Երեք սպիտակ կալաներ

Բոլոր քեզ հետ անցկացրած առավոտների պես արթնացա շատ ուրախ… Ինչ սկսել էինք միասին ապրել, դու իմ յուրաքնաչյուր օրն ուրախ էիր սկսում: Առավոտյան, մինչ իմ արթնանալը, դու ամեն բան նախապես էիր անում, որ ժպիտով արթնանամ: Գիտեի, երբ աչքերս բացեմ, դու կողքիս չէիր լինելու, բայց մահճակալիս կողքին՝ ծաղկամանի մեջ դրված երեք սպիտակ կալաներն ինձ հուշում էին, որ մի քանի րոպե ևս, և ես սուրճի բույրն եմ զգալու, որն ամբողջովին տարածվում էր մեր սենյակում: Ես երբեք նրա համն ու հոտը այդպես չեմ զգացել, ինչպես քեզ հետ, բայց այն ավելի համեղ ու բուրավետ էր դառնում քո՝ «բարի լույս, իմ սեր» խոսքերի ներքո: Մտնում էիր սենյակ՝ սուրճի երկու գավաթները ձեռքերումդ ամուր պահած: Ոչ մի ավել շարժում չէիր անում, որ հանկարծ սուրճը չթափվի (գիտեիր՝ չեմ սիրում): Միայն սուրճն ինձ փոխանցելուց հետո՝ զգում էի քո համբույրն ու սիրալիր խոսքերը: Եվ միասին վայելում էինք առավոտյան սուրճը: Ինչպես դու էիր սիրում, քեզ պատմում էի իմ կարդացած գրքերից գեղեցիկ հատվածներ: Այնուհետև, քո իսկ պարգևած գեղեցիկ ժպիտով՝ քեզ ճանապարհում էի աշխատանքի՝ անհամբեր սպասելով վերադարձիդ: Իսկ այդ ժպիտը օրվա ընթացքում դեմքիցս չէր հեռանում՝ տեսնելով ծաղկամանի մեջ դրված իմ սիրելի երեք սպիտակ կալաները, իսկ օդում պահպանված՝ քո պատրաստած սուրճի բույրն ինձ ուղղակի խենթացնում էր:

Այսպես՝ շարունակվեց երկու տարի և յոթ ամիս: Մինչև որ մի օր մեր կյանքի բնականոն հունը փոխվեց: Մեր վերջին առավոտն էլ այդպես սկսվեց՝ իմ սիրելի երեք սպիտակ կալաներով, միայն այլևս հաջորդը չեկավ… Քեզ ճանապարհելուց քառասունհինգ րոպե հետո, երբ դեռ վայելում էի սուրճի բույրը, հեռախոսիս զանգի ձայնը լսեցի: Ժպտացի. դու էիր: Բայց նույն վայրկյանին ժպիտը դեմքիս վրա սառեց. դու չէիր, դա քո ձայնը չէր: Բայց ի՞նչ էր ասում այդ անծանոթ, օտար ձայնը: Ես վախից քարացել էի, ձայնս դողում էր, բառ անգամ չկարողացա արտաբերել: Լսափողն ընկավ: Ուշագնաց եղա: Սթափվելուն պես՝ ինձ վրա սևեռված հայացքներ տեսա: Օտար ձայների մեջ քոնն էի փնտրում, ու ականջիս մեջ նորից լսվեց հեռախոսի մեջից խոսացող այն օտար տղամարդու ձայնը՝ «Ձեր ամուսինը ավտովթարից մահացել է»…

Հիմա էլ բոլոր առավոտներս իրար նման են: Երբ արթնանում եմ, տեսնում եմ՝ կողքիս չես: Միայն հիմա մահճակալիս կողքին դրված ծաղկամանը դատարկ է: Յուրաքանչյուր առավոտվա պես նրա մեջ չկան իմ սիրելի երեք սպիտակ կալաները, իսկ օդում սուրճի բույրն այլևս չի տարածվում…

 

Հեղինակ՝  Արուսիկ Քանդիկյան

Նյութի աղբյուրը` Yelaket.am

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed