Երկնքում են մեռնում արծիվները. Վ. Պետրոսյան

Ինչպե՞ս ապրեց…
Ո՞վ կպատմի, թե ինչ էր անում և խորհում նա վերջին պահին: Ոչ ոք:
Ո՞վ լսեց նրա վերջին բառերը, վերջին անգամ ո՞վ տեսավ նրա սատանայական աչքերի երկաթե փայլը: Ոչ ոք:
Ո՞վ կարող է կռահել, թե ինչ պատկերներ էին նրա հոգում, մո՞րը հիշեց արդյոք, սիրած աղջկա՞ն, Երևանի ծաղիկնե՞րը, որ հուլիսին կանաչ են ու ցնորք, թե՞ պայծառ, անհնարին կապույտ մի երկինք տեսավ, որտեղով թռչում էին արծիվները:
Վերջին պահին նրա հետ էր միայն պղնձե բարեկամը՝ շեփորը, որ լուռ էր, սսկված և հետո էլ այրվեց հրդեհներում նրա ջահել սրտի հետ, այրվեց, հալվեց, դառավ հեղուկ պղինձ և ոսկով ու տխրությամբ լցրեց հայրենի հողը: Ո՞վ կգտնի այդ հալված պղինձը, կհավաքի հողի հատիկների միջից, նորից շեփոր կձուլի, որ նա պատմի վերջին վայրկյանների ողբերգությունը: Ոչ ոք:
Ուրեմն, լռենք, չհորինենք:
Մանավանդ որ դրա կարիքը չկա: Մենք չգիտենք, թե ինչ էր մտածում վերջին վայրկյանին Արտյուշան, բայց մենք գիտենք նրա կյանքը՝ մինչև այդ վայրկյանը: Տասնչորս տարեկանից նա բարձրանում էր դեպի երկինք տանող սանդուղքով, որի մի ծայրը ամպերին էր հենված: Նա գիտեր դա ու բարձրանում էր. դրա համար էլ՝ վերջին վայրկյանին նա երբեք էլ երևի չմտածեց, թե դա վերջին վայրկյանն էր: Դա նրա կյանքի հերթական վայրկյանն էր, որ նա ապրեց սովորականի պես, տղամարդավարի: Հասկացա՞վ նա, որ մեռնում է: Իհարկե: Հասկացա՞վ, որ երկնքի գույնը վերջին անգամ է տեսնում: Իհարկե: Ճչա՞ց սիրտը ահավոր ցավից, կյանքի կարոտից: Իհարկե:

Վարդգես Պետրոսյան. «Երկնքում են մեռնում արծիվները» վավերագրական պատմվածքից:

«Գարուն», 1967, N 7

Տարածել`
Share

You may also like...