Երկրի վիճակից մարդու հավեսը փախել է. Վարդան Բադալյան

armlur.am-ը գրում է՝

Երգիչ Վարդան Բադալյանի համար այս ամառն ամենեւին էլ բուռն ստեղծագործական մթնոլորտում չի անցնում: Նա «Ժողովուրդ»-ին պատմեց, որ պասիվանալու պատճառը տրամադրության անկումն է. «Երկրի վիճակից մարդու հավեսը փախել է»,-դժգոհեց երգիչը: Այնուամենայնիվ, կան նոր երգեր, որոնք առաջիկայում կթողարկվեն: Դրանցից մեկը, օրինակ, Ղարաբաղի մասին է, այն Վարդանի համար գրել է Արա Գեւորգյանը` բանաստեղծ Հրաչյա Բեգլարյանի խոսքերի հիման վրա:

Վարդանն այժմ իր ուշադրության կենտրոնում է պահում ժողովրդական, գուսանական հին երգերը: Եթե շատ երգիչ-երգչուհիներ էկրաններից անորակ արտադրանք մատուցելու միտումը պատճառաբանում են համապատասխան պահանջարկի առկայությամբ, ապա Վարդանը, կարծես, գտել է արժեքավորը կոմերցիոնից զատելու ելքը. «Էկրանին երեւալու համար ես ընտրել եմ աշուղական, գուսանական երգերը, իսկ ահա կոորպորատիվների համար ունեմ այլ ժանրի երգեր, որոնք կատարում եմ, օրինակ` ռեստորաններում: Բայց եթե հեռուստացույցը միացնում ես, եւ ռեստորանն «այցելում է» ձեր տուն, դա արդեն շատ վատ է, ես դրան կողմնակից չեմ»,-մեկնաբանեց նա:

Վարդանի համոզմամբ` որակյալ երաժշտություն մատուցելու համար ելք միշտ էլ կա. «Պարզ է, որ լավ երգը քչերն են սիրում, բայց երգիչը հնարավորություն ունի ընտրելու այդ քչերին: Ես ոչ ոքի չեմ մեղադրում, ամեն մեկն իր նպատակն ունի, բայց ո՞նց կարող ենք մենք ունենալ Կոմիտաս, եւ թուրքից բան գողանանք. դա ամոթ է»,-ասաց նա: Ի դեպ, Վարդանը վերջերս է վերադարձել Ստամբուլում եւ Սանկտ-Պետերբուրգում կայացած հյուրախաղերից: Ինչ վերաբերում է Հայաստանում համերգ ունենալուն, նա նկատեց. «Համերգային դաշտում նախկին ակտիվությունը մեզ մոտ այլեւս չկա: Երկրի սոցիալ-քաղաքական խառը վիճակն անմիջականորեն ազդում է այդ դաշտի գործունեության վրա»:

Ամեն դեպքում, Վարդանը պատմեց, որ դեռեւս ապրիլին մտադիր է եղել Ստեփանակերտում հանդես գալ մենահամերգով, սակայն ապրիլյան պատերազմը խառնել է բոլոր պլանները, եւ համերգն անորոշ ժամանակով հետաձգվել է:

Իրադարձությունների բարենպաստ զարգացման դեպքում չի բացառվում, որ այն կայանա աշնանը:

 

Զրուցեց՝ Աննա Բաբաջանյանը

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed