«Երկրաշարժ» ֆիլմի հայերեն տարբերակը վարձույթի կհանվի նոյեմբերին

artsakhpress.am-ը գրում է՝

Ռուսական ֆիլմերի շաբաթվա ընթացքում Գյումրիում տեղի ունեցավ Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմի փակ ցուցադրությունը` ռուսերեն տարբերակով:

Ֆիլմի հայերեն տարբերակը  վարձույթի կհանվի նոյեմբերին։ «Կարծում եմ` հայ հանդիսատեսի համար ավելի հետաքրքիր կլինիավելի կոլորիտային` հայերեն տարբերակը»,- հայտնեց «Շարմ հոլդինգ»-ի գլխավոր տնօրեն Կարեն Ղազարյանը:

Ֆիլմի պրոդյուսեր Արամ Մովսիսյանը հանդիպման ժամանակ փաստեց՝ «Այս ցուցադրումը Գյումրիում շատ կարևոր է, հատկապես, որ սա առաջին մեծ փակ ցուցադրությունն է  ֆիլմի:«Ֆիլմը շատ ծանր է, գիտեք՝ շատ ցավոտ թեմա է հայերի համար, բայց կարծում եմ՝նաև շատ հետաքրքիր է նախկին ԽՍՀՄ  բոլոր մարդկանց համար, քանի որ այս աղետըայն միակ վերջինը կարելի է համարել, որից հետո նախկին ԽՍՀՄ բոլոր մարդիկ միասինինչոր լավ բան արեցին, դրանից հետո բոլորը հեռացան»,- նշեց Արամ Մովսիսյանը:

«Երկրաշարժ» ֆիլմը պատմում է 1988-ի դեկտեմբերի 7-ի Սպիտակի աղետալի երկրաշարժի մասին: Ֆիլմում բնական աղետի ֆոնին ծավալվում է երկու հերոսների` 45-ամյա Կոնստանտին Բերեժնոյի և 20-ամյա Ռոբերտ Մելքոնյանի պատմությունը։ Ճակատագրի դիպվածով` սա նրանց առաջին հանդիպումը չէ. տարիներ առաջ Բերեժնոյի մեղքով Ռոբերտի ծնողները զոհվել էին ավտովթարից։ Կոնստանտինը մի քանի տարի անցկացրել է բանտում, իսկ փոքրիկ Ռոբերտին ապաստան են տվել ազգականները։ Բերեժնոյը վերադառնում է իր ընտանիքի մոտ հենց սարսափելի երկրաշարժի օրը. նրան սպասում են կինը, աղջիկը, որդին և Ռոբերտը, որն այդպես էլ չի ներել նրան։ Ճակատագրի հեգնանքով հերոսները հայտնվում են նույն փրկարարական ջոկատում:

Ֆիլմի ավարտին հանդիսատեսը դահլիճից հեռացավ լուռ արտասվելով: «Ֆիլմը շատ ծանր էր, հատկապես նրանց համար, ովքեր ապրել են այդ ամենը, իրենց սեփական մաշկի վրա զգացել աղետի դառնությունը: Չեմ կարող ասել՝ Գյումրիում մարդիկ կդիմանան մեկ անգամ ևս այս դառնությանը: Ինքս շատ տպավորված եմ, բայց  պետք է, որ մարդիկ իմանան, ինչ է կատարվել տարիներ առաջ ու ինչ փորձություն է հաղթահարել այս քաղաքը: Նաև հուզված եմ՝ պետք է հիշել, թե ինչքան երկրներ օգնեցին, որպեսզի մարդիկ ոտքի կանգնեն  ու կյանքը շարունակեն»,- նշեց Լիանա Եֆրեմյանը, ում խոսքին միացան նաև շատ հանդիսատեսներ:

Դիտման ընթացքում եղան նաև մարդիկ, ովքեր, չդիմանալով այդ ապրումներին, լքեցին դահլիճը, ինչը խոսում է ֆիլմի իրականին շատ մոտ լինելու մասին: Տեխնիկական հնարքներն ու գրաֆիկան ավելի ցայտուն էին դարձրել ցնցումների ու շենքերի փլման  պահը, թեև երբեմն ըստ ականատեսների, տարբերություն կար,  բայց սյուժեն հենց այն էր, ինչի հանդիպել են երկրաշարժը վերապրածները. այդ ամենը հրաշալի կերպով արտահայտված էր դերասանական խաղով:

Երկրաշարժ տեսած քաղաքում երկրաշարժի մասին ֆիլմը դիտեցին լուռ ու արցունքներով, իսկ ֆիլմի ավարտին բոլոր մեկ մարդու պես 1 րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:

Հայկական կինոակադեմիան Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմն այս տարի հայտավորել է ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխությանը` «Տարվա լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում:

Տարածել`
Share

You may also like...