«Երևանյան թմբուկներ»-ի 10-ամյա հոբելյանին նվիրված տոնական քայլերթ

«Երևանյան թմբուկներ» թմբկահարուհիների խմբի 10-ամյա հոբելյանին նվիրված տոնական քայլերթ տեղի կունենա հոկտեմբերի 11-ին ժամը 18:00-ին Հանրապետության հրապարակից կմեկնարկի «Երևանյան թմբուկներ» թմբկահարուհիների խմբի տոնական մեգա քայլերթը՝ նվիրված խմբի 10-ամյա հոբելյանին:
«Երևանյան թմբուկներ» խմբի թմբկահարուհիները քայլերթով կանցնեն Երևանի փոքր կենտրոնի փողոցներով և պուրակներով: Տոնական քայլերթի մեկնարկը կտրվի 18։00-ին Հանրապետության հրապարակից և կանցնի Հյուսիսային պողոտայով, Սայաթ-Նովա փողոցով, Մաշտոցի պողոտայով, Գաֆէսճեան արվեստի կենտրոնի պուրակով, Սարյան փողոցով և ժամը 19։00 կավարտվի «Նոր Երևան» այգում։ Նշված երթուղով քայլերթային նվագը իրականացվելու է մայթերով, ինչպես նաև երևանցիները հնարավորություն կունենան դիտելու խմբի ելույթները յուրօրինակ շարանցումների տեսքով (դեֆիլե):
«Երևանյան թմբուկներ» թմկահարուհիների խումբն իր առաջին ելույթով հանդես է եկել 2009թ․ հոկտեմբերի 11-ին «Էրեբունի-Երևան 2791» տոնակատարության շրջանակում: Իր 10-ամյա հոբելյանի կապակցությամբ խմբի համար հատկանշական է հանդես գալ մեծ տոնական քայլերով հենց խմբի հիմնադրման օրը և նվիրել քայլերթը երևանցիներին ու Երևան քաղաքին:
«Երևանյան թմբուկներ» թմկահարուհիների խումբն արդեն 10 տարի է մասնակցում է Հայաստանի Հանրապետությունում անցկացվող կարևոր պետական միջոցառումներին և գլխավորում է տոնական քայլերթերը: Այն իր ձևաչափով միակն է տարածաշրջանում: Ներկայումս խմբի կոլեկտիվը բաղկացած է թվով 15 թմբկահարուհիներից և 3 դրոշակակրից: Խմբի հիմնադրի և տնօրենի՝ Պավել Սարգսյանի ջանքերի շնորհիվ թմբկահարների նվագախմբի մշակույթը զարգանում է նաև Հայաստանում: Վերջին տարիներին խումբը մեծ հաջողություններ է գրանցել արտերկրում՝ մասնակցելով բազմաթիվ փառատոների, կարևոր միջազգային միջոցառումների և Հայաստանը ներկայացնող ծրագրերի։
2019 թվականի ապրիլին «Երևանյան թմբուկներ» խումբը գլխավորել է Լոս Անջելեսում տեղի ունեցող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ամենամյա քայլարշավ-բողոքի ակցիան:
2019 թվականի փետրվարին «Երևանյան թմբուկներ» խումբը ՀՀ ԶՈՒ ԳՇ նվագախմբի և պատվո պահակային վաշտի հետ համատեղ ելույթ է ունեցել «IDEX 2019» զենքի և ռազմաարդյունաբերության միջազգային ցուցահանդեսին, որն անց է կացվում Միացյալ Արաբական Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում:
2018 թվականին տեցի է ունեցել խմբի եվրոպական շրջագայությունը՝ նվիրված Երևանի 2800-ամյա և Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյա հոբելյաններին։ Խումբը հանդես է եկել ելույթներով և քայլերթերով Հունաստանի մայրաքաղաք Աթենքում, Իտալիայի Միլան քաղաքում, Ֆրանսիայի Լիոն, Վյեն և Փարիզ քաղաքներում, ինչպես նաև Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում։
2018 թվականին խումբը մասնակցել է Հունաստանի մայրաքաղաք Աթենքում անցկացվող «Ամֆիոնիա» միջազգային զինվորական-երաժշտական փառատոնին:
2014 և 2017 թվականներին Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայի Կարմիր հրապարակում խումբը մասնակցել է «Սպասսկայա Բաշնյա» միջազգային զիվորական-երաժշտական փառատոնին:
2015 թվականին Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում խումբը մասնակցել է Հարվածային գործիքների միջազգային փառատոնին:
Կից ներկայացնում ենք հոկտեմբերի 11-ին կայանալիք տոնական մեգա քայլերթի երթուղու ժամանակացույցը՝
Ժամը 18:00 – Հանրապետության հրապարակ
Ժամը 18:10 – Հյուսիսային պողոտա
Ժամը 18:20 – Ազատության հրապարակ
Ժամը 18:40 – Գաֆէսճեան արվեստի կենտրոնի պուրակ (Կասկադ)
Ժամը 19:00 – «Նոր Երևան» այգի (Արամի փ.)
- Previous Ես ծնվել եմ պարելու համար. Նունե Մկրտչյան
- Next Ջիվան Ավետիսյանի նոր ֆիլմը պատմում է Ալեքսանդր Լապշինի մասին