

«Այս նախաձեռնությունը Հայաստանի ապագայի հանդեպ իմ նվիրվածության վկայությունն է, որը, հուսով եմ, կխրախուսի սփյուռքի ներգրավվածությունը և կհետաքրքրի այցելուների աշխարհի բոլոր կողմերից»,- նշեց հանրաճանաչ շանսոնյեն:

Շ.Ազնավուրն ասաց, որ Հայաստանի և սփյուռքի հայերը պետք է բոլորը միավորեն իրենց ջանքերը ստեղծելու համար այնպիսի նախագծեր, կենսակայուն ծրագրեր Հայաստանում, որպեսզի հայ երիտասարդները հնարավորություն ունենան իրենց երազանքներն իրագործել Հայաստանում՝ շրջապատված հարազատներով:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր խոսքում ասաց.

«Հարգելի՛ բարեկամներ,

Սիրելի՛ Շառլ,

Շատ ուրախ եմ այսօր գտնվելու այստեղ, այս լավ, ջերմ միջավայրում՝ Շառլ Ազնավուրի տուն-թանգարանում, որի առկայությունը Երևանում պատիվ է բերում ոչ միայն Երևանին, այլ մեր ողջ հասարակությանը:

Երևանը հարուստ է տեսարժան վայրերով, պատմամշակութային վայրերով, մշակույթի օջախներով, բայց այս տուն-թանգարանը հարստացնում է Երևանը, նոր լիցք է հաղորդում մեր մշակութային կյանքին: Շառլ Ազնավուրն արդեն վաղուց ներկայացնելու կարիք չունի. նա արդեն հանրահայտ է՝ Մաեստրո՛, և մենք երջանիկ ենք, որ քո ժամանակակիցն ենք, որ մենք կարողանում ենք պարբերաբար վայելել Ձեր արվեստը, Ձեր կատարումները: Իրոք, Դուք ոչ միայն երգում եք, ավելի շուտ՝ ոչ թե երգում եք, այլ կատարում եք, որովհետև Ձեր յուրաքանչյուր երգ մի ամբողջական ներկայացում է:

Ազնավուրն այսօր լեգենդ է՝ քայլող լեգենդ, և այդ լեգենդը պատկանում է ո՛չ միայն Ֆրանսիային, ո՛չ միայն Հայաստանին, հայ ժողովրդին, այլ համայն մարդկությանը:

Հայ-ֆրանսիական հարաբերությունները շաղկապված են հազարավոր թելերով, և դրա ապացույցներից մեկն էլ այն է, որ Ֆրանսիայի վերջին երեք նախագահները՝Ժակ Շիրակը, Նիկոլա Սարկոզին և Ֆրանսուա Օլանդն այցելել են Հայաստան, ընդ որում՝ Օլանդը երեք անգամ. նախագահի պաշտոնում՝ երկու անգամ: Ես հույս ունեմ, որ նորընտիր նախագահ պարոն Էմանուել Մակրոնն այս ավանդույթը կշարունակի, Մաեստրո՛, և մենք Ձեզ հետ միասին նրան կդիմավորենք այս տուն-թանգարանում:

Մաղթում եմ Ձեզ առողջություն, մաղթում եմ Ձեզ երկար տարիների կյանք, որպեսզի կարողանանք վայելել Ձեր արվեստը: Շատ շնորհակալ եմ, որ համաձայնեցիք Երևանում ունենալ տուն-թանգարան: Դա մեզ համար պատիվ է, և վստահ եղեք, որ այդ պատիվը մենք արժանապատվորեն ենք կրելու»:

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն էլ նշեց, որ Շառլ Ազնավուրի ապրած կյանքը օրինակ է երկիր մոլորակի բնակչության այն հատվածի համար, ով ուզում է իր գոյությամբ աշխարհը դարձնել ջերմ ու գթասիր, ավելի բարի ու մարդասեր:

«Այսօր ազդարարելով Շառլ Ազնավուրի թանգարանի ստեղծման աշխատանքի սկիզբը, ըստ էության, մեծ շանսոնյեն ազդարարում է  իր հերթական հայրենանվեր գործի սկիզբը:  Այս նմանօրինակը չունեցող թանգարանը պատմելու է Ազնավուրի կյանքի մասին, մաեստրոյի համաշխարհային  մշակութային ժառանագության մասին, միաժամանակ աշխարհին պատմելու է հայ ժողովրդի, մեր պատմության, ճակատագրի մասին:

Համոզված ենք, որ այս թանգարանը դառնալու է հայաստանյան թանգարանների, մեր բազմադարյան մշակույթի առաջնորդողը»,- նշեց նախարարը:

Շառլ Ազնավուրն ու նրա ընտանիքը որոշել են երևանյան թանգարանին նվիրաբերել իրենց բոլոր պարգևները, անձնական իրերը և այն ամենը, ինչ կազմում է Մաեստրոյի համաշխարհային մշակութային ժառանգությունը: Հիմնադրամի ծրագրերի մշակումը և իրագործումը կվարի անձամբ Նիկոլա Ազնավուրը: Հիմնադրամի գլխավոր տնօրենն է Քրիստինա Սարկիսյանը:

Հիշեցնենք, որ Շառլ Ազնավուրի կեցավայրի բացումը տեղի է ունեցել 2011 թվականի հոկտեմբերի 7-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի ու աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի ներկայությամբ: Հինգհարկանի շենքը  գտնվում է երևանյան Կասկադի բարձրադիր հատվածում: Այն ներառում է թանգարանը, բացօթյա համերգասրահը, ինչպես նաև Ազնավուրի կեցավայրը: 2017 թ. մարտի 23-ին ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել շենքը նվիրաբերելու «Ազնավուր» հիմնադրամին՝ որպես պայման նշելով, որ այն ծառայելու է բացառապես որպես Շառլ Ազնավուր տուն-թանգարան:

 

Նյութը` panorama.am-ի

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed