Երևանի ավագ դպրոցներում Արգենտինական տանգոյի մրցաշար կկազմակերպվի

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը եւ ՀՀ-ում Արգենտինայի դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան այսօր՝ նոյեմբերի 12-ին, ստորագրել են փոխըմբռնման հուշագիր` Երեւանի ավագ դպրոցներում տանգոյի մրցաշար կազմակերպելու մասին:

ԿԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ըստ Արմեն Աշոտյանի` երկու երկրների միջեւ համագործակցությունը մեկնարկել է համեմեմատաբար փոքր, բայց կոնկրետ գործողություններով: «Հիմք ընդունելով երկու երկրների միջեւ առկա հարաբերությունները եւ ցանկանալով ամրապնդել համագործակցությունը Հայաստանի եւ Արգենտինայի ժողովուրդների միջեւ` հղացավ այս նախաձեռնությունը` արգենտինական բրենդերից մեկի` տանգոյի աշակերտական մրցաշարի անցկացումը Երեւանի մի շարք ավագ դպրոցներում: Մրցաշարի նպատակն է` հայ երիտասարդներին ծանոթացնել Արգենտինային եւ նրա մշակույթին, նպաստել Արգենտինայի վերաբերյալ ընդհանուր հետաքրքրությունների զարգացմանը Հայաստանի դպրոցականների շրջանում: Վստահ եմ, որ այս հաջողակ ծրագրի մեկնարկին կհետեւեն նոր նախաձեռնություններ` հաշվի առնելով ջերմ եւ ավանդական հարաբերությունները երկու ժողովուրդների միջեւ»,-նշել է Արմեն Աշոտյանը:

Դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան, կարեւորելով երկու երկրների կառավարությունների միջեւ համագործակցությունը, իր հերթին նշել է, որ այս նախաձեռնությունը փոքր քայլ է մեծ համագործակցության ճանապարհին:

Նշենք, որ հուշագրի համաձայն` կողմերը տանգոյի դասընթացներ կկազմակերպեն Երեւանի ավագ դպրոցների աշակերտներից կազմված 22 զույգի համար: Արգենտինայի դեսպանությունը կտրամադրի տանգոյի դասընթացների պարուսույց բոլոր մասնակիցների համար: Մրցաշարի ժյուրին կազմված կլինի ՀՀ կրթության եւ գիտության նախարարության եւ ՀՀ-ում Արգենտինայի դեսպանության ներկայացուցիչներից: Մրցաշարի եզրափակիչ փուլը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին: Առաջին մրցանակի համար սահմանված են տանգոյի անվճար դասընթացներ: Երեք հաղթող զույգերը կստանան արգենտինական հուշանվերներ, ինչպես նաեւ պատվոգրեր եւ շնորհակալագրեր:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Երևանի ավագ դպրոցներում Արգենտինական տանգոյի մրցաշար կկազմակերպվի”

Leave a Reply

Your email address will not be published.