Երևանում կանցկացվի «Տիկնիկները հանուն խաղաղության և միջմշակութային երկխոսության» համաշխարհային փառատոնը

Կառավարությունը արտաբյուջետային միջոցներ կհատկացնի կառավարությանը` «Տիկնիկները հանուն խաղաղության և միջմշակութային երկխոսության» համաշխարհային երթ և տիկնիկային թատրոնների միջազգային փառատոն և համաժողով անցկացնելու համար: Հարցն ընդգրկված է կառավարության առաջիկա նիստի օրակարգի նախագծում:

Միջոցառումը, որ նախատեսվում է անցկացնել  2015 թ. ամառ-աշուն ժամանակահատվածում`  ՅՈՒՆԻՄԱ-ի 97 Ազգային կենտրոնների մասնակցությամբ` նվիրելով այն ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնադրման 70-ամյակին, հրամայական պահանջ է և հրատապ անհրաժեշտություն է դիտվում մի շարք երկրների կողմից` նկատի ունենալով, որ վերջին շրջանում ամբողջ աշխարհում և մեր տարածաշրջանում ահագնացել են բռնությունը և նրա քարոզը, ահաբեկչությունը, քաղաքակրթական, պատմական և մշակութային արժեքների անխնա ոչնչացումը, մարդկային հանրությունների դեմ իրականացվում են ցեղասպանական ոճրարարքներ՝ սպառնալիքի տակ դնելով էթնիկական, կրոնական և այլ խմբերի գոյությունը:

Հայաստանը «Տիկնիկները հանուն խաղաղության և միջմշակութային երկխոսության» համաշխարհային երթ անցկացնելու վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք է բերել   ապրիլի 19-27-ը Կուբայի Վարադերո քաղաքում՝ Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության Խորհրդի նիստի ժամանակ` ՀՀ պատվիրակության առաջարկությամբ և ՀՀ մշակույթի նախարարության համաձայնությամբ:

ՅՈՒՆԻՄԱ-ի անդամ բոլոր ազգային կենտրոնները երթն իրենց երկրներում անցկացնելու են տիկնիկային թատրոնների մեկշաբաթյա փառատոների տեսքով: Երթին մասնակից երկրների մայրաքաղաքներում փառատոներն ավարտվելու են հանդիսավոր արարողությամբ, որի ավարտին օդ են բարձրանալու մեծ օդապարիկներ, որոնց զամբյուղներում զետեղվելու են խաղաղության և բարեկամության, հանդուրժողականության և մշակույթների մերձեցման, ինչպես նաև պատերազմի քարոզը, բռնությունը, այլատյացությունը, ու խտրականության բոլոր ձևերը դատապարտող կարգախոսներ:

Ներկայացվող ծրագիրը Հայաստանի Հանրապետությունում «Տիկնիկներն հանուն խաղաղության և միջմշակութային երկխոսության» համաշխարհային երթի մեկնարկի /հանդիսավոր բացման/ և Տիկնիկային թատրոնների միջազգային փառատոնի ծրագիր է, որն անցկացվելու է մայրաքաղաք Երևանում, ՀՀ առաջին տիկնոջ հովանու ներքո:

Բացօթյա տոնախմբության ձևով անցկացվող արարողությունը բեմադրվելու է աշխարհի հինգ մայրցամքներից հրավիրված 5  լավագույն բեմադրիչների կողմից, այդ մայրցամաքների խորհրդանիշներով ձևավորված հինգ բեմահարթակների վրա, որտեղ մասնակցելու են նույն այդ մայրցամաքները ներկայացնող տիկնիկային արվեստի հանրաճանաչ գործիչները: Վերջիններս հանդես են գալու տարբեր տարածաշրջաններին բնորոշ տիկնիկային կերպարներով, որոնք միջոցառման հետագա ընթացքում ընդգրկվելու են խաղաղության ու բարեկամության թեմաներով տիկնիկային մեծ բեմադրության մեջ: Տարբեր տարածաշրջաններից բեմադիրչներ հրավիրելու և Հայաստանում համատեղ բեմադրություն իրականացնելու առաջարկն արվել է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի կողմից՝ 2012թ. սեպտեմբերին ՅՈՒՆԻՄԱ միջազգային կառույցի նախագահ Դադի Փուդումջիի հետ հանդիպման ժամանակ:

Տոնախմբության ընթացքում Հայաստանը` որպես համաշխարհային երթի նախաձեռնող և կազմակերպիչ, հանդես է գալու մեծ դիմակ-տիկնիկներով, երգուպարով, ազգային մշակույթը և տիկնիկային արվեստը ներկայացնող բեմականացմամբ: Մասնակիցների թվում են լինելու նաև Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները:
Տոնախմբության անցկացման ավարտամասում կտնկվի «Խաղաղության ծառը»՝ հինգ մայրցամաքներից բերված հողով և ջրով:

Հանդիսության մասնակիցներին բաժանվելու են համաշխարհային երթի խորագրով և կարգախոսներով թերթիկներ, որոնց վրա ցանկացողները ավելացնելու են իրենց բարեմաղթանքները: Միջոցառման ավարտին բոլոր այդ գրություններն ամփոփվելու են հինգ մայրցամաքները խորհրդանշող օդապարիկների զամբյուղներում: Հանդիսավոր երաժշտության հնչյունների ներքո օդապարիկները օդ են բարձրանալու՝ փառատոնի կարգախոսներն ու պատգամները իրենց հետ տանելով դեպի աշխարհի բոլոր անկյունները:

Հաջորդ օրվանից Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում սկսվելու է տիկնիկային թատրոնների մեկշաբաթյա փառատոնը: Վերջինիս օրերին անցկացվելու են բազմաբնույթ միջոցառումներ՝ տիկնիկային ներկայացումներ, տիկնիկային արվեստի վարպետության դասեր, կլոր սեղաններ, ինչպես նաև «Տիկնիկային արվեստը փոփոխվող աշխարհում. Մարտահրավերներ և հեռանկարներ» թեմայով կոնֆերանս:

Եզրափակիչ արարողությունը կայանալու է Փարիզում, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում:

Տարածել`
Share

You may also like...