Երիտասարդ գեղանկարիչների մրցույթով մեկնարկեց Սուրբ Սարգսի տոնին նվիրված փառատոնը

«Անկեղծ ասած՝ նման մրցույթներ չեմ սիրում, որովհետև արվեստի բնագավառի մարդկանց միջև մրցակցությունը չեմ ընդունում, բայց ուսուցչուհիս՝ ընկեր Անահիտը, խորհուրդ տվեց, ու թեման էլ ինձ շատ հարազատ է»:
Երևանի Ավետ Տերտերյանի անվան արվեստի դպրոցի սան Արմինե Խուրշուդյանը մեկն է այն երեսուն երիտասարդ նկարիչներից, որոնք Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ճեմասրահում փետրվարի 7- 11-ը կստեղծագործեն Սուրբ Սարգսի տոնի մոտիվներով: ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնած փառատոնն իրականացնում է Հայաստանի պետական ֆիլհարմոնիան:

Фото ՀՀ մշակույթի նախարարություն/ Ministry of Culture of the Republic of Armenia.
Երիտասարդ նկարիչներին մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը մաղթեց, որ մրցութային օրերը նրանց համար դառնան հետաքրքրիր ու նշանակալի, ամրապնդեն սերը միմյանց, հայրենիքի ու սիրած գործի հանդեպ. «Արշիլ Գորկի, Սարյան, Այվազովսկի…, հայ մեծանուն նկարիչների այս ցանկը թող լինի շարունակելի ու շարունակվի հենց ձեզնով»:

Фото ՀՀ մշակույթի նախարարություն/ Ministry of Culture of the Republic of Armenia.
Երևանի Սուրբ Զորավոր եկեղեցու հոգևոր սպասավոր տեր Վահան քահանա Առաքելյանը մրցույթի մասնակիցներին փոխանցեց Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հայրական օրհնությունը, իսկ Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Գագիկ Մանասյանը տեղեկացրեց.
« Սուրբ Սարգսի տոնին նվիրված փառատոնն ընդգրկում է մշակույթի գրեթե բոլոր բնագավառները: Փառատոնին մասնակցում են Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունները: Փետրվարի 11-ին Հյուսիսային պողոտայում տեղի կունենա համերգ, որտեղ նրանք կներկայանան իրենց տարազներով, մշակութային առանձնահատկություններով: Միջոցառումներ կկազմակերպվեն Գյումրիում, Վանաձորում: Ամեն ինչ՝ միայն սիրո թեմայի շրջանակներում: Բազմաբովանդակ ծրագրի նպատակն է ավելի ժողովրդական դարձնել Սուրբ Սարգսին նվիրված սիրո տոնը»,-ասաց Մանասյանը:

Фото ՀՀ մշակույթի նախարարություն/ Ministry of Culture of the Republic of Armenia.

Սիրո թեմատիկայով կազմակերպված գեղանկարչական աշխատանքների մրցույթի համար սահմանվել է երեք մրցանակ (150 հազար, 100 հազար և 50 հազար դրամ)։
Մրցույթի արդյունքը կամփոփվի փետրվարի 11-ին, երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի հիշատակության օրը:

Фото ՀՀ մշակույթի նախարարություն/ Ministry of Culture of the Republic of Armenia.

 Հեղինակ` Ալիսա Գևորգյան

Տարածել`
Share

You may also like...