…Երջանիկ եմ, որ ավարտեցի այս հիանալի երգը՝ Սերժ Թանկյան

.panarmenian.net-ը գրում է՝

System of a Down խմբի մենակատար, հայտնի երաժիշտ և երագահան Սերժ Թանկյանը հայտարարել է, որ ավարտել է աշխատանքը Հայոց ցեղասպանութան մասին «Խոստում» ֆիլմի համար երգի վրա:

«Շատ երջանիկ եմ, որ ավարտեցի այս հիանալի երգը, որի վրա Authentic Light Orchestra-ից իմ ընկերների հետ աշխատել եմ «Խոստում» ֆիլմի համար»,-գրել է Թանկյանն իր Ինսթագրամում:

Ֆիլմի նկարահանման աշխատանքները ֆինանսավորում են 2015-ի հունիսին մահացած ամերիկահայ գործարար և բարերար Քըրք Քըրքորյանի միջոցներով: Այն պատմում է սիրային եռանկյունու մասին` իրադարձությունները տեղի են ունենում Ցեղասպանության տարիներին:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ֆիլմի պրեմիերան կկայանա 2016 թվականի դեկտեմբերին:

Կինոկտավի ռեժիսորն է 2012 թվականին լավագույն կարճամետրաժ ֆիլմի համար «Օսկարի» արժանացած և Ռուանդայի ցեղասպանության մասին պատմող «Հոթել Ռուանդա» ֆիլմի հեղինակ Թերի Ջորջը: Դերասանների թվում են Քրիսթիան Բեյլն, Օսկար Այզեքը, Ջեյմս Քրոմվելն ու Ժան Ռենոն:

Ֆիլմը նկարահանում է Survival Pictures կինոընկերությունը, որը ղեկավարում են Էրիկ Էսրաիլյանը և Էնթոնի Մանդեկիչը: Քրքրոյանի Tracinda Corporation-ը ֆինանսավորում է կինոընկերությանը` ինչպես այս, այնպես էլ մյուս կինոնախագծերի դեպքում: Քըրքորյանի իրավաբան Պատրիշա Գլեյզերը պատմել է, որ Survival Pictures-ը ծնվել է գործարարի անհագ ցանկությունից` պատմել ու ներկայացնել ոգեշնչող մարդկային պատմություններ ամբողջ աշխարհի հանդիսատեսին: Նա ասել է նաև, որ Քըրքորյանը շատ վաղուց երազում էր անձամբ մասնակցել ֆիլմի ստեղծման և դերասանական կազմի ընտրության աշխատանքներին:

Գլեյզերի բնորոշմամբ՝ «Խոստումը» լինելու է հոյակապ սիրային պատմություն, ինչպես նաև` առաջամարտիկ՝ մարդու իրավունքների ասպարեզում:

Տարածել`
Share

You may also like...