Երևանյան 9-­րդ միջազգային երաժշտական փառատոնը14 համերգ կնվիրի երաժշտասերներին

Սիմֆոնիկ և կամերային երաժշտության տասնչորս համերգ` բազմաթիվ անվանի երաժիշտների մասնակցությամբ: Սեպտեմբերի 10­ից մեկնարկում է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո և Մշակույթի նախարարության աջակցությամբ անցկացվող Երևանյան 9­րդ միջազգային երաժշտական փառատոնը: Այն այս տարի նվիրված է իրադարձության կազմակերպիչ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 90­րդ հոբելյանին:

«Արմենպրես»­ի հետ զրույցում ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը տեղեկացրեց, որ երաժշտասերները շատ լավ փառատոնի ականատես կլինեն:

«Հենց բացման օրը ռուս ջութակահար Վադիմ Ռեպինն է նվագելու: Մասնակիցները մեկը մեկից ֆանտաստիկ երաժիշտներ են: Աշխարհի ամենամեծ դաշնակահարներից մեկին` Լեյֆ Ուվե­Անդսնեսին ենք կարողացել հրավիրել փառատոնի շրջանակներում: Փառատոնի մասնակիցներից Բարրի Դուգլասը ևս շատ հայտնի դաշնակահար է: Մեծագույն ջութակահար Ակիկո Սուվանքայն է գալու մեր երկիր, ինչպես նաև ճանաչված թավջութակահար Քսավիեր Ֆիլիպսը: Բացի այդ, Հայաստան կժամանի հանրահայտ ալտահար Քիմ Քաշքաշյանը»,­նշեց Էդուարդ Թոփչյանը:

Անդրադառնալով Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախամբի 90­րդ հոբելյանին, մաեստրո Թոփչյանը նշեց, որ քանի որ այն համընկել է Հայոց ցեղասպանության 100­րդ տարելիցի հետ, իրենք չեն ցանկացել, որ տարին շատ տոնական դառնա: «Կունենանք մեծ համերգներ, որոնք նվիրված կլինեն 90­ամյա հոբելյանին: Կարևոր և ուրախ տարեթիվը մեզ համար այս տարի երկրորդ պլան մղվեց: Կարծում եմ` շատ բնական է ու ճիշտ»,­հավելեց Էդուարդ Թոփչյանը:

Փառատոնային հյուրերի թվում են նաև դաշնակահարներ Ֆրանսուա­Ֆրեդերի Գին (Ֆրանսիա), Մարիաննա Շիրինյանը (Դանիա), կլարներտահար Վենցել Ֆուխսը (Գերմանիա), ջութակահարներ Իդա և Անի Կավաֆյանները (ԱՄՆ), Լևոն Չիլինկիրյանը (Մեծ Բրիտանիա), Անուշ Նիկողոսյանը (Հայաստան), Բորոդին քառյակը, դիրիժորներ Քրիստոֆ Պոպպենը (Գերմանիա), Պիեր Կառլո Օրիցիոն (Իտալիա) ֆլեյտահար Մասսիմո Մերչելին (Իտալիա) և այլք: Փառատոնի գեղարվեստական ղեկավարներն են Էդուարդ Թոփչյանը և Ալեքսանդր Չաուշյանը:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Երևանյան 9-­րդ միջազգային երաժշտական փառատոնը14 համերգ կնվիրի երաժշտասերներին”

Leave a Reply

Your email address will not be published.