Երվանդ Քոչարի թանգարանն օնլայն նյութերով շարունակում է հանրահռչակել արվեստագետի ժառանգությունը

Երվանդ Քոչարի թանգարանը համավարակային մեկուսացման օրերին բազմազան ծրագրեր է իրականացնում վիրտուալ տիրույթում, որոնք հնարավորություն են տալիս ծանոթանալ ոչ միայն Քոչարի թողած հարուստ մշակութային ժառանգությանը, այլև ճանաչել օտարազգի մեծերի ստեղծագործությունները:

 

«Մենք ակցենտավորում ենք Քոչարի արվեստի հանրահռչակումը, բայց երբեմն ներկայացնում ենք որոշ հրապարակումներ, որոնք առհասարակ ուղղված են մեր հետևորդների ընդհանուր գեղագիտական մակարդակի բարձրացմանը: Այդ նպատակով նախաձեռնել էինք «Արվեստը համաճարակների օրերին»  ծրագիրը, որի շրջանակում ներկայացրել ենք, թե մարդկության պատմության ընթացքում ինչպիսի ստեղծագործություններ են ծնվել համաճարակների օրերին: Իսկ ապրիլի 24-ին ընդառաջ համահայկական ծրագիր առաջարկեցինք՝ փորձելով համախմբել հայությանը:

Այն կոչվում էր «Մեր մեծերի պատգամները»: Դա փորձ էր այս օրերին ոգեշնչել մարդկանց, տեղ հասցնել ոչ միայն հայ, այլև օտարազգի մտավորականների ուղերձներն ուղղված Հայաստանին»,-այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում պատմել է  թանգարանի տնօրեն Կարինե Քոչարը:

Ներկայացրել են արվեստաբանական միտքը Քոչարի մասին, հուշեր Քոչարի մասին, Քոչարի հուշերն իր ժամանակակիցների կամ նրա համար արժևորված մարդկանց մասին հրապարակումները:

Կարինե Քոչարը տեղեկացրեց, որ վիրտուալ տիրույթում ծավալած գործունեության ընթացքում թանգարանի հետևորդների քանակն ավելացել է: Նա  թանգարանի անունից շնորհակալություն հայտնեց  բոլոր հետևորդներին, Քոչարի արվեստի երկրպագուներին, և բոլոր արվեստասերներին՝ թանգարանի էջին հետևելու, հավանումներով և կիսումներով ոգևորելու և Քոչարի արվեստը հնարավորինս աշխարհով մեկ տարածելու համար:
«Դուք օգնում եք պահպանել և տարածել այն համամարդկային ու ազգային արժեքներն ու սկզբունքները, որոնք պատգամել է մեզ մաեստրո Քոչարը: Շնորհակալություն բոլորիդ և յուրաքանչյուրդ»,- եզրափակեց նա:

Նորկայացնում ենք Երվանդ Քոչարի մասին պատմող վավերագրական ֆիլմը:

Տարածել`
Share

You may also like...