Երևանի տոնին մասնակցող էստարադային երգիչ-երգչուհիների հոնորարը կկազմի 100-150 հազար դրամ

«Էրեբունի-Երեւան-2797» տոնակատարությունների ժամանակ էստրադային երգիչ-երգչուհիներին տրամադրվելու է միջինը 100-150 հազար։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 30-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երեւանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը։

«Խմբերի դեպքում 200-300 հազար դրամ է հոնորարը։ Կան մարդիկ, որոնք հրաժարվում են գումարից եւ անվճար են մասնակցում»,- ասաց Արամ Սուքիասյանը։

Մեր հարցին, թե ինչքան գումար է հատկացվելու հրավառության համար, Երեւանի փոխքաղաքապետը պատասխանեց. «Ինչպես նախորդ տարիներին, սովորական հրավառություն է լինելու։ Մեր ժողովուրդը սիրում է հրավառություն, նույնիսկ մարդիկ զանգում եւ հարցնում են, թե որ ժամին է լինելու հրավառությունը»։

Նշենք, որ Երեւանի ավագանին 130 մլն դրամ է հատկացրել տոնակատարությունների համար, եւս 30 մլն դրամ նվիրատվություններ են արվել։

Հիշեցնենք, որ օրեր առաջ նախաձեռնություն էր ստեղծվել, որը պահանջում էր տոնակատարությունների բյուջեն տրամադրել սահմանամերձ գյուղերին։ Սակայն քաղաքապետարանը հրաժարվել էր չեղյալ հայտարարել միջոցառումները։ Երեւանի տոնն այս տարի նշվելու է հոկտեմբերի 10-11-ին։

Տարածել`
Share

You may also like...